«Եթե զինված ուժերում առանձնացնենք 3 կարեւոր խնդիրներ, դրանցից մեկը հաստատ զինծառայողների բնակարանային ապահովության հարցն է»,- այսօր «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի զինծառայողների իրավունքների պաշտպանության բաժնի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նոր նախագիծ է ներկայացրել ու առաջարկվում է սահմանել, որ պայմանագրային զինծառայողները ծառայության վայրում բնակարանային կարիք ունենալու դեպքում պետք է ապահովվեն ծառայողական բնակարաններով՝ չներկայացնելով այլեւս բնակարանի վարձակալության պայմանագիր, որը խնդրահարույց էր:
Ինչպես ասաց Թագուհի Թովմասյանը, զինծառայողները ստիպված դառնում են հանցագործ, բնակարանների սեփականատերերը չեն կնքում վարձակալության պայմանագրեր, որ հարկ չտան, իրենք էլ ստիպված այլ տեղերից, որտեղ չեն բնակվում, պայմանագիր են բերում, ինչ է թե կառավարության բնակարանային փոխհատուցումը ստանան: 81 զինծառայողի նկատմամբ քրգործ կա հարուցված:
Կարդացեք նաև
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետի տեղական Ժիրայր Զեյնալյանը վերջին 3 տարիների տվյալները ներկայացրեց. «2019-ին ընդամենը ունեցել ենք 9 քրեական գործ, որից մեկը գնացել է դատարան, մյուսի վարույթը կարճվել է: 2020-ին՝ 21 քրգործ, որից 4-ը դատարան է գնացել, 17-ով վարույթը կարճվել է: 2021-ին 44 քրգործ ունենք, որից 7-ով վարույթը կարճվել է, 37-ը նախաքննության ընթացքում է: Այսինքն, 6%-ն է ընդամենը դատարան գնացել»:
Քննչական կոմիտեից խնդիր էին տեսնում նախագծի այն ձեւակերպման հետ, ըստ որի առաջարկվում է, որ օրենքը հետադարձ ուժ ունենա 2012-ից սկսած: Սա, ըստ նրանց, խառնաշփոթ կառաջացնի, որովհետեւ դատարան գնացած գործեր կան, որոնց արդյունքում արդեն գումար են մուտքագրել պետբյուջե ու փաստորեն պիտի 2012-ից նորից սկսեն հաշվառել, թե ով ինչքան է վճարել, վերադարձնեն: Սա ֆինանսական բեռ կառաջացնի: Ուստի ՔԿ-ից առաջարկում էին, որ նախագիծն ընդունելու դեպքում այն սկսի գործել արդեն իսկ քննվող գործերի համար:
Թագուհի Թովմասյանն ասաց, որ զինծառայողները կարող են չվարձակալել բնակարան, իրենց բարեկամի տանը ապրեն, բայց դա չի նշանակում, որ պետությունը նրանց որպես հանցագործ պետք է դիտարկի, փոխհատուցումը բնակարանի համար պետք է այնուամենայնիվ տրվի. «Ինչպես կծախսի, թող ինքը որոշի»:
ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանն ասաց, որ իրենք մշակել են խնդրի լուծման համար նախագիծ ու առաջարկում են փոխհատուցումը տալ հավելավճարների տեսքով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ