Լոֆթում կայացավ Armenia. Independence and Liberal Reforms ժողովածուի շնորհանդեսը: Գիրքը ՀՀ 3-րդ Հանրապետության Անկախության, առաջին քայլերի եւ հեղափոխության մասին է: Ժողովածուն վաճառքի ենթակա չէ եւ հասցեագրված է կոնկրետ լսարանի՝ ուսանողներին, լրագրողներին, պետական, հասարակական գործիչներին: Այն հասանելի կլինի յուրաքանչյուր բուհի գրադարանում, շատերի համար կծառայի որպես գործնական ուղեցույց:
Ժողովածուի հեղինակները մի քանիսն են՝ հայտնի գործիչներ, մամուլի հետ կապ ունեցող մարդիկ, 90-ականների ակնառու դեմքեր: Շնորհանդեսին ներկա էին՝ թե՛ լրագրողներ, թե՛ ընթերցողներ, թե՛ պետական գործիչներ, մինչ շնորհանդեսի սկսելն էլ ընթանում էր բուռն քննարկում գրքի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Նշենք, որ մայիսի 26-ին էլ Հայաստանի ազգային գրադարանում տեղի էր ունեցել «Անկախությունը եւ ազատական բարեփոխումները» գրքի երկու հատորների շնորհանդեսը, որն այդ ժամանակ ներկայացրեց գրքի կազմողը՝ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
«Շատ բաների մասին չխոսվեց, չմատուցվեց, խեղաթյուրվեց 90-ականներին, բայց մենք հակառակն արեցինք, նաեւ վերհանեցինք 90-ականների իրադարձությունները, բարեփոխումները, արեցինք դա այն մարդկանց միջոցով, որոնք իրականացրել էին, բայց, ցավոք սրտի, որոշները հիմա ողջ չեն: Գրքի ստեղծման նպատակը մեկն էր՝ բուհական երիտասարդությանը, գիտական հաստատություններին, ինչու ոչ՝ պետական գործիչներին՝ ներկայացնել պատմության իրական ընթացքն ու փորձել խեղդել այն կարծիքը, որը մտել է մեր հասարակության մեջ: Ուրախ եմ, որ 2 տարվա ընթացքում գիրքը վերջնական տեսքով հանդես եկավ»,- ասաց Արամ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ գրքի 3-րդ հատորյակն արդեն առկա է եւ նախատեսված է՝ ՀՀ-ում գործող միջազգային կառույցների համար: Գրքի առցանց տարբերակը եւս հասանելի է:
Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ