«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կկալանավորվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, բավարարել է դատախազության բողոքը և կայացրել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Աշոտ Մինասյանին կալանավորելու առաջին փորձը եղել է ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020 նոյեմբեր ամսին, երբ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո տեղի ունեցան զանգվածային ձերբակալություններ: Առավել աղմկահարույց էր, այսպես կոչված, Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստության, իշխանության յուրացման և ապօրինի զենք –զինամթերք պահելու վերաբերյալ քրեական գործը, որի շրջանակներում ձերբակալվել էին ազատամարտիկ Աշոտ Մինասյանը, Արթուր Վանեցյանը և մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ:
ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչները Աշոտ Մինասյանին կալանավորելու մասին միջնորդություն էին ներկայացրել դատարան, որը 2020թ նոյեմբերի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի կողմից մերժվել էր՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, ինչից հետո դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել դատական ակտը և կայացել Մինասյանին կալանավորելու մասին որոշում, ինչը ևս մերժվել է և առաջին ատյանի դատարանի որոշումը մնացել է անփոփոխ: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պնդելով, թե Ա. Մինասյանն ապօրինի ձեռք է բերել մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր, դրանք տեղափոխել և պահել իրեն պատկանող շինությունում՝ քննության տվյալ փուլում ինքնությունը դեռևս չբացահայտված անձանց հետ նախնական համաձայնությամբ, հետևաբար,գտնում է, որ Մինասյանը, գտնվելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը:
Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու դրվագով առկա է հիմնավոր կասկածը, իսկ ահա Փաշինյանի սպանության ենթադրյալ նախապատրաստման և իշխանության յուրացման դրվագներով՝ ոչ։
Կարդացեք նաև
Փաստելով հիմնավոր կասկածի բացակայությունը՝ Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է դատախազության բողոքը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
Առաջին ատյանի դատարանը վերջերս քննել է Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը և կրկին մերժել այն, բայց այս անգամ՝ կալանավորման հիմքերի բացակայության հիմքով։ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Մինասյանը, գտնվելով ազատության մեջ, չի խոչընդոտի գործի քննությանը: Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և կալանավորել Մինասյանին, ինչը, փաստորեն, բավարարվել է։
Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ