Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս թեկնածուն ոչ մի վայրկյան չի աշխատել հանրային ֆինանսների կառավարման բնագավառում»․ Խաչատրյանը՝ ՔՊ-ի առաջադրած թեկնածուին

Դեկտեմբեր 02,2021 14:50

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվեց ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության հարցը․ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նշյալ տեղի համար առաջարկել է Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը։

Եղիշե Սողոմոնյան

Հիշեցնենք, որ Եղիշե Սողոմոնյանը վերջին տարիներին իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր՝ մասնագիտությամբ տնտեսագետ։

Գեւորգ Պապոյան

Ներկայացնելով նրա կենսագրությունը՝ հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանն այդ թվում նշեց, որ Եղիշե Սողոմոնյանն ունի տնտեսագետի գիտական աստիճան, աշխատել է մի շարք ընկերություններում որպես գլխավոր հաշվապահ, ֆինանսիստ, աուդիտոր, ֆինանսական գծով տնօրեն։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց՝ Եղիշե Սողոմոնյանը հանրային ֆինանսների կառավարման փորձառություն ունի՞։ Գեւորգ Պապոյանը պատասխանեց, որ օրենքով նախատեսված բոլոր պահանջներին նրա թեկնածությունը համապատասխանում է՝ հաշվի առնելով ֆինանսական ոլորտում նրա փորձառությունը․ «Նա նաեւ մասնավոր հատվածի լուրջ փորձառություն ունի, ինչը կօգնի պետական աշխատանքում»։ Արթուր Խաչատրյանն ասաց՝ արձանագրեմ, որ նա չունի հանրային ֆինանսների կառավարման փորձ․ «Եվ ես ճի՞շտ եմ հիշում, որ հենց նա է հեղինակել օրինագիծ, որով «հանրային ֆինանսներում փորձառություն» ձեւակերպումից հանվել է «հանրային» բառը»։

Գեւորգ Պապոյանը նշեց, որ Եղիշե Սողոմոնյանը 16 տարվա փորձառություն ունի․ «Օրենքի տեսանկյունից խնդիր չկա։ Այո, այդպես է եղել, բայց վստահեցնում եմ, որ գաղափար չի եղել նման փոփոխության արդյունքում այդ պաշտոնում ունենալ հենց պարոն Սողոմոնյանին։ Մենք քննարկում ենք ունեցել։ Այն ժամանակ ընդդիմադիր պատգամավորներ կային, որոնք մեզ քննադատում էին, թե մասնավոր ոլորտից առաջատար մասնագետները չեն կարողանում ներգրավվել պետական համակարգում։ Հենց այս մտայնությունն է եղել այդ օրենքի հիմքում, որ կարողանանք մասնավոր հատվածից կադրեր բերել պետական համակարգ։ Այդ նախագիծն այս հանձնաժողովի բոլոր «իմքայլական» պատգամավորներն են հեղինակել։ Ես չեմ կարծում, որ այստեղ շահերի բախման խնդիր չկա։ Այդ տրամաբանությամբ կստացվի, որ ոչ մի պատգամավոր չի կարող օրենքներ մշակել»։

Ապա Արթուր Խաչատրյանը Եղիշե Սողոմոնյանից հետաքրքրվեց՝ երբ նա աշխատում էր «Mogo» ունիվերսալ վարկային կազմակերպությունում որպես աուդիտոր, աուդիտ անելու արդյունքում ի՞նչ բարեփոխումներ է առաջարկել։ Եղիշե Սողոմոնյանն ասաց, որ իրավունք չունի նման տեղեկատվություն հրապարակել։

Անդրադառնալով Արթուր Խաչատրյանի մատնանշած օրենսդրական փոփոխությանը՝ Սողոմոնյանը տեղեկացրեց, որ օրենքի մշակման ժամանակ ինքը պատգամավոր էր, եւ հավակնություն չկար հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնի հանդեպ․ «Ութ երկիր ենք ուսումնասիրել։ Մանկապարտեզի հաշվապահը կարող է հավակնել պետական պաշտոնի, իսկ ֆինանսական մեծ ընկերության հաշվապահը՝ ոչ։ Արդար չէ։ Մասնավոր հատվածից է պետք ներգրավել, ինչը գործող օրենքը թույլ չէր տալիս։ Ավելին՝ հենց օրենքի փոփոխությունից հետո հաշվեքննիչ պալատի ներսից ենք առաջադրել պալատի երկու անդամի թեկնածություն»։

Ելույթում Եղիշե Սողոմոնյանը որպես խնդիր մատնանշեց, որ պալատի անդամների վարձատրությունը ցածր է․ «Այն պետք է մոտ լինի աշխատանքային շուկայում մասնավոր հատվածի աուդիտորի համար վճարվող միջին թվին։ Այս դեպքում է հնարավոր ներգրավել լավ աուդիտորների, որպեսզի ավելանա հաշվեքննիչ պալատի արդյունավետությունը»։

Ապա Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու Եղիշե Սողոմոնյանի թեկնածությանը․ «Փաստորեն, ունենք թեկնածու, որը մի վայրկյան չի աշխատել հանրային ֆինանսների կառավարման բնագավառում, որն աշխատել է մի քանի ընկերություններում որպես աուդիտոր, բայց չբերվեց վկայություն, որպեսզի մենք հասկանայինք՝ նա ի՞նչ արդյունք է արձանագրել մասնավոր ընկերությունում։ Կներեք, բայց դա նման է․․․լավ, չասեմ․․․նա չի բավարարում այս պաշտոնին»։

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր, հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը Խաչատրյանի ասածին չհամաձայնեց․ «Սողոմոնյանի աշխատանքային ստաժը մասնավոր հատվածում մեծ է, մասնագիտական հմտությունները բարձր են գնահատվում։ Կարծում եմ՝ պետք է հնարավորություն տանք, որ նա իր գիտելիքները ներդնի հաշվեքննիչ պալատի աշխատանքում»։

Ինչ վերաբերում է հաշվեքննիչ պալատի անդամների վարձատրությանը, հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը հայտարարեց՝ եվրոպական երկրներում այն բարձր է․ «Բյուջեի քննարկման ժամանակ պատգամավորները կարող են առաջարկով հանդես գալ»։

Դառնալով Արթուր Խաչատրյանին՝ Եղիշե Սողոմոնյանը շեշտեց, որ իր համար կարեւոր է ստանալ նաեւ ընդդիմադիր գործընկերների քվեն․ «Իմ աշխատանքի ընթացքում փորձառություն եմ ունեցել նաեւ առնչվելու պետական գնումներին»։

Քվեարկության արդյունքում չորս կողմ եւ մեկ դեմ ձայներով Սողոմոնյանի թեկնածությունն ընդունվեց։ Նրա ընտրության հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում։

Հիշեցնենք՝ 2019թ․-ին, երբ այս նույն հանձնաժողովում հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածություն էր քննարկվում, եւ թեկնածուն «Լուսավոր Հայաստանի» կողմից էր առաջադրված, այդ ժամանակ պատգամավոր Եղիշե Սողոմոնյանն ինքն էր թեկնածուից հետաքրքրվում՝ «գնումների ոլորտում աշխատե՞լ եք, ի՞նչ բացահայտումներ են եղել եւ քանի մարդ է ձերբակալվել ձեր պաշտոնավարման շրջանում»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031