«Մեր մաքսային ծառայողներն արդեն ծառայություն են իրականացնում այդ հատվածներում։ Իհարկե, բուն գործառույթներին հարցը չի հասել։ Դա այն դեպքերում կլինի, երբ ինչ-որ մեքենա հատի Հայաստանի սահմանը, եւ այդտեղ մաքսային հսկողություն իրականացնելու անհրաժեշտություն առաջանա»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ Ադրբեջանի կողմից զավթված հատվածում, որտեղ ադրբեջանական մաքսակետեր ու անցակետեր են տեղակայվել, ՀՀ-ն մաքսային ծառայություն իրականացնո՞ւմ է, թե ոչ՝ ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Բայց մաքսային ծառայողներն արդեն տեղակայված են, եւ մենք որոշակի աշխատանք ենք անում, որ իրենց համար աշխատանքային հավելյալ պայմաններ ապահովենք այդ հատվածում։ Շինություններին փոխարինող ավելի հարմարեցված միջոցներ կան, որոնք հիմա գնման գործընթացում են»,-նշեց նա։ Ռուստամ Բադասյանի խոսքով․ «Հիմա մեր մաքսային ծառայողները տեղակայված են նույն հատվածում, որտեղ այլ պետական կառույցների ծառայողներն են»։
Ռուստամ Բադասյանը դժվարացավ ասել՝ ադրբեջանցիներն իրենք կօգտվե՞ն մեր մաքսային ծառայություններից․ «Մեր տեղակայումն ինքնանպատակ չի։ Կառավարությունից պարզաբանել են դրա անհրաժեշտության մասին։ Նպատակահարմար չեմ համարում ասել, թե մեր մաքսային ծառայողները որտեղ են տեղակայված եւ ինչ նպատակով: Այն փաստը, որ իրենք տեղակայված են, արդեն իսկ նշանակում է, որ իրենք իրականացնում են մաքսային գործառույթ։ Եթե ավտոմեքենա հատել նկատի ունեք, ապա ոչ, չի եղել նման դեպք»։
Կարդացեք նաև
ՊԵԿ նախագահը նաեւ հայտնեց՝ ճանապարհահատվածի հետագա օգտագործման մասին որեւէ տեղեկություն չունի․ «Ապաշրջափակման, ճանապարհների բացման հետ կապված բանակցությունները բոլորիս հայտնի է, թե ինչ ձեւաչափով են քննարկվում։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մեկնաբանություններին պետք է հետեւել»։
Հիշեցնենք, որ Գորիս-Կապան ավտոճանապարհը զավթած ադրբեջանցիները ոչ միայն մաքսակետ են տեղադրել, այլ նաեւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի բենզալցակայան են բացել։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ