Այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նիստում կառավարությունը «Բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ ներկայացրեց, որով առաջարկվում է մետաղական հանքերից ստացվող ռոյալթիներից մասհանում անել՝ ազդակիր բնակավայրերին փոխանցելու նպատակով:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը, նախագիծը ներկայացնելիս, ասաց, որ այդ համայնքներում, որտեղ մետաղական հանքեր են արդյունահանվում, սոցիալ-տնտեսական զարգացման նոր հնարավորություններ կունենան: Այդ մասհանումները, որոնք կազմելու են պետբյուջեին վճարվելիս ռոյալթիի վճարի 2%-ը, համայնքներին տրվելու են անվերադարձ:
Օրինակ, 2016-ին 7 արդյունահանող ընկերությունների կողմից պետբյուջե մուտք է եղել 23 մլրդ 570 մլն, 664 հազար դրամ ռոյալթի: 2017-ին այդ գումարը կազմել է 37 մլրդ: Փոխնախարարը այս թվերը ներկայացնելով՝ ասաց, որ տարեցտարի ռոյալթիները աճում են ու իրենք դրանից եզրակացրել են, որ կարելի է համայնքների համար լրացուցիչ մուտքեր ապահովել: Բայց համայնքապետը չի կարող իր ցանկությամբ ու այսպես ասած քեֆով ծախսել այդ գումարը: Ռոյալթիների գումարների ծախսման ծրագրերը պետք է հաստատվեն ավագանիով:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն ասաց, որ մետաղական հանքեր շահագործողների վրա բեռ չկա, նույն գումարը, որ վճարվում էր պետբյուջե, դրանից մասհանում է արվում համայնքների համար. «2% ռոյալթիի 50%-ը տրվում է այդ համայնքին, որտեղ հանքն է, մյուս 50%-ը բաշխվում է ազդակիր մյուս համայնքների միջեւ: Ինչո՞ւ օրենքով չի ամրագրվում, թե ինչի վրա կարող են ծախսվել գումարները, այն հաստատվում է ավագանիով: Իսկ ո՞վ է ասել, որ միայն սոցիալ-տնտեսական ծրագրերի վրա կծախսեն, արդյոք մեքենա չի՞ դառնալու այդ գումարը համայնքապետի համար: Օրենքով կարող ենք պարտադրել, նպատակային ծրագրեր կարող են լինել, որոնք ուղղված կլինեն հանքարդյունաբերությունից առաջացող խնդիրները լուծելու համար»:
Կարդացեք նաև
Փոխնախարարը պատասխանեց, որ օրենքում նշել են ուղղությունը՝ սոցիալ-տնտեսական ու համայնքի ղեկավարի մեքենա դա չի կարող լինել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ