ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի շուրջ քննարկում էր կազմակերպել:
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ պայմանագրային զինծառայողները ծառայության վայրում բնակարանային կարիք ունենալու դեպքում պետք է ապահովվեն ծառայողական բնակարաններով: Եթե պայմանագրային զինծառայողը ծառայության վայրից առնվազն 30 կմ հեռավորության վրա բնակելի շինություն չունի, կամ նույն հեռավորությամբ մշտական, փաստացի բնակության վայր չունի, կարող է օգտվել այս հնարավորությունից:
Թագուհի Թովմասյանը պարզաբանեց, որ այս նախագծի անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ 51 զինծառայողի նկատմամբ, որոնք կառավարությունից փոխհատուցում են ստացել, քրեական մեղադրանք է հարուցվել. «Խնդիրն այն է, որ բնակարանների սեփականատերերը չեն համաձայնում վարձակալության պայմանագիր կնքել ու ստիպված այլ տարածքի համար վարձակալության պայմանագիր են կնքում, թեեւ իրենք փաստացի բնակվում են մեկ այլ տարածքում: Իրավապահները գտել են, որ կա խախտում ու քրգործեր են հարուցել»:
Պատգամավորը հիշեցրեց, որ այս նորմը՝ փոխհատուցում տալու, նախատեսվել է պայմանագրային զինծառայողների սոցիալական երաշխիքներ տալու նպատակով, բայց օրենքի կիրառումը խնդիրներ է հարուցում: Որոշ զինծառայողներ ընդունել են իրենց մեղքը, բայց իրենք ստիպված են եղել օրենք խախտել:
Կարդացեք նաև
Հիմա առաջարկվում է, որ այլեւս զինծառայողը պարտականություն չունենա վարձակալության պայմանագիր ներկայացնել, բավական է տեղեկանք ներկայացնի, որ չունի սեփականություն ու բնակելի տուն, չունի նաեւ հաշվառում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ