«Դա ձեւական բնույթ է կրելու։ Չեմ էլ կարծում, որ մաքսակետերի մասին խոսակցությունն առարկայական կողմ կթեքվի։ Համոզված եմ, որ դա ընդամենը ձեւական կլինի»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հայտարարությանն այն մասին, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ ադրբեջանցիների կողմից զավթված հատվածում հայկական կողմն արդեն իսկ ունի մաքսային ծառայողներ, սակայն ադրբեջանական որեւէ մեքենա դեռ չի հատել հայկական մաքսային վերահսկողության հատվածը՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
Նա հարցադրումներ արեց․ «Տրամաբանությունը ո՞րն է մեր կողմից մաքսակետ ունենալու։ Ո՞ր մի ադրբեջանական մեքենան կգա մեր մոտ՝ մաքսազերծվելու։ Գորիս-Կապանն ունի երկու հատված՝ M2-ը, որը վերահսկվում է ադրբեջանցիների կողմից եւ այս պահին փակ է։ Անգամ բենզալցակայան են կառուցել ադրբեջանցիները։ Հիմա մեր կողմից ո՞ր մաքսակետի մասին է խոսքը, որով ադրբեջանցիները պետք է մտնեն ու գան ՀՀ։ Ո՞նց եք պատկերացնում, որ մաքսազերծվեն։ Չնայած, ուղղեմ խոսքս․ այս կառավարության պարագայում ոչինչ չի բացառվում, եւ վաղը կարող է ադրբեջանական մեքենաները գան, մաքսազերծվեն ու գնան դեպի Վրաստան»։
Վահե Հակոբյանը նշեց՝՝ տեղեկություն չունի, թե ՊԵԿ-ն ինչ շինություններ է պատրաստվում գնել՝ հայկական մաքսակետերի տեղակայման համար․ «Գուցե կրպակի նման միջոցներ են գնելու, չգիտեմ։ Ես արդյունավետ ծախս չեմ համարում դա, որովհետեւ կառավարությունն արդեն իր երեւակայության մեջ ընդունել է այդ սահմանները»։
Վահե Հակոբյանը նաեւ ասաց՝ շատ հավանական է, որ իրանական բեռնատարների վարորդները նախընտրեն անցնել նշյալ հատվածով եւ լիցքավորվեն ադրբեջանական վառելիքով, քանի որ այն էժան է։
Կարդացեք նաև
«Իրենք ստիպված են լինում հետները թաքցված վառելիք փոխադրել, ինչը հայկական մաքսակետերում թափել են տալիս։ Իրանական բեռնատարների համար այդ հատվածը գրավիչ է այնքանով, որ ավելի լայն է, քան H46-ը։ Այն ծանրաբեռնված չի, եւ կա ադրբեջանցիների կողմից առաջարկվող էժան վառելիք։ Իրանական բեռները վաճառվում են ՀՀ քաղաքացուն, այսինքն՝ մենք ենք տալիս իրանական բեռնատարի մաքսազերծման գումարը։ Իսկ Աղվանի-Տաթեւ ճանապարհը՝ H46-ը, բավականին խցանված է։ Բա որ ձյուն գա՞։ Խցանում, մառախուղ․․․մեծ բեռնատարը մտնում է ոլորաններ, բոլորն արգելափակվում են։ Մարդատար եւ բեռնատար մեքենաները երթեւեկում են միաժամանակ, եւ այդ հատվածը երեք ժամում է հնարավոր հաղթահարել»,-շեշտեց Վահե Հակոբյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ