Դեկտեմբերի 5-ին Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ավագանու համամասնական ընտրություններին մասնակցելու է 4 քաղաքական կուսակցություն։
Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցությունը ներկայացել է 45 թեկնածու։ Ցուցակը գլխավորում է 56-ամյա Սիմոն Բաբայանը, որը ոչ մի տեղ չի աշխատում։ Հետաքրքիր է, որ ցուցակի բոլոր թեկնածուները «Ազատականի» անդամ են։
Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության ընտրացուցակի 30 թեկնածուից մեկը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Ցուցակը գլխավորում է 61-ամյա Թարո Ավետիսյանը։ Ի դեպ, «Հայրենիքի» ցուցակի 8-րդ հորիզոնականում ՀՅԴ-ական, Բարձրունու դպրոցի ուսուցիչ Ֆահրադ Ավագյանն է։
Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության Վայքի ավագանու 35 հոգանոց ընտրացուցակը գլխավորում է «Էկո Բիլնդինգ» ՍՊԸ տնօրեն, անկուսակցական, 35-ամյա Կառլեն Մինասյանը։ Նկատենք, որ ցուցակի 2-րդ ու 3-րդ հորիզոնականները զբաղեցնող թեկնածուները՝ «Վայքի բուժական միավորում» ՓԲ ընկերության բժիշկ Հրաչիկ Մանուչարյանն ու ոչ մի տեղ չաշխատող Եվա Մովսիսյանը նույնպես անկուսակցականներ են։
Կարդացեք նաև
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Վայքի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 44-ամյա Մխիթար Մաթեւոսյանը։ Կառավարող ուժն ընտրողին ներկայանում է 45 թեկնածուով։ Ըստ մամուլի հրապարակումների, Մխիթար Մաթեւոսյանը 2002թ-ին դատապարտվել է «Գույքի գաղտնի հափշտակումը» հոդվածով, համաներմամբ ազատվել, այնուհետեւ մեկ տարի հետո նորից դատապարտվել։
Վայք խոշորացված համայնքի մեջ ընդգրկված է 16 բնակավայր՝ Ազատեկ, Արին, Արտավան, Բարձրունի, Գոմք, Զառիթափ, Զեդեա, Խնձորուտ, Կարմրաշեն, Հերհեր, Մարտիրոս, Ազնաբերդ, Սարավան, Սերս, Վայք, Փոռ։ Վայքի ավագանին կունենա 15 անդամ, իսկ համայնքը 9225 ընտրող ունի։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին ավագանու ընտրություններ են անցկացվելու Վայոց ձորի Ջերմուկ համայնքում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ