Շախմատի աշխարհի թագի համար Մագնուս Կարլսեն-Յան Նեպոմնյաշչի մրցամարտում այսօր հայտարարված երկրորդ հանգստյան օրը համընկել է Միացյալ Արաբական Էմիրությունների կազմավորման 50-ամյա հոբելյանին: Սակայն աշխարհի չեմպիոնն ու հավակնորդը դժվար թե ժամանակ տրամադրեն շքեղ տոնակատարություններին մասնակցելու համար: Նրանք ավելի կկարեւորեն իրենց թիմերի հետ միասին դեպի շախմատային թագը տանող ամենաարդյունավետ ճանապարհը գտնելը, քանի որ երեկ կայացած հինգերորդ տուրը, որում սպիտակներով խաղում էր Յան Նեպոմնյաշչին, կրկին խաղաղությամբ ավարտվեց: Երկու գրոսմայստերներն էլ վճռական գործողության համար սպասում են հարմար պահի, իսկ այն դեռ վրա չի հասնում:
Վաղը կայանալիք վեցերորդ տուրից առաջ հաշիվը 2,5:2,5 է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ