Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ թաքցրեց Սոչին

Դեկտեմբեր 01,2021 12:00

ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման փաստ չկա, քաղաքացիական անձանց սպանությունների խնդիր չկա, ռազմագերիների վերադարձման պահանջ չկա, ԼՂ-ի կարգավիճակի հարցն ակտուալ չէ

Հայաստան-Ադրբեջան հակամարտության նոր փուլի կարգավորման ուղղությամբ հերթական ռաունդը կայացավ նոյեմբերի 26-ին Սոչիում՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ: Հերթական եռակողմ բանակցությունների արդյունքում ընդունված հայտարարությունը հայկական համացանցային տիրույթում խանդավառություն է առաջացրել այն առումով, որ դրանում բացակայում է «միջանցք» բառը։ Անդրադառնանք, սակայն, բանակցությունների օրը հնչեցված հայտարարությունների տողատակերին, որոնք առավել կարեւոր էին եւ ի ցույց էին դնում, թե ինչ վիճակում է այսօր հայտնվել Հայաստանը եւ ինչ են ակնկալում պաշտոնական Երեւանից:
Միանգամից նկատենք, որ Սոչիի եռակողմ հանդիպումը փորձ է արագացնելու գործընթացը, եւ նոր պայմանավորվածությունների մասին երեք երկրների փոխվարչապետները կհայտարարեն արդեն այս շաբաթ:

Այսպես, Սոչիում Փաշինյանի, Պուտինի եւ Ալիեւի հանդիպմանը ՀՀ վարչապետը շեշտեց ռուս խաղաղապահների դերը, նկատելով, որ ՌԴ-ն առանցքային դերակատարում ունի Լեռնային Ղարաբաղում եւ տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում: Միեւնույն ժամանակ Փաշինյանն ընդգծեց, որ «իրավիճակը ոչ այնքան կայուն է», նկատելով. «Նախորդ տարվա նոյեմբերի 9-ից հետո մի քանի տասնյակ մարդ է մահացել երկու կողմերից էլ, դեպքերը տեղի են ունենում եւ Լեռնային Ղարաբաղում, եւ այս տարվա մայիսի 12-ից հետո մենք փաստացիորեն ունենք ճգնաժամային իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանին եւս: Մեր գնահատականն այնպիսին է, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք: Իհարկե, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանը դելիմիտացված եւ դեմարկացված չէ, բայց պետական սահման գոյություն ունի եւ դա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն է: Ես չեմ համաձայնի Ադրբեջանի նախագահի ձեւակերպման հետ, թե փաստացի բոլոր կետերը, բացի կոմունիկացիաների ապաշրջափակումից, արդեն իրականացվել են: Դուք գիտեք, եւ դա մենք բազմիցս քննարկել ենք Ձեզ հետ, եւ ուղիղ, եւ հեռախոսով, որ առկա է նաեւ ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց հարցը: Դա շատ կարեւոր հումանիտար հարց է, եւ ես ուզում եմ ասել, որ մենք այսօր հավաքվել ենք ոչ նրա համար, որպեսզի միայն հնչեցնենք խնդիրները, այլ նաեւ խոսենք եւ քննարկենք այն խնդիրները, որոնք առկա են»:

Սակայն, այսքանով հանդերձ, Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է սկսել սահմանի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացը, որ տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման թեման շատ կարեւոր է Հայաստանի համար: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով՝ նա նշեց. «Մենք գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, բայց կարծում եմ, որ շատ հարցեր կարող ենք եւ պետք է քննարկել եւ լուծել եռակողմ ֆորմատով, երկկողմ ֆորմատով»: Ապա՝ նա հավելեց. «Ես պետք է ասեմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաների միջեւ արդեն ուրվագծվում են նաեւ ուղիղ կապեր եւ կարծում եմ, որ դա նույնպես պետք է ընդգծել ոչ այնքան լավ եւ պոզիտիվ նյուանսների ֆոնին: Այդ պոզիտիվ նյուանսները նույնպես պետք է ընդգծել: Եվ ամենակարեւորը, ցանկանում եմ կրկնել, կարծում եմ, որ այսօրվա հանդիպման գլխավոր նպատակն է ոչ միայն բարձրաձայնել ինչ-որ խնդիրների առկայության եւ բացակայության մասին, այլ գլխավորն այն է, որ այսօր մենք կարողանանք գալ կոնկրետ կամ որքանով հնարավոր է կոնկրետ որոշումների տարածաշրջանում` Հարավային Կովկասում կայունության համար, քանի որ մեր պատասխանատվությունն է` խաղաղությունը, կայունությունը եւ մարդկանց անվտանգությունը»:

Հայկական կողմի համար լրջագույն խնդիրները հրապարակավ հնչեցնելով՝ Փաշինյանը փաստեց հայկական դիվանագիտության սնանկությունը. նա խոսեց կարեւոր խնդիրների մասին, որովհետեւ գիտեր, որ ընդունվելիք, կամ ներկայացվելիք համատեղ հայտարարությունում, օրինակ՝ ոչ գերիների վերադարձի պահանջի մասին, ոչ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման ու ոչ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հրամայականի մասին չի արձանագրվելու: Հետեւաբար, Փաշինյանին մնում էր գոնե բարձրաձայնել, որպեսզի երկրի ներսում՝ «լավ ելույթ ունեցավի» արժանանար:

Ավելին, Փաշինյանը թեեւ խոսեց հայկական կողմի համար լրջագույն խնդիրների մասին, սակայն միեւնույն ժամանակ, նա միանգամայն ընդունելի համարեց, որ կես տարի ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական կողմի հետ շատ հարցեր կարելի է երկկողմ ֆորմատով էլ քննարկել: Այսինքն, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրս գալը, հայ ռազմագերիներին վերադարձնելն անգամ պաշտոնական Երեւանի համար նախապայման չեն՝ Բաքվի հետ բանակցություններ սկսելու հարցում:

Պուտինի ու Ալիեւի ելույթներն էլ տողատակերում բավական իրողությունների վրա լույս սփռեցին: Ռուսական կողմն արդեն մի քանի ամիս չի թաքցնում, որ շտապում է հաղորդակցության ուղիների ու սահմանների ճշգրտման հարցում, այս մասին գրեթե ամենշաբաթյա ռեժիմով Մոսկվայից հայտարարություններ էին հնչում: Անսպասելի չէր, որ Պուտինն էլ կենտրոնացավ հենց այդ հարցերի վրա: Եռակողմ բանակցությունների մեկնարկին Պուտինը նախ հույս հայտնեց, որ մոտ ժամանակներս կարող են որոշումներ ընդունվել Ղարաբաղում տրանսպորտային հաղորդակցությունները բացելու մասին. «Կան հիմքեր ենթադրելու, որ առաջիկա ժամանակներում մենք ոչ միայն կհաստատենք ճանապարհների ապաշրջափակման հարցերով համապատասխան խմբի գործունեությունը, այլ նաեւ կընդունենք բոլորի համար անհրաժեշտ որոշումներ»։ Այնուհետեւ նա հույս հայտնեց, որ մոտ ժամանակներս կողմերը կսկսեն աշխատանքները սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի շուրջ, միաժամանակ, արդեն իսկ հույս հայտնելով, որ նույն օրվա հանդիպմանը կողմերը՝ «որոշակի քայլեր կձեռնարկեն եռակողմ ձեւաչափով, որպեսզի բրյուսելյան հանդիպումն ավելի արդյունավետ անցնի»։

Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ մոտ երեք ժամ շարունակված բանակցություններից հետո արդեն Պուտինը վստահեցրեց, որ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում. «Մենք շատ մանրամասն խոսեցինք տնտեսական միջանցքների, առաջին հերթին՝ երկաթուղային եւ ավտոճանապարհների ապաշրջափակման մասին»։ Ապա՝ նա հույս հայտնեց, որ բանակցություններից հետո տարածաշրջանում բոլոր կապերը եւ ճանապարհները կբացվեն. «Հաղորդակցության ուղիները, տրանսպորտային երթուղիները, որոնք այսօր եռակողմ ձեւաչափով քննարկեցինք, ծայրահեղ կարեւոր են, ընդ որում՝ կարեւոր տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի համար, քանի որ մենք շահագրգռված ենք, որ մեր ռազմավարական գործընկեր Հայաստանի հետ հաղորդակցության ուղիները լինեն հուսալի, բազմակողմ, հեշտ գործածվող եւ շուրջ տարին աշխատող»։

Այսինքն, եռակողմ բանակցությունների երաշխավոր, ԼՂ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող Մոսկվայի, Հայաստանի «ռազմավարական» դաշնակցի համար Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման փաստ չկա, քաղաքացիական անձանց սպանությունների խնդիր չկա, ռազմագերիների վերադարձման պահանջ չկա, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ակտուալ չէ:

Ի՞նչ է սա, եթե ոչ՝ ադրբեջանական օրակարգ…
Դառնանք Ադրբեջանի նախագահի հայտարարությունների տողատակերին: Նրա ելույթների որոշ կետեր կարելի է կեղծիքի շարան անվանել:
Անցած մեկ տարում, պարզվում է, իրավիճակը Ղարաբաղում՝ «կայուն է, լուրջ բախումներ չեն եղել, նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններն էլ՝ հիմնականում կատարվել են», ու ըստ նրա՝ չկարգավորված ամենակարեւոր հարցերից մեկը՝ «տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն է»։ Բացահայտ ու աղաղակող սուտ. ԼՂ-ում ռուս խաղաղապահների վերահսկողության տարածքում քաղաքացիական անձինք են սպանվել, մինչդեռ դրա մասին Ալիեւը, բնականաբար, լռում է՝ Պուտինի դեմքին նայելով ստում է, վերջինս էլ այդ կեղծիքին հավանության նշան է տալիս:

Իսկ ահա պարզվում է, որ կա մի հարց, որը մտահոգում է Բաքվին, դա՝ իրավիճակն է հայ-ադրբեջանական սահմանին։ «Ադրբեջանը բազմիցս առաջարկել է անհապաղ սկսել սահմանազատման աշխատանքները, ինչպես նաեւ բազմիցս բարձրաձայնել է խաղաղության պայմանագիր կնքելու հարցը, որպեսզի երկու երկրները ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը եւ այսուհետ շարունակեն ապրել որպես հարեւաններ», նշեց Ալիեւը՝ հավելելով, թե կողմերի միջեւ անկեղծ ու շատ մանրազնին քննարկում է եղել «տրանսպորտային երակների ապաշրջափակման շուրջ»։ «Մենք բաց քննարկեցինք մեր ծրագրերը, բաց քննարկեցինք երկու կողմում անհանգստություն պատճառող հարցերը։ Կարեւորն այն է, որ որոշումները, որ մենք ընդունեցինք՝ տարաձայնությունների ու վեճերի կարգավորման հարցում, կնպաստեն, որ իրավիճակը Հարավային Կովկասում դառնա առավել անվտանգ ու կանխատեսելի», – ասաց Ալիեւը։

Ավելին, Ալիեւը պնդեց, թե Բաքուն այժմ հայկական կողմում համագործակցությանն ուղղված դրական միտումներ է արձանագրում. «Հայկական կողմից մենք տեսնում ենք մտադրություն՝ ստեղծելու նախադրյալներ, որպեսզի իրավիճակը տարածաշրջանում լինի առավել կանխատեսելի։ Ես բազմիցս ասել եմ, որ մենք Ադրբեջանում նպատակադրված ենք փակել Հայաստանի հետ բազմամյա հակամարտության էջը, սկսել նորմալ փոխգործակցության փուլ, եւ կարծում եմ, որ այս ձեւաչափով հենց մենք հասնում ենք մեր նպատակներին»։

Այսինքն, քանի դեռ Հայաստան-Ադրբեջան սահմանները ճշգրտված չեն, Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ըստ Բաքվի՝ սահմանային իրավիճակը կշարունակի մնալ անորոշ: Ավելին, Ալիեւն ակնարկեց, թե Հայաստան-Ադրբեջան սահմանները Ռուսաստանի խաղաղապահների վերահսկողության տակ չեն, հետեւաբար, նա Մոսկվայի ուսերից հանեց պատասխանատվությունը:

Ինչպես երեւում է, հեռու չեն այն ժամանակները, երբ մի օր էլ Ալիեւն իրեն թույլ կտա հայտարարել, որ Հայաստանի ռուսական ռազմաբազան էլ իրավասու չէ խառնվել որեւէ ռազմական գործողության, եթե Բաքուն որոշի որեւէ տարածքի համար պատերազմ սկսել Հայաստանի տարածքում…

Ինչեւէ, եռակողմ հանդիպման ավարտին Պուտինը հուշանվեր՝ Ձիթենու ճյուղեր էր պատրաստել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների համար՝ իբրեւ խաղաղության ու բարգավաճման խորհրդանիշ։ Նա հույս հայտնեց, որ ձեռք բերված համաձայնությունները կիրագործվեն, եւ պայմաններ կստեղծեն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հետագա քայլերի համար:

Սա եւս խորհրդանշական քայլ էր. Ալիեւը պարգեւատրվեց 1 տարի Հայաստանի ու ԼՂ-ի հանդեպ գործած ապօրինությունների, ահաբեկչական քայլերի համար, որն, անշուշտ, կծառայի Բաքվի կողմից ավելի սանձարձակ պահվածքի դրսեւորմանն առաջիկայում:

Ինչ վերաբերում է բանակցությունների արդյունքում ընդունված համատեղ հայտարարությանը, ապա այն եւս տարածաշրջանում «բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին» հրամայականը շեշտելու Մոսկվայի ու Բաքվի շտապողականության արտահայտությունն էր: Մոսկվան, Երեւանն ու Բաքուն շեշտեցին, որ պայմանավորվել են ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների շուտափույթ լուծմանը։ «Պայմանավորվեցինք ադրբեջանա-հայկական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել եւ գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի դելիմիտացիայի եւ այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման վրա Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ», նշվեց հայտարարությունում, որը պաշտոնական Երեւանի համար նշանակում է՝ ստանձնել պարտավորվածություն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր չունենալու պայմաններում՝ սահմանները ճշգրտելու ուղղությամբ։
Դե իսկ ՌԴ-ն կշարունակի ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն` Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման, «ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորման եւ տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների ստեղծման նպատակով»:

Շարունակությունը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 30.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031