Պայմանագրային զինծառայողները ծառայության վայրում բնակարանային կարիք ունենալու դեպքում պետք է ապահովվեն ծառայողական բնակարաններով: Եթե գործող օրենքով նրանք պետք է ներկայացնեին վարձակալության պայմանագրեր՝ փոխհատուցում ստանալու համար, հիմա առաջարկվում է դա չպահանջել, որովհետեւ բնակարանների սեփականատերերը չեն ուզում վարձակալության պայմանագրեր կնքել: Այս մասին օրենսդրական նախագծի շուրջ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը աշխատանքային քննարկում էր կազմակերպել շահագրգիռ կողմերի հետ:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը առաջարկեց, որ ինչպես իր ղեկավարած հանձնաժողովում, այնպես էլ այստեղ նախագծի աշխատանքային քննարկումը դռնփակ անեն. «Մենք փակում ենք նիստերը պաշտպանության հանձնաժողովում եւ ժամերով քննարկում ենք, որն ավելի էֆեկտիվ է»:
Թագուհի Թովմասյանը մերժեց. «Դուք գաղտնիությանն առնչվող հարցեր եք քննարկում: Մենք քննարկում ենք զինծառայողի իրավունքներին առնչվող հարցեր ու մենք էլ մեր հանձնաժողովում ունենք ավանդույթներ հիմնականում բաց աշխատել: Չեմ կարծում, որ կաշկանդվածություն կլինի: Զինծառայողները նաեւ կտեսնեն ու կհասկանան, թե որ գերատեսչությունն ինչ տեսակետ ունի իրենց կարգավիճակի վերաբերյալ»:
Կառավարությունն ընդունում է, որ խնդիր կա, բայց նախագծի կիրառումը, ըստ կառավարության դիրքորոշման, նույնպես կարող է խնդիրներ առաջացնել: ՊՆ-ն առաջարկում է իր նախագիծը՝ վարձակալության փոխհատուցման համար գումարը սահմանել այնպես, որ մինչեւ ընտանիքի 4 անդամ ունեցող զինծառայողներին վճարեն կոնկրետ մի գումար, 4-ից ավելի անդամ ունեցող զինծառայողներին՝ այլ գումար:
Կարդացեք նաև
Վարչապետի աշխատակազմի քաղծառայության գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության պետ Արմինե Մաթոսյանն ասաց, որ համաձայն չեն առաջարկվող փոփոխությանը, որովհետեւ այդ դեպքում հավելումներ պետք է անեն նաեւ այլ ոլորտի պետական պաշտոն զբաղեցնողների համար, որոնք ծառայության վայրից 30 կմ հեռավորության վրա հաշվառում, բնակելի տուն չունեն:
Թագուհի Թովմասյանը հիշեցրեց, որ պատերազմող երկիր ենք ու զինծառայողներին չեն կարող համեմատել այլ կարգավիճակ ունեցողների հետ: Նա բացատրեց, որ գործող օրենքը կա ու արդեն իսկ պետությունը փոխհատուցում է տալիս պայմանագրային զինծառայողներին, բայց կարգավորումներն այնպիսին են, որ մարդը ստիպված է լինում հանցանք թույլ տալ, այլ տեղից վարձակալության պայմանագիր բերել, որ փոխհատուցումը ստանա, քանի որ այնտեղ, որտեղ վարձակալել եւ փաստացի բնակվում է՝ սեփականատերը չի համաձայնում վարձակալության պայմանագիր կնքել:
Արմինե Մաթոսյանն ասաց. «Մենք առաջարկում ենք ծախսերի փոխհատուցում անել այլ իրավական ակտով, բայց ոչ հավելումներով»:
ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանն էլ առաջարկեց այլ լուծում. բնակարանների սեփականատերերը եկամտահարկ չմուծելու համար են խուսափում պայմանագիր կնքել, ուստի կարելի է օրենքում ամրագրել, որ զինծառայողներին բնակարան վարձակալության տալու դեպքում ազատվում են այդ հարկից: Այս տարբերակով խնդիրը կարող է լուծվել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ