Լրահոս
Օրվա լրահոսը

3000-ից՝ գրան պրի, 70-ից՝ առաջին մրցանակ

Դեկտեմբեր 01,2021 13:30

Սա բալետի երիտասարդ արտիստի նվաճումն է միջազգային մրցույթում

Վերջին շրջանում մշակույթի տարբեր ոլորտների հայ երիտասարդ ներկայացուցիչներ փայլում են նախկին ԽՍՀՄ հանրապետություններում անցկացվող կատարողական արվեստի միջազգային մրցույթներում։ Կարծես օրինաչափություն է դարձել. նրանք արժանանում են հիմնականում գրան պրիների եւ առաջին մրցանակների։ Կան երիտասարդներ, որոնց համավարակը բացարձակ չխոչընդոտեց 2020թ. օնլայն ձեւաչափով մասնակցելու նման միջոցառումների։ Այդ երիտասարդներից է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Գոռ Սարգսյանը, որը օնլայն մասնակցել է շուրջ 20 միջազգային մրցույթների՝ արժանանալով գրան պրիների եւ առաջին մրցանակների։

«Գայանե»

Օրերս էլ երիտասարդը Բելառուսի Գոմել քաղաքում անցկացված կատարողական արվեստի (երաժշտարվեստ, պարարվեստ, կերպարվեստ, ազգային երգ ու պար եւ այլն) միջազգային մրցույթից վերադարձավ գրան պրիով եւ առաջին մրցանակով։ «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ նա մանրամասնեց, որ մրցույթը տարբեր տարիքային խմբերում ունեցել է 3000 մասնակից 15 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ, Եգիպտոս, Ալբանիա, Լեհաստան, Ուկրաինա, Հնդկաստան, Ռուսաստան եւ այլն, իսկ «Դասական բալետարվեստ» անվանակարգում (18-25 տարեկան) մրցելույթներով հանդես է եկել շուրջ 70 արտիստ, առաջին մրցանակը շնորհվել է իրեն։ Հատկանշական է, որ մրցույթը ունեցել է միակ գրան պրի, որը սահմանված է եղել մրցույթի բոլոր անվանակարգերի համար եւ այդ մրցանակին նույնպես արժանացել է բալետի հայ արտիստը։

«Պայացներ»

«Չիպոլինո»

Հետաքրքրությանը՝ օնլայն մրցույթների մասին, պարզ է՝ տեղեկացել եք համացանցից, իսկ Գոմելում կայացած մրցույթի մասին ինչպե՞ս տեղեկացաք, արտիստը պատասխանեց. «Օնլայն մրցույթներին մասնակցելուց հետո այս մրցույթի կազմակերպիչներն ինձ ուղարկեցին հրավեր, իսկ մասնակցությունն իրականացրի Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի (նախագահ՝ Արմանդո Ղուկասյան) աջակցությամբ։ Մրցույթի ավարտից հետո մասնակցեցի նաեւ Գրոդնո քաղաքի պարարվեստի պետական քոլեջում անցկացվող վարպետության դասերի»։ Հավելեց նաեւ, ավելի ճիշտ՝ շնորհակալական խոսք հղեց Երեւանի օպերային թատրոնի իր գոծընկերներին՝ բարոյական աջակցության համար, առանձնացնելով մենապարող Անդրանիկ Աբովյանին։

«Դիմակահանդես»

Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում երիտասարդ արտիստին հանդիպել ենք 2021-ի գարնանից՝ Խաչատրյանի «Սպարտակ», Խաչատուրյանի «Չիպոլինո», Ադանի «Ժիզել» բալետային եւ Վերդիի «Աիդա», Տիգրանյանի «Անուշ», Լեոնկավալոյի «Պայացներ» օպերային ներկայացումներում, գլխավոր դերապարերով՝ Խաչատրյանի «Գայանե»-ում՝ Կարեն, «Դիմակահանդես»-ում՝ Ծաղրածու, եթե չենք սխալվում՝ Շորի «Բյուրեղապակյա դղյակ»-ում՝ դարձյալ Ծաղրածու։

Երիտասարդ պարողը ոգեւորությամբ հայտնեց, որ իրեն վստահված է Փոքրիկ արքայազնի, Մկների թագավորի դերապարերը՝ Չայկովսկու «Շչելկունչիկ»-ում։ Մենք էլ հավելենք, որ «Շչելկունչիկ»-ի բեմադրական աշխատանքներն արդեն սկսված են։ Այդ առիթով Երեւանում են Ռուսաստանից հրավիրված ճանաչված խորեոգրաֆներ Եվգենիա Կոստիլյովան եւ Գեորգի Կովտունը (խորեոգրաֆների հետ հարցազրույցը՝ առաջիկայում)։ Մեր օպերային թատրոնում «Շչելկունչիկ»-ն ունեցել է խաղացանկային կարճատեւ կյանք (1985-1988թթ.)։ Իսկ պատմությունը հետեւյալն է. պարարվեստի պետական ուսումնարանի տնօրեն Թերեզա Գրիգորյանի նախաձեռնությամբ Երեւան է հրավիրվել Պերմի օպերային թատրոնի ճանաչված դասատու, բալետմայստեր Լյուդմիլա Սախորովան, որն այդ համաշխարհային բալետային արվեստի գանձը բեմադրել է՝ ընդգրկելով պարարվեստի ուսումնարանի սաներին եւ օպերային թատրոնից միայն մենապարողներին։ Ներկայացումներն էլ ղեկավարել է երջանկահիշատակ Վիգեն Չարչօղլյանը։

Կարծես Գոռ Սարգսյանից շատ «հեռացանք»… «Շչելկունչիկ»-ի փորձին շտապող արտիստը հայտնեց, որ գրան պրիի հետ ստացել է նաեւ 2022թ. Բելառուսի մայրաքաղաքում՝ Մինսկում անցկացվող բալետի արտիստների միջազգային մրցույթի հրավեր։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031