«Ամերիկայի ձայն». Covid 19-ի Omicron տարատեսակով վարակված հիվանդներն առայժմ միայն մեղմ ախտանիշներ են ցույց տվել, սակայն դրանից բխող իրավիճակը մնում է անորոշ:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի տնօրեն Անդրեա Ամմոնը երեքշաբթի օրը հայտարարել է, որ մինչ այժմ Եվրամիության 10 անդամ երկրներում գրանցվել է Omicron տարբերակով վարակվածության 42 դեպք: Հիվանդների մեծ մասը մինչ այդ եղել է աֆրիկյան երկրներից առնվազն մեկում: Այս ենթատեսակով վարակված անձանց մոտ մահացության դեպքեր դեռեւս չեն գրանցվել:
Ամմոնի խոսքերով Օմիկրոնի դեպքում իմունային հակազդեցության մասին տվյալները դեռեւս կցկտուր են:
Հիվանդներից հավաքված շիճուկի վերլուծության արդյունքներն ակնկալվում է ստանալ մեկից երկու շաբաթվա ընթացքում:
Կարդացեք նաև
Հարավաֆրիկյան Հանրապետության մի շարք փորձագետներ նշել են, որ Omicron տարատեսակով վարակված հիվանդների մոտ նկատվում են գրիպի նման ախտանիշներ, ինչպիսիք են հազը, բարձր ջերմությունը և վերջույթների ցավը: Հոսպիտալացվածների թիվը, ըստ մասնագետների, էապես չի աճել։
ԱՄՆ-ի վարակիչ հիվանդությունների հարցերով ավագ փորձագետ Էնթոնի Ֆաուչին երեքշաբթի օրն ասել է, որ դժվար է իմանալ, թե արդյոք Omicron-ը կարող է հանգեցնել ծանր հիվանդության, թե ոչ: Նա ուրախությամբ է ասել, որ Աֆրիկայում ծանր դեպքեր չեն գրանցվել:
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Միշել Վալենսկին նույն ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Դելտան մնում է ԱՄՆ-ում գերակշռող տարատեսակը:
Վարակի նոր ենթատեսակը, որն ավելի վարակիչ է, քան նախորդները, կարող է դառնալ նոր ճանապարհորդական սահմանափակումների պատճառ աշխարհի տարբեր երկրներում, ինչպես նաեւ` ԱՄՆ-ում: