Երևանի Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցի շրջանավարտ Լեւոն Չատինյանը հայկական բանակ է զորակոչվել 2019 թվականի հունվարի 28-ին: Դպրոցի տնօրեն Լիլիթ Ասլանյանը պատմում է, որ Լեւոնն այդ զուգադիպությունից շատ էր ոգեւորվել եւ մեծ պատիվ էր համարում հայ տղայի համար՝ զորակոչվել հենց բանակի օրը:
Ծառայել է Ջրականի զորամասի հրաձգային գումարտակում: Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 3-ին՝ թեժ մարտերի ժամանակ: Լեւոնի մարմինը հարազատները գտել են զոհվելուց 55 օր հետո, Մեծամորի դիահերձարանում: Լեւոնի եւ նրա ծառայակից ընկերների զոհվելու հանգամանքների հետ կապված շատ բան հայտնի չէ, միայն այն, որ շրջափակման մեջ են հայտնվել. հայկական համազգեստով ադրբեջանցիներ են եղել, ովքեր կանչել են՝ «եկեք մեզ մոտ» եւ տղաները, որ նահանջի հրաման էին ստացել, կարծել են, թե մերոնք են կանչում: Արդյունքում՝ շրջափակման մեջ են հայտնվել:
Պատերազմից մեկ օր անց՝ սեպտեմբերի 28-ին, Լեւոնի ծննդյան օրն էր: Առավոտյան նա զանգահարում է մայրիկին եւ հումորով հայտնում պատերազմի գույժը՝ ասելով. «Մամ, պատկերացնում ես, ծննդյանս տոնը ադրբեջանցիները հրավառությունով են նշում, սկսել են կրակել»: Իսկ մայրիկի՝ Ստեփանակերտի հրուշակեղենի խանութներից մեկում որդու համար պատվիրած ծննդյան տորթը, որը պետք է համտեսեին որդու զինվոր ընկերներն, այդպես էլ մնաց խանութում…
Լեւոնը մինչեւ վերջին օրն էլ մայրիկին ասել է՝ «ամեն ինչ լավ է, անհոգ եղեք»: Ողջ մնացած ծառայակից ընկերներն են պատմում՝ շատ համարձակ պատերազմել է հակառակորդի դեմ, նաեւ մյուսներին ոգեշնչել: Անընդհատ հրամանատարի կողքին է եղել, մշտապես փոխարինել է ծառայակից ընկերներն, ովքեր չեն համարձակվել վարորդի հետ գնալ հաց ու ջուր բերել դիրքերում կռվողներին:
«Մի անգամ մենք Եռաբլուրում էինք, Լեւոնի գերեզմանից քիչ այն կողմ, նստարանին նստած էինք: Երկու զինվորական եկան, անցնում էին. նկարից ճանաչեցին, մեկը մյուսին ասաց՝ հիշո՞ւմ ես, էս տղան մեզ դուխ տվող էն ակնոցով տղան էր: Լեւոնն օպտիկական ակնոցներ էր կրում»,- պատմում է Լիլիթ Ասլանյանը:
Լեւոնն ընտանիքի միակ զավակն էր: Ուսուցիչները փոքր տարիքից են հիշում նրան. մայրիկի հետ հաճախ է եկել դպրոց, հետո ինքն էլ սովորել եւ բարձր առաջադիմությամբ ավարտել է նույն դպրոցը՝ ուսումը շարունակելով Ինֆորմատիկայի պետական քոլեջի ծրագրավորման եւ վեբ-դիզայնի բաժնում, ապա Պոլիտեխնիկական ինստիտուտում, որտեղից էլ, ուսումը կիսատ թողնելով, զորակոչվել էր ծառայության:
Հայրենասիրությամբ սնվել է մայրիկից՝ նույն դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Ալիսա Մարգարյանից, որի դասերում մշտապես գերակայում է հայոց պատմության հերոսական էջերի ներկայացումը:
2021-ի սեպտեմբերի 28-ին, Լեւոնի ծննդյան օրը, դպրոցի բակում հուշաղբյուր-ցայտաղբյուր տեղադրվեց, դպրոցի հարակից տարածքում եղեւնիներ տնկվեցին դպրոցի զոհված շրջանավարտների անուններով: Նաեւ դասասենյակը, որտեղ Լեւոնն է սովորել, այժմ կրում է իր անունը. այնտեղ են գտնվում Լեւոնի կյանքի պարգեւները, նաեւ հետմահու պարգեւները, որոնք հինգն են, այդ թվում՝ ԱՀ նախագահի կողմից ստացած Արիության մեդալը:
Իսկ մի քանի օր առաջ թիվ 82 դպրոցում կրկին Լեւոնի տոնն էր. դահլիճում, որի բեմում հաճախ Լեւոնն էր ելույթ ունենում զինվորականի դերում, կայացավ «Գթության մայր» հասարակական կազմակերպության նախագահ, գեներալ-մայոր Լիլիթ Չիբուխչյանի «Լևոնը» գրքի նվիրման արարողությունը: Գիրքն ամփոփում է Լեւոնի կյանքի պատմությունը: «Ամբողջ գիտակցական կյանքում ես մտածել եմ, թե միայն ծնողի նկատմամբ է պարտքի զգացումն անմար: Բայց մեր Լեւոնի եւ հազարավոր քաջարի տղաների սխրանքները ինձ լրիվ այլ բան համոզեցին, որ անմար է նաեւ մեր հերոսների նկատմամբ մեր հոգու պարտքը: Նրանք չխնայեցին մեզ համար իրենց ունեցած միակ թանկ բանը՝ իրենց կյանքը, նրանք մինչեւ վերջին փամփուշտը պայքարեցին՝ հանուն մեր լինելու, հանուն հայրենիքի խաղաղության: Տղաներն իրենց պարտքը հպարտորեն տվեցին, մենք նրանց հավերժ պարտք մնացինք»,- ասաց Լիլիթ Ասլանյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ