Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տավուշի մարզի դպրոցներում փորձարկվում են «Հանրակրթության պետական չափորոշիչը» եւ առարկայական նոր չափորոշիչները»

Դեկտեմբեր 01,2021 13:00

Հարցազրույց ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի՝ վերապատրաստման ծրագրերի մշակման եւ վերապատրաստումների արդյունավետության գնահատման բաժնի մասնագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Նաիրա Ղումաշյանի հետ:

– Տիկի՛ն Ղումաշյան, վերջին շրջանում «ԿԶՆԱԿ» հիմնադրամի մասնագետների թիմը լինում է տարբեր մարզերում: Կներկայացնե՞ք, թե ինչ աշխատանքներ են ընթանում այս ժամանակահատվածում:

– Տավուշի մարզի բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ եւ 10-րդ դասարաններում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից փորձարկվում են «Հանրակրթության պետական չափորոշիչը» եւ առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը։ Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոնը (ԿԶՆԱԿ) փորձարկվող դպրոցներում իրականացնում է շարունակական մշտադիտարկում, որի նպատակն է բացահայտել առարկայական չափորոշիչների փորձարկման ընթացքում ի հայտ եկած դժվարությունները, թերացումները, խնդիրները եւ նպաստել առարկայական չափորոշիչների ու ծրագրերի հետագա բարելավման գործընթացներին: Մեր մյուս նպատակն է աջակցել ուսուցիչներին եւ հնարավորինս արդյունավետ դարձնել առարկայական նոր չափորոշիչների հիման վրա կազմակերպվող ուսուցման պլանավորումը, կազմակերպումը եւ կառավարումը։ Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոնը նախաձեռնել է նաեւ «Ընթերցանությունը տարրական դպրոցում» փորձարարական ծրագիրը, որը այժմ արդեն ընթացքի մեջ է Արմավիրի եւ Շիրակի մարզերում՝ թվով 10 դպրոցներում։ Մեր աշխատանքային թիմը նշված մարզերում իրականացրել է վերապատրաստումներ եւ շարունակաբար մշտադիտարկում է նաեւ այս ծրագրի իրագործումը։ Ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացրել նաեւ դպրոցներ Երեւանից ու մյուս մարզերից, որոնք եւս առաջիկայում կընդգրկվեն փորձարարական ծրագրի աշխատանքների մեջ։

– Այս համատեքստում մի քիչ հանգամանորեն խոսենք ընթերցանության ծրագրի մասին: Այն ի՞նչ հարթակ է ստեղծում եւ ի՞նչ է տալիս դպրոցականներին:

– Գաղտնիք չէ, որ ընթերցանության հմտությունների զարգացումը ժամանակակից կրթության համար լուրջ խնդիր է դարձել, քանի որ, ըստ ուսումնասիրությունների, ֆունկցիոնալ անգրագիտության աճը, երբ մարդը գրել-կարդալ գիտի, բայց չի կարողանում ընկալել կարդացածի իմաստը եւ կիրառական հմտություններ դրսեւորել լեզվական որոշակի միջավայրում առաջադրանքներ կատարելիս (տեքստ կազմել, բանավոր եւ գրավոր հաղորդակցվել եւ այլն), արդեն համընդհանուր կրթական մտահոգություն է դարձել ողջ աշխարհում. դրա համար նպաստավոր պայմաններ են ստեղծել նաեւ համավարակի պատճառով դպրոցների փակումը ու հեռավար կրթությունը, ինչպես նաեւ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բերած ահռելի տեղեկատվական հոսքը, թվային անգրագիտությունը։

Ընթերցանության մեր ծրագիրն սկսել ենք հանրակրթության առաջին աստիճանից՝ տարրական դպրոցից, մասնավորապես՝ 2-րդ դասարանից, երբ սովորողներն արդեն գրաճանաչ են։ «ԿԶՆԱԿ»-ի մասնագետներիս կողմից ստեղծվել է ընթերցանության խրախուսմանը եւ ընթերցողական որակների զարգացմանը միտված աշխատանքների կազմակերպման մեթոդական ուղեցույց, որով առաջնորդվում են փորձարկումն իրականացնող դպրոցների մասնագիտական թիմերը։ Դրա մեջ հանգամանորեն ներկայացրել ենք ոչ միայն աշխատանքների բովանդակությունն ու իրականացման մեթոդիկան, այլեւ ծրագրի շրջանակում մասնագետների՝ տնօրենի, տեղակալների, մեթոդմիավորման նախագահի, դասվարի, ԴԱԿ-ի, գրադարանավարի, ինչպես նաեւ՝ ծնողի ունեցած կոնկրետ գործառույթները։ Առաջիկայում մտադիր ենք այդ ծրագիրը տարածել նաեւ միջին ու ավագ դպրոցներում։ Կարծում ենք, որ ընթերցանության հմտությունների զարգացմամբ կլուծենք նաեւ սովորողների ուսումնառության մոտիվացիայի եւ հանրակրթության ցածր արդյունքների հետ կապված շատ խնդիրներ, քանի որ ընթերցելու դժվարության պատճառով երեխայի մոտ ընկնում է նաեւ բոլոր մնացած առարկաները սովորելու մոտիվացիան, որն էլ պատճառ է դառնում ուսումնառության հանդեպ անտարբերության եւ կրթության որակի անկման։

– Բազմաթիվ խնդիրների կողքին կրթական ոլորտում ի՞նչը կառանձնացնեք, կոնկրետ այս շրջանի համար, երբ շուտով կավարտվի առաջին կիսամյակը…

– Այս կիսամյակում ուսուցիչների համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն ստեղծեցին կամավոր ատեստավորումն ու արդեն ավարտին մոտեցող հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումները։ Հանրակրթական դպրոցներում եւ վերապատրաստող կազմակերպություններում «ԿԶՆԱԿ» հիմնադրամի՝ վերապատրաստման ծրագրերի մշակման եւ վերապատրաստումների արդյունավետության գնահատման բաժնի կողմից իրականացվում են մշտադիտարկումներ եւ վերապատրաստված ուսուցիչների մոտ դասալսումներ։ Մեր նպատակն է պարզել ընթացիկ վերապատրաստումների արդյունավետությունը եւ գործնականում ուսուցիչների ստացած մեթոդամանկավարժական գիտելիքների ու հմտությունների կիրառելիությունը, բարելավել ուսուցիչների վերապատրաստումների որակը։

– Եվ որպես մեր զրույցի վերջաբան…

– Այսօր մեր հանրակրթության մեջ բազում խնդիրներ ունենք, որոնք կարելի է լուծել միայն միասնական, համակարգված, թիրախավորված եւ համառ աշխատանքի միջոցով։ Կրթության ոլորտում արդյունքները միանգամից չեն երեւում. համբերատար աշխատել է պետք։ Մենք՝ կրթության աշխատողներս, պատասխանատու ենք գալիք սերունդների առաջ, ուստի ամենայն սրտացավությամբ եւ անշահախնդիր նվիրումով պիտի անենք մեր գործը, ուստի ամեն օր յուրաքանչյուրս նոր ներդրում պիտի անենք մեր երազանքների երկրի, մեր բազմաչարչար հայրենիքի կառուցման գործում։

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
30.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031