Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սխալ ընկալում է եղել ու տպավորություն կա, թե հայագիտական առարկաները ընդունելության քննության պարտադիրի ցանկից դուրս են գալիս». Սիսակ Գաբրիելյան

Դեկտեմբեր 01,2021 20:30

Կառավարությունը նոյեմբերի 25-ին որոշում ընդունեց, որի համաձայն՝ հայոց լեզուն եւ հայոց պատմությունը հանվում են պարտադիրների ցանկից, եւ դիմորդները ստիպված են լինելու ընտրություն կատարել օտար լեզվի եւ հայոց լեզվի ու Հայոց պատմության միջեւ: Մտավախություն կա, որ հայագիտական առարկաները այսպես կմղվեն երկրորդ պլան: Կառավարության այս որոշումը քննադատության առարկա է դարձել: ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանն ասել էր, որ եթե այս իշխանությունները մնան, թերեւս կգա մի ժամանակ, երբ հայագիտական առարկաներն առհասարակ ծրագրային չեն համարի, կհանեն դպրոցներից ու բուհերից. «Սա հստակ ընդգծված հակահայ ծրագրերով զինված խումբ է»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը վստահեցրեց, որ թյուրիմացություն է կառավարության որոշումը այդպես մեկնաբանելը. «Չկա այնպիսի մասնագիտություն, որի դեպքում նախկինում եղել է պարտադիր, օրինակ, ձեր ասած հայոց լեզու կամ հայոց պատմություն առարկաների քննություն մրցութային կարգով ու հիմա դուրս է եկել պարտադիր քննությունը: Խոսքը վերաբերվում է նրան, որ այս որոշմամբ կառավարությունը փորձում է բոլոր բուհերի համար մեկ միասնական ընդհանուր սկզբունք սահմանել: Այսինքն, եթե հիմա տարբեր համալսարաններ միեւնույն մասնագիտությամբ ունեն ֆակուլտետներ, ապա դիմորդները, ապագա ուսանողները պետք է բոլոր տեղերում էլ հանձնեն մեկ միասնական քննություն: Օրինակ, ես երկու ֆակուլտետ եմ ավարտել՝ լրագրություն եւ իրավաբանական, եթե հայոց լեզուն պարտադիր էր, հիմա էլ է շարունակում մնալ պարտադիր:

Այս որոշումը պարզապես ասում է, որ եթե ես ԵՊՀ-ում եմ սովորել ու հանձնել եմ հայոց լեզու, անգլերեն եւ պատմություն, ապա բոլոր բուհերի դեպքում, եթե ունեն այս մասնագիտությունը, պետք է ունենան նույն քննությունները: Խոսքը սրան է վերաբերվում, գուցե կառավարությունը լրացուցիչ պարզաբանում տա: Ես էլ եմ նկատել, գուցե այստեղ սխալ ընկալում է եղել ու մարդկանց մոտ տպավորություն կա, որ հայագիտական առարկաները ընդունելության քննության համար պարտադիրի ցանկից դուրս են գալիս: Նորից եմ կրկնում՝ այս որոշումը բացառապես վերաբերվում է նրան, որ նույն մասնագիտությամբ տարբեր բուհերում ընդունելության քննությունների դեպքում միեւնույն քննությունները պետք է անցկացվեն մրցութային կարգով:

Ավելին, եթե օրինակ, վերցնենք որեւէ մասնագիտություն, որի դեպքում մի բուհում կարող էր միայն հայոց լեզվի քննություն լինել մրցութային, մյուսում՝ օտար լեզու, ապա այս որոշմամբ հնարավոր է մի բան էլ ավելանան հայագիտական առարկաները: Օրինակ, իրավաբանական ֆակուլտետի դեպքում այս որոշմամբ պարտադիր կարող է լինել ոչ միայն հայոց լեզուն, այլ նաեւ հայոց պատմությունը: Հետեւաբար, ե՛ւ ԵՊՀ-ն, ե՛ւ Մանկավարժականը, ե՛ւ օրինակ, Սլավոնական համալսարանը, որոնք ունեն համապատասխան մասնագիտացումներ, իրենց համար կրկին կպարտադրվի մրցութային կարգով ունենալ հայոց պատմություն առարկան:

Այսինքն, ոչ միայն պարտադիրը դուրս չի գալիս, այլ ընդհակառակը՝ բոլոր բուհերի համար սահմանվում են այն առարկաները, որոնք մրցութային կարգով պարտադիր պետք է քննություն հանձնեն: Որքանով տեղյակ եմ, այս որոշմամբ երկու քննություն է սահմանվում բոլոր բուհերի համար: Կառավարության գործընկերները ինձ փոխանցեցին, որ բուհեր կային, որ 3 քննություն էին վերցնում, այս որոշմամբ 2 պարտադիր քննություն է սահմանվում: Այս փոփոխությունը միտված է, որ ուսանողներն ավելի կանխորոշված լինեն իրենց մասնագիտության ընտրության հարցում, նաեւ առարկաները լավ սովորելու հարցում»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031