Հարցազրույց դիրիժոր, կոմպոզիտոր Մարինե (Մաշա) Ալավերդյանի հետ
– Ո՞ր տարիքից եք զբաղվել երաժշտությամբ։
– Երաժշտությամբ սկսել եմ զբաղվել Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցից։ Երբ չորրորդ դասարան էի, ընդհատեցի երաժշտական կրթությունս, բայց շարունակեցի 12 տարեկանում, երբ գրեցի առաջին գործս։ Սկսեցի հաճախել կոմպոզիցիայի, դաշնամուրի, վոկալի, սաքսոֆոնի։ Ուսումս շարունակեցի կոնսերվատորիայում։
– Քանի՞ երաժշտության հեղինակ եք։
– Մոտ երեսուն, որոնց մեջ կան խմբերգային, դաշնամուրային ստեղծագործություններ, տրիոներ, կվարտետներ, դուետներ։ 14 տարեկանում գրածս գործերից մեկը արժանացել է երկրորդ մրցանակի Վերածնունդ միջազգային մրցույթ-փառատոնի ժամանակ։
Կարդացեք նաև
– Ի՞նչն է ձեզ մոտիվացնում ստեղծագործելիս:
– Յուրաքանչյուր ոգեշնչում կարող է դառնալ մի նոր ստեղծագործության հիմք՝ ամեն գեղեցիկը, ամեն հաճելի երեւույթը, մարդկային շփումը, նույնիսկ վատ իրադարձությունը։ Երաժշտության միջոցով կարելի է հուզմունքը, մտահոգությունը փոխանցել, արտահայտել այն, ինչը բառացիորեն չես կարող արտահայտել։
– Հասցնո՞ւմ եք պարապել բոլոր երգչախմբերի հետ։
– Երգչախմբերից երկուսը մանկական են, երկուսը՝ ուսանողական, այսինքն՝ աշխատում եմ տարբեր տարիքային խմբերի հետ։ Մանկական երգչախմբի փորձը տանում եմ դեպի մեծահասակների երգչախումբ, մեծահասակների փորձը՝ դեպի մանկական։ Օգնող գործառույթներ են, ոչ թե խանգարող հանգամանքներ։
– Ինչպե՞ս որոշեցիք ստեղծել «Divisi» երգչախումբը։
– Հենց առաջին կուրսից ունեցել եմ երգչախումբ, որն անվանում էինք «Կոնսերվատորիայի երիտասարդական»։ «Divisi» անվանումը գալիս է համանուն կազմակերպության ստեղծումից՝ «Divisi» արվեստների սինթեզ մշակութային հասարակական կազմակերպություն։ Նոր անձնակազմը ձեւավորվեց ընկերներիս շնորհիվ, որոնցից մեկը Գագիկ Խաչատուրյանն էր, եւ իր օգնությամբ մենք կարողացանք ստեղծել «Divisi»-ի նոր կազմը, որը հենց առաջին պահից ունեցավ մեծ հաջողություններ։ Մենք համախոհներ էինք եւ մեր համագործակցությունը շատ լավ էր ստացվում թե գործնական, թե ընկերական հարաբերություններում։ Սկզբում մեր կազմը հասնում էր երեսունի, հետագայում ընդլայնեցինք մեր կազմը, դարձանք 51 հոգի։
– Որտե՞ղ են անցկացվում «Divisi»-ի փորձերը։
– Քանի որ երգչախմբի անդամների մեծամասնությունը կոնսերվատորիայի ուսանողներն են, մեր փորձերը, առանց մեր կամքի, լինում են կոնսերվատորիային մոտ տարածքներում կամ հենց կոնսերվատորիայում։ Ժամանակ առ ժամանակ փորձատեղերը փոխվում են։
– Ի՞նչ նպատակներ ունեք երգչախմբի հետ կապված։
– Ամեն երգչախմբի համար էլ երանելի է, որ պետության կամ անհատների կողմից աջակցություն լինի, որ երգչախմբի գործունեությունը դառնա երգիչների համար հիմնական աշխատանք, որպեսզի նրանք կարողանան ե՛ւ իրենց հաճույքը, ե՛ւ իրենց աշխատանքը զուգորդել։ Տարիներով երգչախմբերի ֆինանսավորում չենք ունենում, որը դժվարեցնում է երգչախմբի բնականոն աշխատանքը, քանի որ երիտասարդները ձգտում են աշխատանք ունենալ։ Բայց փորձում ենք պոզիտիվ տրամադրվել եւ ըստ հնարավորությունների՝ ունենալ հետաքրքիր ծրագրեր։ Չենք հանձնվում, եւ հենց դրա շնորհիվ է, որ երգչախումբն արդեն յոթ տարի է՝ գործում է։ Նպատակները բազում են, քանի որ մեր երգչախմբի կազմը երիտասարդական է, փորձելու ենք ամեն ինչին երիտասարդական շունչ տալ, ներկայացնել մեր արվեստը, կատարողական որակը։ Միշտ կատարելու ենք հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, որը բարձրագույն արժեք է արվեստագետներիս, երաժիշտներիս համար։
Այս տարի «Divisi» երգչախումբը սկսեց համագործակցել Oպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի, «Գյուրջիեւ» անսամբլի հետ։ Մեզ համար ամենադժվար եւ միաժամանակ ամենակարեւոր համերգներից մեկն էլ նվիրված էր մեր երգչախմբի անդամ, 44-օրյա պատերազմի հերոս Գագիկ Խաչատուրյանին։ Ընդհանրապես մեր համերգները նվիրելու ենք հենց իրեն՝ որպես երգչախմբի ներդաշնակության սիմվոլ։ Գրածս վոկալիզն իրեն է նվիրված եւ միշտ լինելու է երգչախմբի երգացանկում։
Զրուցեց Լիանա ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
01.12.2021