Դատավարությունները սկսել են իրավաբանությունից հեռանալ։ Այսօր «Հայելի» ակումբում նման կարծիք հայտնեց փաստաբան, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Նա մեկ օրինակ բերեց՝ հունիս ամսից ԱԱԾ-ն մի քրեական գործի շրջանակներում դատարաններից առգրավվել է այն համակարգը, որի միջոցով դատական գործերը բաշխվում են դատավորների միջեւ պատահականության սկզբունքով՝ հաշվի առնելով նաեւ դատավորի ծանրաբեռնվածությունը։
«Այս համակարգի միջոցով են բաշխվում գործերը, որպեսզի ոչ մեկի մտքով չանցնի կոնկրետ գործը մակագրել կոնկրետ դատավորին։ Հունիսից առգրավվել են, պետք է զննեին, ու մինչ օրս համակարգը չեն բերել դատարան։ Այսինքն, համակարգը չի աշխատում, դատարանների նախագահները ձեռքով են մակագրում, իրենք են որոշում որ գործը՝ որ դատավորը կքննի։ Մեր օրենքում գրված է՝ բացի այն դեպքերից, երբ գործում է անհաղթահարելի ուժ, մնացած դեպքերում մակագրումը պետք է տեղի ունենա համակարգի միջոցով։ Իսկ անհաղթահարելի ուժն այն է, որ պետությունը չի կարող կառավարել այդ ուժը։ Այստեղ անհաղթահարելի ուժ չկա, վաղուց կարող էին նոր համակարգ ներդնեին։ Չեն ներդնում, որովհետեւ ի սկզբանե այդ համակարգը տարել են, որպեսզի ում ուզեն՝ տվյալ գործը մակագրեն»,-ասաց Հայկ Ալումյանը։
Նրա ներկայացմամբ՝ ցանկացած գործ, որը հունիս ամսից հետո ցանկացած դատավոր, որը այդ գործը ստանձնել է ձեռքով մակագրվելու արդյունքում, եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով օրենքի հիման վրա ստեղծված դատարան չի կարող համարվել․«Ցանկացած գործ պետք է համարվի արդար դատաքննության իրավունքի խախտմամբ իրականացված, եւ ցանկացած գործով այդ խախտումով հիմք է հանդիսանալու ՄԻԵԴ-ում այդ գործը ճանաչելու եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով խախտված գործ»։
Փաստաբանի խոսքով՝ բոլոր այն գործերը, որտեղ կա քաղաքական բաղադրիչ, այդ գործերով, եթե ինչ-որ կարեւոր բան է որոշվում, ձեռքով մակագրությամբ գործը գնում է հենց այն դատավորի մոտ, որը պատրաստ է իշխանությանը հաճո որոշում կայացնել։ «Այս ամեն գործի տակ ական են դրել, որը ՄԻԵԴ-ում պայթելու է»։
Կարդացեք նաև
Հայկ Ալումյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանին պետությունը պետք է հատուցի, քանի որ նա անօրինական մեղադրանքի հիման վրա է կալանքի տակ եղել։ Փաստաբանը հիշեցրեց Քրեական օրենսգրքի հայտնի 300.1 հոդվածը, որի հիման վրա է Քոչարյանին մեղադրանք առաջադրվել, եւ հենց այդ հոդվածն էլ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել։ Ըստ փաստաբանի, հատուցման համար էլ նախ պետությունը պետք է ճանաչի, որ Քոչարյանի իրավունքը խախտվել է։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ