Առաջիկա կիրակի՝ դեկտեմբերի 5-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում կկայանան ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Պայքարի մեջ են «Ապրելու երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ից եւ «Համերաշխություն» կուսակցությունից կազմված «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
«Ապրելու երկիր» կուսակցության 12 հոգանոց ցուցակը գլխավորում է 32-ամյա Սյուզաննա Ավետիսյանը, որը ոչ մի տեղ չի աշխատում։ Հետաքրքիր է, որ 7 թեկնածու բացարկի դիմում է ներկայացրել տարածքային ընտրական հանձնաժողով ու այժմ ցուցակում 5 թեկնածու է, որոնցից 2-ն են արական սեռի ներկայացուցիչ։ 52-ամյա Խաչիկ Գալստյանը նաեւ ցուցակի տարիքով ամենաավագն է։
«Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքի ցուցակի 10 թեկնածուներից երկուսն են ինքնաբացարկի դիմում ներկայացրել։ Ցուցակը գլխավորում է 66-ամյա անկուսակցական Ազատ Հովակիմյանը։ Նա, ինչպես նաեւ 5 թեկնածուներ, գործազուրկ են։ Թեկնածուներից մեկը անհատ ձեռներեց է, իսկ մյուսը ուսուցչուհի։
Կարդացեք նաև
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում 20 թեկնածու է։ Բացարկի դիմումներ չկան։ 20-ից միայն երկուսն են անկուսակցական՝ Ջերմուկի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի եւ զբաղվածության ծրագրերի բաժնի ավագ սոցիալական աշխատող Արմենուհի Սաֆարյանն ու Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոցի օտար լեզվի ուսուցչուհի Մարինե Մկրտչյանը։ Թեկնածուներից մեկը ատամնաբույժ է, մեծ մասը «Ջերմուկ գրուպի » աշխատակիցներն են։ Կառավարող ուժի ցուցակը գլխավորում է Ջերմուկի համայնքի ղեկավարի պաշտոնակատար 28-ամյա Վահագն Արսենյանը։
Նշենք, որ Ջերմուկ համայնքի մեջ մտնում են՝ Կեչուտ, Գնդեվազ, Ջերմուկ բնակավայրերը։ Ընտրողների թիվը 5864 է, իսկ համայնքի ավագանին կունենա 15 անդամ։
Բացի Ջերմուկից, ավագանու ընտրություններ են նախատեսված նաեւ Վայոց ձորի մարզի Վայք եւ Եղեգնաձոր համայնքներում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ