Լրահոս
Օրվա լրահոսը

Անիմաստ կամակորություն

Դեկտեմբեր 01,2021 10:00

Հայաստանում գոյություն ունի Ազգային ժողովում ընդդիմության աշխատելու երկու ձեւ: Կա՛մ դուք ասում եք իշխանության ներկայացուցիչներին՝ «դուք հանցագործ եք, թշնամի եւ դավաճան, մենք ձեզ հետ քննարկելու խնդիրներ չունենք, իսկ ԱԺ ամբիոնն օգտագործում ենք միմիայն ձեզ «քլնգելու» համար»: Այդպես էր վարվում, ի թիվս այլոց, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Հիշո՞ւմ եք, օրինակ, նրա չափազանց համոզիչ ելույթները «պադավատապետության» դեմ: Ինձ, օրինակ, այդ ելույթները դուր էին գալիս. իսկապես նախորդ իշխանությունը ձգտում էր ճոխությունների՝ հարկատուների հաշվին, մասնավորապես՝ թանկարժեք «պադավատներ» գնելով: Իհարկե, հարց է առաջանում, թե արդյոք այդ առումով իշխանության եկած Փաշինյանի թիմն ինչ-որ ձեւով տարբերվո՞ւմ է նախորդ թիմից, բայց ընդդիմության խորհրդարանական մարտավարության հետ այդ հարցը կապ չունի: Արձանագրենք, որ վերը նկարագրված մարտավարությունը մեր երկրում արժանանում է ընդդիմադիր ընտրազանգվածի դրվատանքին:

Կա նաեւ խորհրդարանում ընդդիմության աշխատելու երկրորդ ձեւը, որն ընդունված է նաեւ զարգացած երկրներում: Ընդդիմադիր պատգամավորները մասնակցում են օրինագծերի քննարկմանը, հանդես են գալիս առաջարկություններով, փորձում են մնացած պատգամավորների հետ գտնել հարցերի օպտիմալ լուծումները: Նման վարքագիծը Հայաստանի բողոքական ընտրազանգվածին դուր չի գալիս. այդ քաղաքացիները, ինչպես նաեւ արտախորհրդարանական ընդդիմադիրները եւ հրապարակախոսներն ու ֆեյսբուքյան ստատուսագիրները սկսում են մեղադրել խորհրդարանական ընդդիմադիրներին «գաղտնի պայմանավորվածությունների», «կոլաբորացիոնիզմի» եւ անգամ «ծախվածության» մեջ: Քաղաքական երկխոսության մշակույթը Հայաստանում ակնհայտորեն չի ձեւավորվել: «Սրանց հետ ի՞նչ երկխոսենք», – զայրացած բացականչում են «հակամարտող» կողմերը՝ ի պատասխան երկխոսության առաջարկի:

Այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը հիմնականում հակված է առաջին տարբերակին. ըստ այդ տրամաբանության, ի՞նչ երկխոսություն կարող է լինել «կապիտուլյանտի» թիմի հետ: Բայց այդ տրամաբանությանը հակասում է իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Արթուր Ղազինյանի պերմանենտ առաջադրումը ԱԺ հանձնաժողովներից մեկի փոխնախագահի պաշտոնին՝ մի պաշտոն, որի համար պարոն Ղազինյանն, իմ կարծիքով, անգլերեն ասած՝ «overqualified» է: Պարզ չէ, թե ինչ խնդիր է դրանով լուծում ընդդիմությունը: Եթե այլ թեկնածու չառաջադրելը նրանց համար սկզբունքի հարց է, ապա, ի վերջո, թող այդ աննշան պաշտոնը թափուր մնա: Կամ ՔՊ-ականին տան՝ աշխարհը շուռ չի գա:

Ես այս պատմության մեջ ոչ մի քաղաքականություն էլ չեմ տեսնում: Ես տեսնում եմ երկու մարդու՝ Քոչարյանի (Ռոբերտ) եւ Փաշինյանի, մեղմ ասած, «համառությունը»: Երբ երկու կամակոր… էակներ հանդիպում են մի կամրջի վրա եւ իրար ճանապարհ չեն տալիս, կամրջի մոտ ամբողջ «երթեւեկությունը» խցանվում է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Կարծում եմ, բոլոր պետությունների գլխին գարբաչովներ են նշանակում եւ նրանց պաշտոնի լուծարմամբ լուծարում են նաեւ այդ պետությունները, բայց ո՞րն է դրանց նպատակը՝ պետությունները փլուզվելով կփլուզվեն նաեւ համայնքները, ազգային արժեքները, ընտանիքները, դրանով մարդկությունը կվերանա: Իզուր չեն ասում, փողն ու իշխանությունը շատ շատերին բերում է հոգեկան խանգարումների, իսկ ինչ այսօր է կատարվում, դա հոգեկան հիվանդների կառավարման արդյունք է, թող ներեն իսկական հոգեկան հիվանդները, որ համեմատում եմ նապոլեոններին իրենց հետ, սրանք շատ վտանգավոր են, որովհետեւ հսկայական պետական ռեսուրսներ են ղեկավարում: Եթե դա միայն մեկ երկու երկրներում լիներ, նորմալ մեծամասնությունը դրանց տեղը կդներ, բայց հիմա ճիշտ հակառակ հարաբերակցությունն է՝ նորմալներն են մեկ երկուսը: Ի՞նչ անել, երբ նորմալ ժողովուրդներին ղեկավարում են աննորմալ ղեկավարները: Բոլոր ժողովուրդների մեջ միշտ էլ կան բնազդով էությամբ մարդասեր ու ժողովրդասեր մարդիկ, ես նրանց ազնվական եմ անվանում, այդ ազնվականները գործում են իրենց մարդասիրական ու ժողովրդասիրական ծնողի բնազդով եւ ոչ թե լավություն ու հերոսություն անելու իմաստով, այս մարդկանց փողով փառքով ու իշխանությամբ չես կաշառի, եթե ժողովուրդները սարի նման այս տեսակի մարդկանց թիկունքին կանգնեն եւ պատրաստ լինեն նրանց յուրաքանչուր հրամանը զինվորի նման կատարեն, այդ ժողովուրդը կփրկվի էս խելառ աշխարհում: Ազնվականներ բոլոր երկրների, միացե’ք հանուն ձեր ժողովուրդների եւ աշխարհին պարտադրեք ձեր գլոբալ մարդասիրական ժողովրդասիրական օրակարգը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031