Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարցեր մեդիայից եւ հարցեր մեդիային». ավանդական գիտաժողով՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում

Դեկտեմբեր 01,2021 12:30

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ վերջերս անցկացվեց «Հարցեր մեդիայից եւ հարցեր մեդիային. ձեւակերպելով նոր իրականություններ» խորագրով գիտաժողովը, որը նվիրված էր ՀՀ հանրային հեռուստաընկերության 65 եւ հանրային ռադիոընկերության 95-ամյակներին: «Այն ավանդական մեր գիտաժողովն է, որ կայանում է տարին մեկ եւ տարբեր թեմատիկայով»,- ասում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը: Պարոն Մարտիրոսյանի խոսքով՝ այսօր մեդիան աշխարհում իրապես զարգացող այն հարթակներից մեկն է, որը պետք է օբյեկտիվ լրատվություն մատուցի հանրությանը։

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը վստահեցրեց՝ ելույթ ունեցողների կազմը եւ զեկույցները բավականին ներկայացուցչական եւ բավականին բազմաբովանդակ են։

Գիտաժողովին ներկա էր Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը, ով նշեց՝ հանրային ռադիոընկերության լրագրողական անձնակազմի մեծամասնությունը ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտներն են։

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի նոր մեդիայի եւ հաղորդակցության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Վարդուհի Պետրոսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց՝ համավարակով պայմանավորված վերջին տարիներին նման մասշտաբի ու ձեւաչափի գիտաժողով չէր կազմակերպվել։ «Այս գիտաժողովը հրաշալի առիթ էր ոչ միայն մասնագիտական դիսկուրս ծավալելու մեդիային առնչվող եւ միաժամանակ մեդիայի թելադրած հարցերի շուրջ, այլեւ ուսանողներին մասնակից դարձնել գիտական հանրույթի քննարկումներին, ինչու չէ, հնարավորություն ստեղծել բացահայտելու իրենց դասավանդող դասախոսներին»։

Վարդուհի Պետրոսյանը խոսեց մարդու մոռացված լինելու իրավունքի մասին, որը հակադրվում է խոսքի ազատության իրավունքին։ Նրա ձեւակերպմամբ, մոռացված լինելու իրավունքի մասին հանրային դիսկուրսը սկսվեց մոտ տասնամյակ առաջ, երբ Իսպանիայի քաղաքացի Մարիո Կոստեխա Գոնսալեզը դիմեց մեծ լսարան ունեցող La Vanguardia պարբերականին՝ իր չմարված հարկային պարտավորությունների մասին հրապարակումները հեռացնելու խնդրանքով, քանի որ անցել է ժամանակ եւ ինքն այլեւս չմարված պարտավորություն չունի, բայց որոնողական կայքերում դեռեւս իր անունը որոնելիս հայտնվում են այդ հրապարակումները։ Սակայն պարբերականը եւ Գուգլի իսպանական գրասենյակը հրաժարվեցին հեռացնել այդ տվյալները։ ԵՄ Արդարադատության դատարանը որոշակիություն մտցրեց որոնողական կայքերից անձանց, մասնավորպես ոչ հանրային անձանց` հնարավորություն տալով օգտվել որոնողական համակարգերից իրենց տվյալների հեռացման իրավունքից։ Տիկին Պետրոսյանը նշեց, որ լրագրողների դերը բացառիկ է ժողովրդավարական հասարակություններում հանրային շահի սպասարկման առումով եւ բոլոր այն դեպքերում, երբ հանրային շահն ավելի գերակշիռ դեր ունի, քան կամայական ցանկությունը, պետք է նախապատվությունը տրվի լրագրողի խոսքի ազատության իրավունքի իրացմանը, բայց ոչ այդ իրավունքի չարաշահմանը։

ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դասախոս, մեդիահոգեբան Սաթեն Գրիգորյանի խոսքով՝ յուրաքանչյուր գիտաժողով առանցքային կարեւորություն ունի գիտական հանրույթի համար, քանի որ հնարավորություն է տալիս ծանոթանալ զարգացման վերջին միտումներին եւ դրանց արդյունքում իրականացնել սեփական հետազոտությունը։ Սաթեն Գրիգորյանը խոսեց մեդիահիգիենայի եւ թվանշային դետոքսի մասին. «Այսօր մեդիան զբաղեցնում է մեր ուղեղի երկու կիսագնդերը միառժամանակ, որի պատճառով մարդը սկսում է մտածել ենթագիտակցորեն, ինչը նշանակում է, որ քննադատական մտածողություն ցուցաբերելու ժամանակ եւ հնարավորություն չի լինում»։

Նա տեղեկացրեց, որ մասնագետները բժիշկների եւ հոգեբանների հետ բիզնես նախագիծ են կազմել՝ փորձելով անել այնպես, որ մարդը հուզակամային ոլորտը չխախտելով, կարողանա հասնել մի իրավիճակի, որ կլինի այդ կոնտեքստից դուրս. «Սովորությունը ձեւավորվում է 21 օրում, ուստի 21 օր մեդիահիգիենային հետեւելու դեպքում այն կվերածվի սովորության։
Ինքս էլ կիրառում եմ այդ տեխնոլոգիան՝ որպես տեղեկատվական դետոքս եւ վստահեցնում եմ՝ արդյունքը 21 օրից էլ շուտ է նկատելի դառնում»։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանի խոսքով, մամուլի պաշտպանության կարեւորությունը հատկապես ուժեղանում է այն դեպքերում, երբ տեղեկատվություն տրամադրողը հանրային մարմինն է, քանի որ հանրային տեղեկատվության մատչելիությունը հատուկ պաշտպանություն ունի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կողմից. «Լրագրողների ֆիզիկական ներկայությունը հանրային մարմնի տարածքում աշխատանք կատարելիս կարող է սահմանափակվել միայն երկու դեպքում՝ կա՛մ անվտանգության ապահովման համար, կա՛մ տարածքը չի բավականացնում, որպեսզի մեծ թվով լրագրողներ ներկա լինեն միաժամանակ»։

Լիանա ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031