JamNews. Հայաստանի և Արցախի տարբեր քաղաքների պատերին հայտնվել են խճանկար-թիթեռներ։ Շարքի հեղինակը` Սիրանուշ Աղաջանյանը, դրանք նվիրել է 44-օրյա պատերազմին և անվանել «Հետպատերազմյան թիթեռներ / Սիրահարանք»։
Սիրահարանք բառը հեղինակն ինքն է հորինել, հայերենում նման բառ չկա, ասում է՝ այն, ինչպես արվեստի գործ, ուղղակի ստեղծվել է։
«Ինչո՞ւ է կոչվում սիրահարանք: Պատերազմի ժամանակ սիրահարված էի, ու դա տվել ա մոտիվացիա։ Մտածում էի՝ պետք ա ստեղծեմ մի բան, որն իր մեջ կրելու է ակնհայտ երջանկություն, էսթետիկա»։
Այսպես էլ ծնվեց թիթեռների գաղափարը` որպես նոր կյանքի, վերածննդի եւ սիրո մարմնավորում։ Իսկ երբ սկսեց խճանկարները ստեղծելու ընթացքում ուսումնասիրել, պարզեց, որ այլ մշակույթներում էլ թիթեռները նույն նշանակությունն ունեն։
Կարդացեք նաև
«Ոչ բոլոր գործերից է, որ կարելի է երջանկության եւ ուրախության զգացողությունն ունենալ։ Ու ամենաշատը ես դրանք զգացել եմ թիթիեռներն անելու ժամանակ: Նրանք, կարծես, ասում են՝ կյանք կա», — ասում է Սիրանուշը:
Մինչ անցյալ տարի՝ Արցախյան պատերազմը, 27-ամյա Սիրանուշը չէր պատկերացնում, որ պատերազմը կարող է այսքան մոտ լինել իրեն:
«Փոքր ժամանակ երբ լսում էի, որ, օրինակ, Սիրիայում պատերազմ էր, ուղղակի գիտեի, սովորական էր, բայց երբ շատ մոտիկից առնչվեցի, իրականությունը, պատկերացումները, ոգեշնչման կետերը փոխվեցին»,- ասում է նա։
Սիրանուշի կարծիքով՝ արվեստի մեջ պատերազմական հետեւանքների արտացոլումը եւ հակապատերազմական կոչերը կարևոր և էական են։
Խճանկարները շենքերի վրա տեղադրելու համար Սիրանուշը քաղաքային իշխանությունների համաձայնությունը չի հարցնում։ Ասում է, որ մինչ օրս խնդիրներ չի ունեցել։ Ավելին, լսել է, որ իր նախաձեռնությունը նրանց հավանությանն է արժանացել։
Սեդա ԱՌԱՔԵԼՅԱՆ