«Նկատելի է, որ կալանքը, եւ ընդհանրապես քրեական գործերը, շատ հաճախ են սկսել կիրառել որպես այլախոհությունը ճնշելու միջոց»,-այսօր «Հայելի» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց փաստաբան, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
Նրա խոսքով՝ դա շատ վատ միտում է, եւ վատ է, երբ իշխանությունը փաստարկների, հակափաստարկների կամ իրենց վարքագիծը կողքից ավելի լավ տեսնողների կարծիքին ավելի ուշադիր լինելու փոխարեն, պարզապես փորձում են ճնշել այլախոհությունը, ընդ որում, ճնշում են՝ օգտագործելով իրավապահ համակարգը։
«Իհարկե, 2018 թվականից դա արվում է, ինտենսիվությունը գնալով ավելանում է, բայց հիմա արդեն նկատվում է, որ դատարաններն ավելի շատ են սկսել տրվել այդ «խաղին», դատարաններն ավելի հանդուրժող են դարձել իշխանությունների այս վարքագծի նկատմամբ։ 2018-19-ին դատարաններն ավելի անհանդուրժող էին կալանավորումների անհիմն միջնորդությունների նկատմամբ, ավելի հաճախ էին օրենքը կիրառում, եւ եթե կալանավորման միջնորդություններն ունեին քաղաքական ենթատեքստ, ապա դատարաններին ավելի դժվար էր լինում համոզել, որպեսզի այդ անձին կալանավորեին։ Քննիչներն ունեին խնդիր, երբ հրահանգ կար ինչ-որ մեկին կալանավորելու, իրենք դատարանում խնդիր էին ունենում, որովհետեւ դատական համակարգը փորձում էր օրենքը չոտնահարել»,-ասաց Հայկ Ալումյանը։
Նրա կարծիքով՝ այժմ իշխանությունը դատական համակարգն ավելի շատ է ենթարկեցրել իրեն եւ գնալով ավելի շատ են ենթարկեցնում իշխանության քմահաճույքներին․ «Կան դատավորներ, որոնք դեռ իրենց դիրքորոշումն ունեն, խիզախություն ունեն չտրվելու այս ամեն ինչին։ Կարգապահական վարույթներ են հարուցում եւ կարգապահական պատասխանատվության շեմին են կանգնում այն դատավորները, ովքեր հակված են գործել ինքնուրույն»։
Կարդացեք նաև
Փաստաբանը կանխատեսում է՝ բումերանգի օրենքով այդ ամենը շրջվելու է այն մարդկանց դեմ, ովքեր դատավորներին փորձում են սովորեցնել, որ գործադիրից եկած ցանկացած հրահանգ իրենց համար պարտադիր է․Մի օր իրենք հենց այս արատավոր երեւույթի զոհն են դառնալու»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ