Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սիլվա Համբարձումյան. «Ես իմ կյանքում մենակ Բուլկու գործով եմ բողոքել». «Հրապարակ»

Դեկտեմբեր 02,2021 10:08

Նոյեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եւս որպես մեղադրյալ է ներգրավվել կաշառքի գործով։

Ինչպես հաղորդվեց, գործը հարուցվել է գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա՝ դեռ 3 տարի առաջ։ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը գրել էր․ «Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ասում է, որ Սերժ Սարգսյանին է կաշառք տվել․․․ Երբ ապիկար իշխանությունն ընտրում է մինչեւ վերջ խայտառակվելու ճանապարհը․․․ զավեշտն այն է, որ երեքուկես տարի Սիլվայի ցուցմունքը վերցնել-դնելով, այսօր «որոշել» են, որ նա նաեւ Սերժ Սարգսյանին է կաշառք տվել, եւ դա այն դեպքում, երբ նույն գործով դեռեւս 2 տարի առաջ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա, եւ մինչ օրս որեւէ նոր հանգամանք իրավական առումով չի փոխվել եւ չի ավելացել… Լավ, Սիլվայից բացի ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»։

Սերժ Սարգսյանի թիմակիցները նաեւ հրապարակել էին մի հին տեսանյութ, որտեղ Սիլվա Համբարձումյանին հարցնում են, թե Մայրապետյանից, Բուլկի Արամից բացի այլ մարդու կաշառք տվե՞լ է, նա էլ ասում է՝ ոչ։ Մենք զրուցել ենք Սիլվա Համբարձումյանի հետ։

– ՀՀ 3-րդ նախագահի կողմնակիցները նշում են, թե Դուք ժամանակին ոչ մի խոսք չեք ասել այն մասին, որ Սերժ Սարգսյանին էլ եք կաշառք տվել։

– Չէ, եղել ա։ Ինձ 18 թվին որ տարել են՝ Մարտի 1-ի գործով, էդ ժամանակ գտել էին փոխանցումները եւ նկարներ, էդ ժամանակվանից հետո՝ 18 թվի հոկտեմբերի 2-ից հետո, ինձ այլեւս չեն հարցրել։ Ես ինչ ասել եմ, էդ օրն եմ ասել։ Փաստերով իմ դեմն են բերել, ես ասել եմ։ Ես Մարտի 1-ով ի՞նչ կապ ունեի, ստիպված ես պետք է ասեի էդ բոլորը։ Ես եթե բողոքող լինեի, նախապես կբողոքեի։ Ես չեմ բողոքել, բայց երբ փոխանցումները գտել են՝ Մայրապետյան Սամվելի, այնտեղից ամեն ինչ հանել էին։

– Այսինքն՝ Սամվել Մայրապետյանի ու Ռոբերտ Քոչարյանի գործո՞վ է եղել Սերժ Սարգսյանի կաշառքը։

– Այո, այդ ժամանակ։ Դրանից հետո այլեւս չեն կանչել։

– Բայց Սերժ Սարգսյանի կողմնակիցները գրում են, որ Դուք նախկինում նման բան չեք ասել։

– Ես պահել եմ, մանրամասն բացատրել եմ, որ սենց, սենց, սենց։ Կարծեմ՝ կրկեսից մի քիչ վերեւ մի լրատվամիջոց կար՝ Առեւտրի պալատ էր, ինչ էր, հենց այդ շենքում։ Հենց այդ պահին ասվել է ամեն ինչ։ Դրանից հետո ինձ էլ չեն կանչել։
(2019թ․ Սիլվա Համբարձումյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր․ «Քանի որ Բաղրամյան 26-ը տեղյակ չէր գործարքի մասին, անմիջապես ինձ զրկեցին լիցենզիայից»։ Ապա «Ազատության» մեկնաբանը գրել էր․ «Հենց այս նույն՝ «Լիճքվազ-թեյ» ոսկու հանքի թեմայի շրջանակներում Սիլվա Համբարձումյանը Սուրիկ Խաչատրյանից բացի նաեւ Սերժ Սարգսյանի անունն էր շոշափում եւ ընդգծում, որ շուտով նրա մասով նույնպես հայտարարություն կանի»):

– Բայց ստացվում է, որ դրանից 3-4 տարի հետո օգտագործում են Ձեր ցուցմունքը՝ հարմար քաղաքական պահին։

– Չեն օգտագործում, իրենք մինչեւ չեն պարզաբանում, չեն ասում։ Իսկ Քոչարյանինն այն ժամանակ հստակ երեւում էր՝ փոխանցումը։ Իսկ էս դեպքում ամբողջ շարժը նայում են, հետո փաստերով ապացուցվում է, նոր անում են։ Փաստեր կան։ Ես նորից եմ ասում, ես իմ կյանքում մենակ Բուլկու գործով եմ բողոքել, որտեւ մեծ էր՝ 14 միլիոն։ Ու ինձ տնից տարել էին Մարտի 1-ի համար։ 2018 թվի կա՛մ հոկտեմբերի 2-ն էր, կա՛մ 6-ը։

– Ո՞վ էր տարել՝ քննչական մարմիննե՞րը։

– Այո, բերման էին ենթարկել։

– Ուզում եք ասել, որ եթե բերման չենթարկեին, չէի՞ք հայտնի։

– Չէի հայտնի, որովհետեւ դա գործարք էր եղել, ավարտվել էր։ Ես հո անաղուհաց չե՞մ, որ գործարքն անենք, վեր կենամ, նորից հայտարարություն տամ։ Ես տենց մարդ չեմ։

– Փաստորեն, 3 տարի առաջվա Ձեր ասածները նոր են ջրի երես հանել։

– Այո,  այնտեղ առերեսումներն էլ են եղել, իրենք էլ են հստակ անուններ տվել, ում հետ ես առերեսվել եմ։ Նրանք էլ են անուն տվել, նենց որ՝ մենակ իմը չէ։ Հետո՝ Բաղդասարովի նյութերն էլ կան, հո մենակ իմը չէ՞։ Ես երկուսի հետ եմ առերեսվել, բայց մեկը մեկի հետ առերեսվում էր։

– Մարդիկ այնքան էլ չեն հավատում Ձեր կաշառք տալուն, ասում են՝ էլ մարդ չմնաց․․․

– Ղալաթ են անում, չեն հավատում։ Ո՞վ չի հավատում․․․ լրագրողները չեն հավատում, որոնց իրենք կաշառում են։ Կարայի՞նք էն թվերին գործ անեինք՝ առանց որեւէ մի բան տալու։ Մարդ «կռիշ» չի՞ ունենում, մարդ տենց ա առաջ գնում։

– Բայց չե՞ք ափսոսում այդ գումարները։ Ես 14 միլիոն դոլար ունենայի, կյանքում կաշառք չէի տա։

– Եթե գործի մեջ լինեիր, կտայիր, ազիզ ջան, եթե մտածում ես, որ դրանով կարող ա ավելի շատ ունենաս։ Դա գործարք է։ Բիզնեսն էլ նարկոմանիայի նման մի բան է։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031