«Սա շատ ծանոթ ու փորձված սցենար է… Ու այս պահին մի ակնարկ է հիշողությանս գալիս՝ ուղիղ հարյուր տարի առաջ, 1920 թ. Այնթափի պատմությունը… Ֆրանսիացիների միջոցով թուրքերը համոզեցին, որ զինաթափվեն հայերը… Մինչդեռ մինչեւ զինաթափվելը բավական լուրջ դիմադրություն է եղել… Ֆրանսիացիների միջոցով համոզեցին, որ հիմա ուրիշ իրավիճակ է, մենք ձեզ տիրություն կանենք եւ այլն, միայն թե զենքերը հանձնեք.., Ու ֆրանսիացիների դուրս գալուց անմիջապես հետո, մտնում են թուրքերը, ու այդպիսով ավարտվում է Այնթափի դիմադրության պատմությունը», -«Հայելի» ակումբում նշեց դիրիժոր, թավջութակահար Արամ Թալալյանը՝ անդրադառնալով հնարավոր դիմադրություն ցույց տվողների, Սյունիքի համայնքապետերի եւ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ «Աշոտ Երկաթի» կալանավորմանը:
Նա Սիրիայի քրդերի հետ կատարվածը եւս հիշեց, որի հետեւանքները նույնպես զինաթափվելու տրամաբանության մեջ դիտարկեց. «Քրդերին էլ վերջերս համոզեցին, որ զինաթափվեն, սակայն դրանից անմիջապես հետո վարձկանները թուրքերի հետ մտան ու մորթեցին հարյուր հազարավոր մարդկանց, այդ թվում՝ քրիստոնյա համայնքների… Սցենարը պարզ է, խոստումներ, խոստումներ, ասում են՝ դուք եք պրովոկացիա անում, զենք ունեք, դրա համար է լարվածությունը, բայց սրանք սուտի-մուտի բաներ են: Ես զարմանում եմ՝ ինքնապաշտպանության դրվագը ցանկացած երկրի, նաեւ մեր երկրի օրենսգրքում է ամրագրված: Ամեն մարդ իրավունք ունի դիմել ինքնապաշտպանության, անկախ նրանից՝ ռուսական զորքը կանգնա՞ծ է, թե՞ ոչ…Մարդիկ թեկուզ որսի համար լիցենզիայով զենք են գնում…
Այստեղ լրիվ ուրիշ ծրագիր է, որ որեւէ դիմադրություն չլինի, այսօր մարդկանց զրկում են ամենաչնչին դիմադրությունից… Հիմա ես ուզում եմ հասկանալ, թե ինչ դնենք այդ պրոցեսի անունը, այսինքն` մենք ուզում ենք պետական մակարդակով Մեծ Թուրանի պրոյեկտին օգնե՞նք, այսինքն` սա օֆիցիալ դոկտրի՞ն է, իսկապես ես ուզում եմ հասկանալ, որովհետեւ մինչեւ այսօր ոչ ոք չի բացատրել՝ մեր պետական դոկտրինը որն է: Եթե պիտի Օստապ Բենդերի մակարդակի բաներ լսենք՝ տիեզերագնացներ, ֆուտբոլի չեմպիոն եւ այլն, դրա մասին չէ խոսքը, այսինքն` մենք ուզում ենք դառնալ Մեծ Թուրանի մա՞ս, իսկ մնացածը դա ուզում ե՞ն…
Այո, արհեստականորեն կարելի է ցանկացած իրավիճակ ստեղծել…Ես ընդհանրապես նույն չափով դեմ եմ հակառուսական, եւ հակաամերիկյան շարժումներին: Կարծում եմ՝մեզ մոտ միայն մեկ հակա շարժում պետք է լինի, դա հակաթուրքականն է»
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ