Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդի իրավապաշտպանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում

Դեկտեմբեր 01,2021 14:00

Եզդի իրավապաշտպանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը: Նրա նկատմամբ խափանմամ միջոց է ընտրվել «ստորագրություն չհեռանալու մասին»:

Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը դատապարտել են իրավապաշտպան տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, իր մտահոգությունն է հայտնել նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, եզդի իրավաբան, «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հ/կ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը: «Մենք, որ սեփական նախաձեռնությամբ սկսել ենք իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի իրավունքների պաշտպանությունը, գտնում ենք, որ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ մտահոգությունների բարձրացումն իրավապաշտպանի կողմից թշնամանք չի կարող լինել։ Բայց ինչքանով է ճիշտ, որ այսօր վտանգներով լի այս աշխարհում այն դարձել է որպես քրեական հետապնդում, մեղադրական եզրակացությամբ եւ ուղարկվել է դատարան։ Գտնում եմ՝ անհրաժեշտ է կրկին անգամ քննարկել եւ գնահատել Ս. Սուլթանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասի առաջին կետով առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությունը», հայտարարել էր Ամո Շարոյանը (նոյեմբերի 2, 2021, «Առավոտ»):

Հիշեցնենք, որ Սաշիկ Սուլթանյանի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Սամսոն Գալստյանը, ներգրավվել է նաեւ փաստաբան Արա Ղազարյանը։
Ինչ զարգացումներ կան այս գործով:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Կ. Ֆարխոյան) նոյեմբերի 24-ի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով դատական նիստում հայտարարվեց դատաքննության փուլ անցնելու մասին:

Դատարանը նախ անցել էր ապացույցների հետազոտմանը: Մինչ դատաքննության փուլ հայտարարելը՝ պաշտպանները միջնորդել են վերացնել Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ կիրառված՝ «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը։ Դատարանը մերժել է միջնորդությունը, սակայն բավարարել է որոշակի ժամկետով՝ ՄԱԿ-ի՝ ազգային փոքրամասնությունների հարցով ֆորումին մասնակցելու նպատակով ՀՀ-ից բացակայելու թույլտվություն տալու պաշտպանական կողմի միջնորդությունը։ Պաշտպանները մեկ այլ միջնորդությամբ էլ են հանդես եկել. միջնորդել են կասեցնել քրեական գործի վարույթը եւ դիմել Սահմանադրական դատարան՝ Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի սահմանադրականության համապատասխանաության հարցով։ Դատարանը հետաձգել է միջնորդության քննությունը եւ այն կքննի ապացույցները հետազոտելուց հետո։

Այս գործով մեղադրող Ա. Կարապետյանը հրապարակել է արդեն մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Սաշիկ Սուլթանյանի համար անհասկանալի է՝ ինչում է մեղադրվում. մեղադրանքում իրեն վերագրվող հայտարարությունները ներկայացված են ոչ ճշգրիտ, պատշաճ թարգմանություն չի իրականացվել։ Ըստ նրա, իր կողմից արած արտահայտությունները չեն եղել հրապարակային, դա եղել է զրույց, եւ հրապարակումից անմիջապես հետո նա պահանջել է հեռացնել նյութը կայքէջից, ինչը արվել է։

Դատական հաջորդ նիստը նշանակվել է 2022 թ. հունվարի 26-ին, ժամը 15։30-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031