Այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց էին անում առողջապահության նախարարության շենքի մոտ։ Նրանք հանդիպում էին պահանջում առողջապահության նախարարի հետ։
Ցույցի մասնակիցները դժգոհում էին կորոնավիրուսային համավարակի դեմ սահմանված սահմանափակումներից, նաեւ պահանջում էին ՊՇՌ թեստավորումն անվճար դարձնել։
Հիշեցնենք, որ նախարարի հրամանով այսուհետ աշխատողները յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է իրենց գործատուներին ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող` առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ:
Կարդացեք նաև
Բացի այս, հունվարի 1-ից նոր սահմանափակումներ են նախատեսվում, ըստ որի հանրային սննդի օբյեկտներ, մշակութային միջոցառումների եւ հասարակական այլ վայրեր քաղաքացիները կարող են մուտք գործել միայն պատվաստման հավաստագրով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքները հավաստող սերտիֆիկատով։ Այս մասին նախագիծն արդեն շրջանառության մեջ է։
Ցույցի մասնակիցների կարծիքով այս սահմանափակումները հակասահմանադրական են, նրանք պահանջում էին վերացնել դրանք։ Ընդ որում, նրանք նշում էին, որ շաբաթը մեկ ՊՇՌ թեստ հանձնելը մեծ ծախս է քաղաքացիների համար։
«Ուսանողների համար նման պահանջ չկա, վախենում են ուսանողների համար էլ սահմանեն ՊՇՌ թեստի կամ պատվաստման պահանջը, որովհետեւ գիտեն, ուսանողները մեծ ուժ են, եւ բողոքի մեծ ալիք կառաջանա։ Բայց տրամաբանությունը ո՞րն է, դասախոսին պարտադրում են, իսկ լսարանում 100 ուսանող կա, նրանից չեն պահանջում։
Ո՞րն է տրամաբանությունը, որ մի լսարանում ընդամենը մեկ հոգի է պատվաստված լինելու կամ ՊՇՌ թեստ հանձնած։ 100-ից 90-ը կարող է չէ՞ լինել վարակակիր։ Ակնհայտ է, որ սրանք առողջապահական խնդիր չեն հետապնդում։ Իմ տղան ուսանող է, զգուշացնում եմ՝ եթե որեւէ մի ստահակ կփորձի իմ ուսանող տղային պարտադրել պատվաստվել կամ ՊՇՌ թեստ հանձնել թեկուզ ամիսը մեկ անգամ, եթե որեւէ մեկը կփորձի իմ ուսանող տղայի կյանքի կամ առողջության վրա ձեռք բարձրացնել, այդ ստահակը կընկնի իմ ձեռքով։ Ես դա խոստանում եմ»,-ասաց ցույցի մասնակից մի կին։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ