Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում աղքատության ցուցանիշն ավելացել է

Դեկտեմբեր 02,2021 14:00

Հայաստանի բնակչության 27%-ն աղքատ է։ 2020 թվականին մեր երկրում աղքատության մակարդակը 2019-ի համեմատ բարձր էր 0.6% տոկոսային կետով, այսինքն 2019-ին մեր բնակչության 26.4%-ն է աղքատ եղել։

Այս ցուցանիշները երեկ հրապարակել է վիճակագրական կոմիտեն։ Ըստ ՎԿ-ի տվյալների, ՀՀ բնակչության 27%-ի ամսական եկամուտը 44,482 դրամ է։

Բնակչության 47.6%-ը աղքատության վերին գծին մոտ է, սա նշանակում է մեր բնակչության 47.6%-ի ամսական եկամուտը 53,641 դրամ է, 9.7%-ը՝ աղքատության ստորին գծին մոտ է, ամսական եկամուտը՝ 35,324 դրամ, 0.7%-ը՝ ծայրահեղ աղքատ, ամսական եկամուտը՝ 23,828 դրամ։

Ըստ վիճակագրական կոմիտեի, Հայաստանի քաղաքային բնակավայրերում բնակչության 0.4% -ը ծայրահեղ աղքատ է, գյուղական բնակավայրերում՝ 1.2%-ը, Երեւանում՝ 0.2%-ը, քաղաքային բնակավայրերի 22.5%- ն է աղքատ, գյուղական բնակավայրերի՝ 33.6%-ը, Երեւանում՝ 19.9%-ը։

Ամենաաղքատ մարզը Գեղարքունիքն է, այստեղ աղքատության ցուցանիշը 48.1% է, ծայրահեղ աղքատության ցուցանիշը՝ 1.9%։ Ուշագրավ է, որ այս մարզում աղքատության մակարդակը բարձրացել է, 2019 թվականին այս մարզում աղքատության ցուցանիշը կազմել է 43.5%, իսկ ծայրահեղ աղքատության ցուցանիշը 2019-ի համեմատ 2020-ին նվազել է։ 2019-ին ծայրահեղ աղքատության ցուցանիշն այս մարզում կազմել է 3.4%։

Աղքատության ցուցանիշով Գեղարքունիքի մարզից հետո Շիրակի մարզն է, այստեղ աղքատությունը 42.9% է, ծայրահեղ աղքատությունը՝ 2.2%: Այս մարզում 2019-ին աղքատության ցուցանիշն ավելի բարձր է եղել՝ 48.4%, իսկ ահա ծայրահեղ աղքատության ցուցանիշն ավելի ցածր է եղել, այն կազմել է՝ 1.7%։ Այսինքն, այս մարզում անցյալ տարի ծայրահեղ աղքատության ցուցանիշն ավելացել է։

Տավուշի մարզում անցյալ տարի 37.5 % է կազմել աղքատությունը, ծայրահեղ աղքատությունը՝ 0.7%։ Այս մարզում նույնպես 2019-ի համեմատ աղքատության եւ ծայրահեղ աղքատության մակարդակն անցյալ տարի աճել է։ 2019-ին աղքատությունն այս մարզում կազմել է 25.6%, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 0.6%։ Արագածոտնի մարզում անցյալ տարի աղքատության ցուցանիշը կազմել է 32.9%, ծայրահեղ աղքատության ցուցանիշը՝ 1.2%։ Այս մարզում 2019-ին աղքատության ցուցանիշը կազմել է 51.4%, ծայրահեղ աղքատության ցուցանիշը՝ 7.7%։

Վիճակագրական կոմիտեն ցուցանիշների նման զգալի տարբերությունը բացատրում է նրանով, որ Արագածոտնի մարզի ցուցանիշներում 2019-ին արձանագրվել են որոշակի կառուցվածքային տեղաշարժեր, պայմանավորված այն հանգամանքով, որ ապահով տնային տնտեսությունների շրջանում հարցմանը մասնակցելու հրաժարումները նշանակալի քանակ են կազմել։

Արարատի մարզում էլ աղքատության ցուցանիշը բավականին բարձր է՝ 32.8%, ծայրահեղ աղքատությունը՝ 0.1%։ Իսկ ահա 2019-ին այս մարզում աղքատության մակարդակն ավելի ցածր է եղել, այն կազմել է 29.4%, իսկ ծայրահեղ աղքատության ցուցանիշը 0.5% է կազմել, այսինքն, նախորդ տարի այս մարզում ծայրահեղ աղքատների թիվը նվազել է։

Արմավիրի մարզում աղքատությունը 32.2% է, ծայրահեղ աղքատությունը՝ 2.3%: 2019-ին այստեղ աղքատության մակարդակը 22.5% էր, ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 1.2%։

Վայոց ձորում 2020 թվականին աղքատության մակարդակը 21.9% է կազմել, ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 0.0%, 2019 թվականին այս մարզում աղքատությունը կազմել է 19.3%, ծայրահեղ աղքատությունը` 0%:

Կոտայքի մարզում աղքատության ցուցանիշը նախորդ տարի կազմել է 17.4%, ծայրահեղ աղքատությունը՝ 0.0%։ Այս մարզում անցյալ տարի աղքատության ցուցանիշների առումով իրավիճակը լավացել է, օրինակ 2019-ին աղքատությունն այս մարզում կազմել է 31.9%, ծայրահեղ աղքատությունը՝ 0.6%:

Սյունիքի մարզում, ի տարբերություն այլ մարզերի եւ մայրաքաղաքի, աղքատության եւ ծայրահեղ աղքատության ցուցանիշներն ամենացածրն են, այստեղ թե անցյալ տարի, թե 2019 թվականին ամենացածր ցուցանիշներն են գրանցվել։ Օրինակ՝ 2020-ին Սյունիքում աղքատության մակարդակը կազմել է 6.1%, ծայրահեղ աղքատությանը՝ 0.0%, իսկ 2019-ին այս մարզում աղքատության մակարդակը կազմել է 12.1%, ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 0% ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031