2021 թվականի հոկտեմբերի 7-ին կառավարության նիստում հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 5-ին արտահերթ ընտրություններ են կայանալու նաեւ Արմավիրի մարզի 7 համայնքներում: Խոշորացված համայնքներում պետք է լինեն համամասնական ընտրություններ, առավելագույն ձայներ ստացած կուսակցությունները միանգամից առաջադրում են իրենց քաղաքապետի թեկնածուին:
Մարզում 96 համայնք միավորվել է 7 խոշորացված համայնքում՝ Վաղարշապատ, Արմավիր, Մեծամոր, Խոյ, Արաքս, Փարաքար, Բաղրամյան: Իբրեւ առանձին համայնք մնում է միայն Ֆերիկ գյուղը, որը եզդիաբնակ է:
Արմավիրի մարզի ամենամեծ խոշորացված համայնքը Մեծամորն է՝ 31 բնակավայրով: Այստեղ առաջիկա կիրակի օրը ուժերը կչափեն իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» եւ ընդդիմադիր ՀՅԴ-ն: Մեծամոր խոշորացված համայնքը գտնվում է թիվ 15 ընտրատարածքում:
Իշխող ուժի 46 հոգանոց ցուցակն այս ընտրություններում գլխավորում է Նորապատ համայնքի ղեկավար, նախկին ՀՀԿ-ական Վահրամ Խաչատրյանը: 2018-ի իշխանափոխության օրերին Վահրամ Խաչատրյանը առաջիններից էր, որ փոխեց նաեւ կուսակցական պատկանելիությունը՝ իր տեղն ու դերը, նաեւ զարգացման հեռանկարը ապահովելով կրկին իշխող, բայց տրամագծորեն այլ գաղափարախոսություն դավանող կուսակցության մեջ: 2021 թվականի հունիսի 29-ին Վահրամ Խաչատրյանը նշանակվել էր Արմավիրի մարզպետի տեղակալ: Նոյեմբերի 2-ին էլ նշանակվեց Մեծամոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:
Կարդացեք նաև
Իշխող կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համարը գործազուրկ Էդգար Հովհաննիսյանն է: Նա Արմավիրի մարզի թիվ 16 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գոռ Հովհաննիսյանի որդին է:
ՔՊ ցուցակով այս ընտրություններին մասնակցում են մարզի մի շարք համայնքների ղեկավարներ. 10 տարի Նոր Կեսարիա համայնքը ղեկավարող Հրայր Գալստյանը, 13 տարի Փշատավան համայնքը ղեկավարող Ազատ Քյարամյանը, Բամբակաշատ համայնքի ղեկավար Արբակ Եղիազարյանը, Եղեգնուտ համայնքի լիազորությունները դադարեցված համայնքի նախկին ղեկավար Ռազմիկ Մարգարյանը: Հիշեցնենք, որ Ռազմիկ Մարգարյանը հրաժարական էր ներկայացրել 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո՝ եղեգնուտցիների պահանջով: Գյուղի բնակիչները նրան կոռուպցիոներ էին համարում: Նա եւ վերոնշյալ մյուս համայնքապետերը նույնպես նախկին ՀՀԿ-ականներ են:
ՀՅԴ-ի 24 հոգանոց ցուցակը գլխավորում է Արմավիրի տարածքի Այգեշատ համայնքը 2002 թվականից մինչեւ 2021-ի սեպտեմբերը ղեկավարած Արամայիս Մխիթարյանը: Երկրորդ համարը մենատնտես Ռազմիկ Աբրահամյանն է:
ՀՅԴ ցուցակի 15 անդամներ գործազուրկ են:
Արմավիր խոշորացված համայնքում 11 բնակավայր են ընդգրկվել
Այստեղ իշխանության է ձգտում միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»: Ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Դավիթ Խուդաթյանը, երկրորդ համարը փոխքաղաքապետ Վարշամ Սարգսյանն է: Ցուցակում են 9 տարի Լուկաշին համայնքը ղեկավարող, նախկին ՀՀԿ-ական Կարեն Մկրտչյանը: Նա նույնպես ՀՀԿ-ն լքեց 2018-ի իշխանափոխության օրերին: 13 տարի Նորավան համայնքը ղեկավարող Արթուր Միքայելյանը: 13 տարի Հացիկ համայնքը ղեկավարող ԲՀԿ-ական Արթուր Եղիազարյանը: 5 տարի Մյասնիկյան համայնքը ղեկավարող Տիգրան Բաղդասարյանը: Այս ցուցակում միակ զտարյուն ՔՊ-ականը Խանջյան համայնքի ղեկավար Արտակ Արոյանն է. նա ՔՊ անդամ է եւ համայնքի ղեկավար է ընտրվել 2018-ի իշխանափոխությունից հետո:
Վաղարշապատ (Էջմիածին) համայնքին միացել է Ոսկեհատ գյուղը:
Դեկտեմբերի 5-ի ընտրություններն այստեղ ամենամրցակցայինն են. իշխանության համար պայքարելու են «Քաղաքացիական պայմանագիրը» «Լուսավոր Հայաստան», «Իրական ժողովրդավարական», «Հայրենատէր» կուսակցությունները, «Էջմիածին» կուսակցությունների դաշինքը:
Իշխող ՔՊ-ի 33 հոգանոց ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Դիանա Գասպարյանը: Երկրորդ համարը փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանն է: Վաղարշապատին միավորված Ոսկեհատի համայնքապետի տեղակալ Ռաֆիկ Ավագյանն էլ է իշխող ուժ ցուցակում, 21-րդ տեղում:
«Էջմիածին» կուսակցությունների դաշինքի 30 հոգանոց ընտրական ցուցակը գլխավորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին պրոռեկտոր, նախկին ՀՀԿ-ական, այժմ անկուսակցական Սեւակ Խաչատրյանը: Նա հայտնի է Երևանի նախկին քաղաքապետ, այժմ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության ժամանակ տեղի ունեցած իրադարձություններից: 2013-ի, երբ Տարոն Մարգարյանը թեկնածուական թեզ էր պաշտպանում ԵՊՏՀ-ում, Սեւակ Խաչատրյանն իր կուսակից ընկերների հետ խոչընդոտում էր լրագրողների աշխատանքը:
Դաշինքի երկրորդ համարը ՀՅԴ կուսակցության անդամ Վահրամ Ղարիբջանյանն է:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության 9 հոգանոց ցուցակը գլխավորում է կահույքի արտադրամասի տնօրեն Գոռ Ստեփանյանը: Երկրորդ համարը՝ գյուղատնտես Էդիկ Շախկուլյանն է:
«Իրական ժողովրդավարական» կուսակցության 11 հոգանոց ցուցակի առաջին եւ երկրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Արմեն Աբրահամյանը եւ Արմեն Տերտերյանը: Նրանց գործունեության մասին պատմող դաշտն ազատ է:
«Հայրենատէր» կուսակցության 19 հոգանոց ցուցակը գլխավորում է Ջիվան Աբրահամյանը: Նա իր անվամբ հիմնադրամի հիմնադիրն է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ