Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքը՝ հայ-ադրբեջանական «հիմնախնդի՞ր»

Դեկտեմբեր 02,2021 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Բաքուն 1 տարում ի՞նչ է զիջել, «փոխզիջում» բառը դո՞ւրս է եկել դիվանագիտական օրակարգից, ինչո՞ւ է ՀՀ-ի նկատմամբ դիվանագիտական պարտադրանքի քաղաքականություն տարվում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նոյեմբերի 26-ին՝ երեքժամյա բանակցություններից հետո ամփոփեցին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները՝ հանդես գալով մամուլի համար հայտարարություններով: Փաշինյանն այն «շատ դրական հանդիպում» անվանեց. «Սա ոչ թե հանդիպում էր, որպեսզի թաքցնեինք խնդիրները, այլ հանդիպում, որտեղ մենք բաց քննարկում էինք բոլոր հարցերը։ Եվ կուզենայի դրական համարել այն, որ շատ հարցերի մասով մենք հստակեցրեցինք դիրքորոշումները, եւ պարզվեց, որ որոշ հարցերի շուրջ որեւէ տարընթերցում չունենք, ինչպես թվում էր այս հանդիպումից առաջ։ Ցանկանում եմ նշել, որ, իրապես, տարածաշրջանում բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կոմունիկացիաների բացման առնչությամբ արձանագրեցինք, որ ունենք ընդհանուր պատկերացում, թե ինչպես են գործելու այդ կոմունիկացիաները։

Դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացն սկսելու թեման նոր չէ, մենք քննարկել ենք այդ հարցը։ Նաեւ եռակողմ հայտարարություն ենք ընդունել, որում արձանագրել ենք, որ մինչ այդ պետք է ստեղծել անհրաժեշտ պայմաններ, այսինքն՝ պետք է անվտանգության եւ կայունության մեխանիզմներ ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանին»։ Նա նաեւ հայտնեց, որ արծարծվել են հումանիտար հարցեր, ապա վերահաստատեց ՀՀ կառավարության պատրաստակամությունը, որը՝ «Հայաստանի ժողովրդից մանդատ է ստացել՝ մեր երկրի, մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու», հավելելով. «Մենք շահագրգռված ենք դրանում, եւ, իհարկե, այսօրվա հանդիպումը նպաստ բերեց այդ օրակարգի իրականացմանը»:

Իր բանավոր խոսքում Փաշինյանն, իհարկե, հիշատակում է անվտանգության եւ կայունության մեխանիզմների անհրաժեշտ պայմանների մասին, խոսում է հումանիտար հարցերի մասին, բայց ամբողջ խնդիրն այն է, որ Մոսկվան ու Բաքուն հրապարակավ այդ թեմաները չեն համարում օրակարգային:

Նոյեմբերի 26-ից հետո հայաստանյան քննարկումներում հնչեցված քննադատություններին, թերեւս, ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը նոյեմբերի 30-ին արձանագրումներ է արել Սոչիի եռակողմ հայտարարության վերաբերյալ՝ հիշեցնելով, որ՝ «Սոչիի հայտարարությունով կողմերը վերահաստատում են իրենց պարտավորությունը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթների հետեւողական եւ անվերապահ իրականացման վերաբերյալ։ Սա վերաբերում է նաեւ Ադրբեջանի կողմից մինչ այժմ չկատարված, նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետով ամրագրված՝ ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց վերադարձին եւ այլ կետերով չկատարված պարտավորություններին»։

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիշատակումը չի նշանակում, որ դրանում ներառված դրույթները ի կատար են ածվել: Ավելին, մեկ տարի անց նշված հայտարարության ընդունումից հետո, չխոսվեց այն մասին, թե որ կողմն է ոտնահարել իր իսկ ստորագրությունը ու չի իրականացնում ստանձնած իր պարտավորությունները: Ինչո՞ւ, հետեւաբար, Սոչիում չի արձանագրվել, որ ադրբեջանական կողմը չի կատարել այս կամ այն դրույթը, կամ՝ կատարել է՝ ոտնահարելով հայկական կողմի իրավունքները, կամ՝ խախտելով հայտարարության այս կամ այն դրույթը:

Ինչո՞ւ Սոչիում ընդունված փաստաթղթով չի ֆիքսվում, որ ՀՀ ինքնիշխան տարածք են ներխուժել ադրբեջանական ստորաբաժանումներ: Ի՞նչ է, դրանք նույնպես նախորդ երկու համատեղ հայտարարությունների «թաքնված» պահանջնե՞ր էին, թե՞ բանավոր պայմանավորվածության արդյունք էին, որպեսզի դրա հիմքով հայկական կողմից կորզվի այս կամ այն զիջումը…

ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակի հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ Սոչիի հայտարարությամբ եւս մեկ անգամ վերահաստատվում է հունվարի 11-ի հայտարարությամբ արձանագրված տարածաշրջանում տրանսպորտային բոլոր ուղիների ու տնտեսական կապերի ապաշրջափակման դրույթը եւ հերթական անգամ հերքվում են «միջանցքի» կամ միջանցքային տրամաբանության մասին տարածվող քարոզչական թեզերը: Ինչո՞ւ Սոչիում ընդունված հայտարարությունում չի արձանագրվում, որ տրանսպորտային բոլոր ուղիների բացման պարագայում դրանք չեն ոտնահարելու երկրների տարածքային ամբողջականությունը, եւ այդ ճանապարհների վրա հսկողությունը մնալու է տվյալ երկրի իրավասության ներքո: Պաշտոնական Մոսկվան մի քանի առիթներով, իհարկե, հայտարարել է, որ եռակողմ աշխատանքային խմբի բոլոր անդամները պայմանավորվել են, որ բոլոր ապաշրջափակվող եւ նոր ստեղծվող տրանսպորտային ուղիները պետք է գործեն այն պետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու հիման վրա, որի տարածքով դրանք անցնում են: Սակայն առավել կարեւոր է, որպեսզի այս արձանագրումները փաստաթղթային ձեւակերպում ստանան, այլ ոչ թե միայն բանավոր հնչեցվեն:

Բացի այդ, եթե պաշտոնական Երեւանը շեշտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շարունակման անհրաժեշտության մասին, իսկ դա գոնե հայկական իրականությունում ենթադրում է, որ ԼՂ-ի կարգավիճակը պետք է հստակեցվի, ինչո՞ւ սա չի արձանագրվել Սոչիի եռակողմ փաստաթղթում: Ավելին, եթե պաշտոնական Երեւանը գնում է Ադրբեջանի հետ սահմանային ճշգրտման, ԵԱՀԿ Մինսկի խումբն ինչո՞վ է զբաղվելու ընդհանրապես: Սահմանազատման, սահմանագծման գործընթացը Ալիեւին առիթ է տալու հայտարարելու, թե՝ մենք պաշտոնական Երեւանի հետ սահմաններ ենք ճշգրտում, Երեւանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ի՞նչ ԼՂ-ի կարգավիճակ, դուք ընդհանրապես ինչի՞ մասին եք խոսում…

Այնպես որ, լրացուցիչ անգամ արձանագրելը, թե՝ «վերահաստատեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա, հետեւողական իրականացման եւ անվերապահ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության եւ տնտեսական զարգացման», բոլորովին երաշխիք չէ՝ պաշտոնական Բաքվի նորանոր ինքնագործունեության դրսեւորումների համար։

Թե ամեն անգամ, երբ Ալիեւն ինչ-որ բանից դժգոհ լինի՝ ադրբեջանական ստորաբաժանումները պետք է ներխուժե՞ն ՀՀ տարածք, սահմանային լարվածություն հրահրե՞ն, հետո հայկական կողմից ինչ-որ բան պահանջեն-ստանան, ու հետո հետ քաշվեն, մենք դա ընդունենք որպես հումանիզմի մեծ դրսեւորում, ընկնենք ցնծության մեջ, որ հերթական ապօրինությունը կանխվե՞ց ու դա հայկական դիվանագիտության ձեռքբերում համարե՞նք…

Այսինքն, Հայաստանի նկատմամբ իրագործվում է դիվանագիտական պարտադրանքի քաղաքականություն, մեկ տարի է անցել նոյեմբերի 10-ին հրապարակված փաստաթղթից, բայց բացառապես հայկական կողմից են զիջումներ ակնկալվում: Եվ ընդհանրապես, պաշտոնական Բաքուն այս մեկ տարվա ընթացքում ի՞նչ է զիջել, պաշտոնական Երեւանը կարո՞ղ է այս հարցին պատասխանել, թե՞ «փոխզիջում» բառն արդեն դուրս է եկել հայ-ադրբեջանական դիվանագիտական օրակարգից:

Իրականությունը հետեւյալն է, հիմա ամբողջ աշխարհին ներկայացվում է Հայաստան-Ադրբեջան նոր հակամարտության թեզը: Ի դեպ, ադրբեջանական լրատվական կայքերում «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բաժինը վերանվանվել է՝ «Հայ-ադրբեջանական հակամարտություն» խորագրով, այսինքն, Բաքուն համարում է, որ ԼՂ-ի հարց այլեւս գոյություն չունի, ինչպես եւ հայտարարում են, ըստ նրանց՝ կա Հայաստան-Ադրբեջան հակամարտություն ու քանի դեռ Հայաստանը խաղաղության համաձայնագիր չի ստորագրել Ադրբեջանի հետ՝ այդ հակամարտությունը Բաքվի օրակարգում է լինելու: Այսինքն, Սյունի՞քն է արդեն դարձել հայ-ադրբեջանական «հիմնախնդիր»…
Ու այս մթնոլորտում, պաշտոնական Երեւանը հանդես է գալիս՝ «մեզ էլ է ձեռնտու սահմանազատում», «մեզ էլ է ձեռնտու տրանսպորտային եւ տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակում» կարգախոսներով՝ առանց վերլուծելու այսօրվա իրականությունում դրա հետեւանքները, դրա հնարավոր վտանգներն ու սպառնալիքները, հաշվի առնելով այսօրվա Թուրքիայի ու Ադրբեջանի «ախորժակն» ու հավակնությունները:

Ի դեպ, Սոչիի հանդիպումից երկու օր անց Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունները կրկին խոսեցին «Զանգեզուրյան» թեմայով, այն որպես «տրանսպորտային ենթակառուցվածք» եւ «տրանսպորտային միջանցք» ներկայացնելով։ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներն Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովում անդրադարձան «Զանգեզուրի միջանցքին»։ Ալիեւն ասել է. «Այսօր ես կարող եմ ասել, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնում։ Այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ միջանցքների կարեւոր մասը»։ Ալիեւը վստահություն է հայտնել, որ ԵՏՄ երկրները կօգտվեն «Զանգեզուրի միջանցքի» հնարավորություններից: Էրդողանն էլ իր հերթին, վստահեցրել է, թե՝ «հայտնի է «Զանգեզուրի միջանցքի» նշանակությունը», այնուհետեւ ընդգծել է, թե՝ հարկ է հատուկ ուշադրություն դարձնել տրանսպորտային միջանցքների զարգացմանը։

Ամփոփումը՝ վաղվա համարում:


Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 01.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031