Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտավորականությունն իրավունք չունի կողքից դիտողի դերում մնալ». «Շուշի» հիմնադրամը հիմնում է Հայ մտավորականների միություն

Դեկտեմբեր 01,2021 15:12

«Շուշի» հիմնադրամի  հայտարարությունը

Արցախյան ազատագրական շարժման 1988-ի պոռթկումը թափ էր առել 1970-80-ականներին գրողների, հրապարակագիրների, լրագրողների, մշակույթի գործիչների, պատմաբանների, հետազոտողների հրատարակած գրքերի, հոդվածների, հեռուստատեսայի հաղորդումների, ֆիլմերի արդյունքում: Արցախում ու Երևանում շարժումը գլխավորում էին միանգամայն այլ մարդիկ:

Թվում էր, թե հեղափոխության արդյունքում իշխանության եկած մարդիկ երկրի կտրուկ վերելքի նոր հիմք կստեղծեն՝ կադրերի ընտրության արդյունքում գնահատելով մարդկանց միտքն ու ուղեղի կարողությունը:

Արցախ-Ադրբեջան պատերազմն իր հերթին խառնեց ամեն ինչ: Ջոկատների կիսագրագետ հրամանատարները դարձան գնդապետներ և գեներալներ, միջակ կարողությունների տեր մարդիկ դարձան նշանավոր գործարարներ, պետական կարևոր այրեր: Մտավորականության հսկողության բացակայության պատճառով ամենաթողությունն ու անպատասխանատվությունը ընդգրկեց ողջ երկիրը, որի արդյունքում օլիգարխիան սերտաճեց իշխանությունների հետ:

Սկիզբ առավ գիտելիքի զգալի պաշար ունեցող  մարդկանց, ուղեղների արտահոսք:

Հանրությունը կտրվեց սեփական մշակույթից ու գրականությունից, որի հետևանքն էր բարոյա-հոգևոր անկումը, կոռուպցիան, պետական միջոցների համատարած թալանը, երկրի բոլոր ոլորտներում ճգնաժամը: Այդ պայմաններում էլ թշնամին մեր երկրում ստեղծեց իրեն ենթակա V շարասյունը, որն իր շոշափուկներով թափանցեց պետական կառույցների ներսը, կազմաքանդելով կարևոր ոլորտները, այդ թվում՝ բանակը:  Հանրությանը, բանակին ներշնչեցին պարտվողական տրամադրություններ:

Երբ մեր հայրենիքի՝ Մայր Հայաստանի, նրա անբաժանելի հատվածի՝ Արցախի վրա կախված է գոյության վտանգը, հայ մտավորականությունը իրավունք չունի կողքից դիտողի դերում մնալ: Անհրաժեշտություն է առաջացել միավորելու հայ մտավորականների ներուժը:  «Շուշի» հիմնադրամը հիմնում է Հայ մտավորականների միությունը (ՀՄՄ), որը կուռ և հզոր կառույց  դառնալով, իր վճռական դերը կունենա հայրենիքի փրկության, նրա հետագա վերելքի խնդիրներում:

Հայ մտավորականների միությունը Եվրոպայի, Ամերիկայի, Միջին Արևելքի, ԱՊՀ  երկրներում իր բաժանմունքներով ակտիվորեն կներգրավվի Մայր Հայաստանի հասարակական և պետական կյանքի տարբեր ոլորտներում, միևնույն ժամանակ կհամախմբի Սփյուռքի հայությանը, կնպաստի համայնքների գործունեության ակտիվացմանը:

 Բակուր  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«ՇՈՒՇԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ  ՆԱԽԱՀԱՀ

ԱՐՁԱԿԱԳԻՐ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ, ԳԵՂԱՆԿԱՐԻՉ       

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031