Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը ուշադրության է արժանի նաև այն կոնտեքստում, որ այդ հանդիպումից առաջ ակտիվորեն քննարկվում էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Իսկ նոյեմբերի 16-ին Հայաստանի տարածքում Ադրբեջանի ձեռնարկած հերթական ագրեսիան անմիջականորեն այս թեմայի հետ էր կապված։ Սոչիում եռակողմ բանակցությունների ավարտին հետևած հայտարարության ժամանակ Վլադիմիր Պուտինը, խոսելով ապաշրջափակման մասին, օգտագործեց «տրանսպորտային միջանցքներ» արտահայտությունը։
Հասկանալի է, որ սրանով ՌԴ նախագահը ոչ թե «Զանգեզուրի միջանցքը» նկատի ուներ, այլ բոլոր հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։ Երեք ղեկավարների հանդիպման պաշտոնական մասից էլ երևում է, որ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա, նույնիսկ որևէ անդրադարձ չկար նաև համատեղ հայտարարության մեջ։
Սակայն ուշագրավ է, որ Սոչիի հանդիպումից անմիջապես հետո Աշխաբադում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի ժամանակ ելույթ ունենալիս Ալիևը նշում է, թե «Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնում, ավելին՝ իր գործընկերներին հրավիրում է օգտվել այդ տրանսպորտային ուղուց։
Հասկանալի է, որ հայտարարելով, թե այդ տրանսպորտային ենթակառուցվածքը դառնալու է Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը՝ Ալիևն առաջին հերթին նկատի ունի դրա միջոցով թյուրքական աշխարհը կապելու մասին, որի շուրջ ինքը պարբերաբար ակնարկում է, իսկ Էրդողանն արդեն զարգացնում է այդ թեման պանթուրքական և նեոօսմանական նկրտումների շրջանակում։
Կարդացեք նաև
«Զանգեզուրի միջանցքի» իրականություն դառնալու Ալիևի հայտարարությունը շատ հետաքրքրական է, քանի որ եռակողմ հանդիպումից առաջ իր ասուլիսում Փաշինյանը նշում էր, թե Ադրբեջանը սպառնում է, ասում է՝ «չտաք միջանցք, ուժով ենք բացելու»։ Թերևս դրանով էր պայմանավորված, որ Ալիևն այս ընթացքում պարբերաբար հոխորտում էր, հայտարարում, թե իրենց համբերությունը սահմաններ ունի, ապա անցնում սադրանքների գործելակերպին՝ կազմակերպելով հերթական ներխուժումը ՀՀ տարածք։ Հիմա ի՞նչ պատահեց, որ Ալիևն այս անգամ ոչ թե ուժով միջանցք բացելու մասին է հայտարարում, այլ այնպես է խոսում, կարծես թե այն շուտով իրականություն է դառնալու։
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Իլհամ Ալիեւի թվիթերյան էջից