Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի տխրահռչակ նախարարին փոխարինեցին Դումանյանով, դուման կապեց մշակույթի ու կրթության համակարգի վրա». գրականագետ

Դեկտեմբեր 01,2021 14:13

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության որոշմանը, որի համաձայն՝ հայոց լեզուն եւ հայոց պատմությունը հանվում են պարտադիրների ցանկից, եւ դիմորդները ստիպված են լինելու ընտրություն կատարել օտար լեզվի եւ հայոց լեզվի ու Հայոց պատմության միջեւ, ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանը նշեց. «Եթե այս իշխանությունները մնան, թերեւս կգա մի ժամանակ, երբ հայագիտական առարկաներն առհասարակ ծրագրային չեն համարի, կհանեն դպրոցներից ու բուհերից: Սա հստակ ընդգծված հակահայ ծրագրերով զինված խումբ է:

Դրա ապացույցը տվել են երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանը, Աշոտ Մելքոնյանը, պատմաբաններն են խոսել այդ մասին՝ այն ժամանակ, երբ, օրինակ՝ իրեն պատմաբան համարող ոմն Վահրամ Թոքմաջյան Հայոց եկեղեցու պատմությունը միացնում էր Հայոց պատմությանը:

Տխրահռչակ մի ԿԳՄՍ նախարար ունեին, որին հարմար անուն կպցրեց ժողովուրդը, սա իր առաջին քայլարշավը սկսեց հենց հայագիտական առարկաներից, ու պատահական չէ, որ ընդվզում եղավ, երիտասարդները պառկեցին ԿԳՄՍ նախարարության դիմաց: Այս ծրագիրն այս վարչախումբը ոչ միան ուզում է իրագործել, այլեւ պարտադրված է իրագործել»:

Գրականագետը հավելում է. «Այն կենտրոնները, որոնց կոկորդին մնացել է Հայաստանի Հանրապետությունը, սարսափահար են եղել հայոց պետականության ստեղծումից ու զարգացումից, որովհետեւ Հայաստանն իբրեւ լեռ քար ընկած է այդ գիշատիչ պետությունների եւ ամենից առաջ մեր թշնամիների՝ թուրանական երազանքի ճանապարհի վրա: Իսկ պայքարող, մարտնչող հայ ժողովուրդը կենսական արժեքներն ու շահերը գիտակցում է բացառապես հոգեւոր արժեքների շնորհիվ՝ հայոց լեզվի, հայ մշակույթի եւ հայոց եկեղեցու: Հենց դրանց դեմ էլ իրենք ուղղորդեցին հարվածը:

Երբ ժամանակին փոխում էին նախարարին, ես ասացի, որ նախարար փոխելով ոչինչ չի փոխվի: Իրենք տարան մի տխրահռչակին, տեղը բերեցին Դումանյանին, ու դուման կապեց մշակութային եւ կրթական ողջ համակարգի վրա: Այսօրվա նախարարից դեռեւս որեւէ հոդաբաշխ միտք չի հնչել կրթական քաղաքականության, կրթությունն ու մշակույթը զարգացնելու վերաբերյալ: Նա միայն այնպիսի մտքեր է ասում, որից հետո մտածող մարդկանց ուղեղներում ճաքեր են առաջանում, օրինակ, ասում է՝ ուսուցիչները վարձատրվում են այնքան, ինչքան աշխատում են:

Երբ այս խունտան իշխանության եկավ, պատահական չէր, որ խաչակրաց արշավանք սկսեց հայագետ ռեկտորի (Արամ Սիմոնյանի-Գ.Հ.) դեմ, որը Զանգեզուրի հերոսամարտի լավագույն վավերագրողներից ու պատմականորեն վերլուծողներից մեկն էր, Արամ Սիմոնյանի ոտքերի տակ սրանք փռում էին մատղաշ աղջիկներին՝ իբրեւ արգելանք: Իսկ այսօրվա ոչ բարով ԿԳՄՍ նախարարն իր ֆակուլտետում միանձնյա որոշել էր, որ հայոց լեզվի դասընթացը լինելու է կամընտրական»:

Սերժ Սրապիոնյանը փաստում է. «Այսօր դպրոցի մակարդակը, ցավոք, այն չէ՝ հենց սրանց միջոցով, թեեւ ես չեմ խնայում նաեւ նախկիններին, որ ժամանակին օպտիմալացման անվան տակ բոլոր վաստակաշատ ուսուցիչները դուրս նետվեցին դպրոցից, փոխարենը բերվեցին կասկածելի դիպլոմատերեր, մասնավոր բուհեր ավարտածներ…Եվ եթե նախորդների ժամանակ գոնե թոշակի տարիքի հասած վաստակաշատ մարդկանց թույլ էին տալիս աշխատել՝ մինչեւ փորձը փոխանցեր հաջորդող սերնդին, սրանք պարտադիր են դարձրել 63 տարեկանից մարդկանց թոշակի ուղարկելը, եւ նրանց փոխարեն իրենց մանկլավիկներին բերելը, որպեսզի դրանք խոնարհաբար, վիզը ծուռ կկատարեն սրանց բոլոր պահանջները: Արդյունքում՝ դպրոցը հիմնավորապես ոչնչացրել են: Սրանք երկու նախարար են ունեցել չորս տարում, ու այդ չորս տարում կրթական ծրագրերը բացառապես վերաբերել են հայագիտական առարկաների ոչնչացմանը»:

Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, պատմությունը նաեւ ոգեղենություն է, սերունդներ կրթելու միջոց, եւ 5-րդ դարում Եղիշեն իզուր չէր բարձրացնում նահատակ, անձնազոհ հերոսի՝ Վարդան Մամիկոնյանի կերպարը. «Իսկ սրանք դպրոցական դասագիրք են ներմուծել այն, որ Վասակը հմուտ դիվանագետ էր, Վարդանը՝ ավանտյուրիստ: Փաստորեն, 1500 տարվա մեր կուռքին, օրինակին, որին սերունդներ են հետեւել, որի՝ զորքի առաջ արտասանած ճառը դարձել է սերունդների համար ուղեցույց, մտածված ոչնչացնում են: Թեեւ դա բնավ էլ զարմանալի չէ, որովհետեւ մերօրյա հերոսներին էլ պսակազերծեցին՝ տուշոնկա-շոուներով, թալանի ու դղյակների օպերացիաներով: Պսակազերծում են, որ հերոսականությունն իբրեւ գաղափար մեր ազգի միջից հանեն…

Այսօր ի՞նչ Արտաքին գործերի նախարարություն ունենք, ինչ քաղաքականություն է վարում այն, երբ փորձառու մարդիկ, որ գոնե նվազագույնը տիրապետում էին հայոց եւ հարեւան ժողովուրդների պատմությանը, հեռացվել են, ԱԳՆ-ն լցրել են օմեգաներով, ալֆաներով, բետաներով, որոնք մեր պատմությունից տեղյակ են այնքան, ինչքան ես՝ Մոզամբիկի պատմությունից…Ուրեմն էլ ո՞նց պետք է պաշտպանեն Հայաստանի շահերը:

Այս մարդիկ այսօր խոսում են ամենագռեհիկ լեզվով, փրփրաբերան, հայհոյախառն, «է» օժանդակ բայի փոխարեն, որը հայոց լեզվի առանցքն է, էությունն է, գոյն է, «ա» են օգտագործում, հայոց լեզուն հնացած ֆուտբոլի գնդակի նման տշում են աջ ու ձախ: Աբովյանը, որի ամեն բառը սրանց յոթանասուն տարվա տոհմերը կկշռեր, էդքան միամի՞տ էր, որ ասում էր՝ հայոց լեզուն փախչում էր առաջիս Կրեսոսի նման… Այս մարդիկ նաեւ հայոց լեզուն են թիրախավորում: Նայեք, թե ինչ են անում գրականության հետ. ազատ մտածողության անվան տակ ինչքան սեռախտաբանական, արյունոտ, կեղտոտ, հոր ու աղջկա սեռական կապի մասին գրականություն կա՝ բերել- լցրել են ծրագրերի մեջ: Մեր բողոքներից հետո՝ իբր մուրացիկի դեմ նետված մի կտոր չոր հաց, ասացին՝ վերականգնում ենք Նարեկացին, այն էլ Աստված գիտի, թե ինչպես են վերականգնել…Մինչդեռ մեր կողքին ստեղծագործել են մարդիկ, որոնք միտումնավոր մոռացության են մատնված: Ես ընդամենը մի քանի անուն կտամ՝ Հրաչյա Սարուխան, Թամրազյան, Խաչիկ Մանուկյան, որ քայլող դասական է, Վարուժան Խաստուր, որը ոսկեղենիկ հայերենի ամենամեծ ծնծղահարն է…Բայց այս մարդկանց առաջ փակ են դասագրքերը, որովհետեւ իրենք դաստիարակելու են իսկական հայերի:

Խաչիկ Մանուկյանի հերոսերգությունը հավերժորեն մեր գրականության ուղեկիցն է լինելու՝ ծնված անձնական ցավից: Մեր գրականության մեջ երկրորդ Սիամանթո կա ի դեմս նրա…Իսկ այս բաները նրանց ձեռք չեն տալիս, եւ այդ պատճառով Հայոց լեզուն ու Հայոց պատմությունն այսօր կամընտրական են, իսկ վաղը ծրագրերից կհանեն, որպեսզի ծնկի բերեն ժողովրդին:

Հիմա կամաց վերակենդանանում է նաեւ հակաեկեղեցական շարժումը: Ընդ որում, խնդիրը միայն տարածքները չեն, դրանք վերականգնելի են, ոգու սպանությամբ կվերանա ժողովուրդը: Այս մարդիկ համառորեն իրենց երկաթյա ժանգոտ ճանկերը մխրճում են հայոց հոգու մեջ եւ արյուն են քամում, իսկ այդ արյունը մեր լեզուն ու մեր պատմությունն է, մեր եկեղեցին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031