Դեկտեմբերի 5-ին ՀՀ մի շարք խոշորացված համայնքներում տեղի կունենան Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) համամասնական ընտրություններ:
Կիրակի օրը համամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Նոր Հաճըն, Աբովյան, Գառնի համայնքներում:
Աբովյան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին առաջադրվել են 4 քաղաքական ուժեր՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հանրապետություն», Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Aravot.am-ն ուսումնասիրեց Աբովյան խոշորացված համայնքում ավագանու ընտրությունների ընթացքում մրցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակները:
Կարդացեք նաև
«Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակը գլխավորում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանը: Նա Աբովյանի գործող համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի մանկության ընկերն է: Վահագն Գևորգյանն իր թեկնածությունը չի առաջադրել այս ընտրություններին:
Հիշեցնենք՝ Էդուարդ Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի հուլիսի 2-ին ԲՀԿ առաջնորդ, ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած միջադեպի գործով. վիճաբանության ժամանակ, ըստ մեղադրանքի, Բաբայանը բռնություն է գործադրել աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հոր՝ Վյաչեսլավ Հարությունովի նկատմամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնաս։
2019-ի ապրիլի 5-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, դատապարտել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկմամբ եւ համաներմամբ ազատ արձակել պատիժը կրելուց։
ԲՀԿ-ի ցուցակի 2-րդ հորիզոնականում է Բալահովիտի Մուլտի գազ ՍՊԸ տնօրեն Արմեն Քոսակյանը, ցուցակում 5-րդն է Աբովյան համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Զարոյանը:
ԲՀԿ ցուցակում շատ են անհատ ձեռնարկատերեր, պահակային ծառայողներ, ուսուցիչներ, Ալֆա Ֆարմի, Մուլտի գրուպի, Գ, Ծառուկյանի անվան մարզադպրոցի աշխատակիցներ:
«Հայ հեղափոխական դաշնակցության» ցուցակը Աբովյանի ՏԻՄ ընտրություններում գլխավորում է ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական Արման Մեղրյանը: ՀՅԴ-ի ցուցակում ընդգրկված թեկնածուներից շատերը չեն աշխատում, որոշներն աշխատում են ՀՀ ԱԺ-ում, Գետարգելի, Աբովյանի համայնքապետարաններում: Ցուցակում ներառված են մասնագիտությամբ հաշվապահ, տեխնիկ, ուսուցիչ և այլք:
«Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորում է Էմիլ Հարությունյան Ա/Ձ տնօրեն Էմիլ Հարությունյանը: Այս ցուցակում են ընդգրկված Արարատ բանկի, Կոնվերս բանկի աշխատակիցներ, Սարանիստ ՍՊԸ-ի աշխատակիցներ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պավել Ցուգունյանն է: ՔՊ-ի ցուցակի երկրորդ հորիզոնականում է շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը: Նա 2018-ին Աբովյանի ընտրություններում ՔՊ քաղաքապետի թեկնածուն էր, սակայն չընտրվեց: ՔՊ-ի ցուցակում ընդգրկված են մի շարք համայնքների ղեկավարներ՝ 4-րդը Վերին Պտղնիի համայնքապետ Գևորգ Պողոսյանն է, 14-րդը՝ Արամուսի համայնքի ղեկավարի ժ/պ Հրաչյա Վարդանյանը, 32-րդը՝ նույն համայնքի ղեկավարի տեղակալ Վոլոդյա Ղազարյանը, իսկ 55-րդը Առինջ համայնքի ղեկավարի տեղակալ Հմայակ Ղազարյանն է:
ՔՊ-ի ցուցակում շատ են Կոտայքի նախկին մարզպետ, ներկայումս շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կադրերը՝ ցուցակում 6-րդն է ՇՄՆ փոխնախարարի օգնական Մելինե Գասպարյանը, 13-րդը Ռոմանոս Պետրոսյանի խորհրդական Տիգրան Գեղամյանը, 29-րդը նախարարության կառուցվածքային ստորաբաժանման գործառույթները համակարգող Գոռ Գրիգորյանը, 44-րդը ՇՄ նախարարության ԾԻԳ մոնիթորինգի ղեկավար Գագիկ Մելքոնյանը: ՔՊ ցուցակի 56-րդ, 58-րդ և 59-րդ հորիզոնականներում ևս այս նախարարության աշխատակիցներն են: ՔՊ-ի ցուցակում շատ են նաև կրթական ոլորտի ներկայացուցիչները՝ Մայակովսկու Հ․Հովհաննիսյանի անվան դպրոցի տնօրենը, Արամուսի Վ․Առաքելյանի անվան դպրոցի տնօրենը և այլք:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ