Եվ դրա վտանգավոր դրսեւորումները Հայաստանում
Քաղաքագիտությունն ասում է, որ ավտորիտար ռեժիմը, կամ ավելի կարճ՝ ավտարկիան, լինում է երեք տեսակի՝ կուսակցական, ռազմական եւ ամենավատը՝ անձնական: Ինչո՞ւ է անձնականն ամենավատը: Հիմնական պատճառն այն է, որ ավտորիտարիզմի նման ենթատեսակը թշնամաբար է վերաբերվում ինստիտուտների հաստատմանը: Բանակն ու իշխող կուսակցությունը, որքան էլ քաղաքական իմաստով վատը լինեն, ինստիտուտներ են՝ իրենց կառուցվածքով եւ գործառույթներով: Մենք չենք կարող ասել, որ Չինաստանում իշխանությունը պատկանում է անձնապես Սի Ցինպինին՝ այն հատուկ եւ մտածված ձեւով բաշխված է այդ երկրի կոմունիստական կուսակցության վերնախավի մեջ, եւ այդ վերնախավի ներկայացուցիչները կարող են «արգելափակել» առաջին դեմքի սխալ որոշումները: Զինվորական խունտան (այդ բառի ուղիղ, ոչ թե հայհոյական իմաստով), որը գալիս է իշխանության, նույնպես հիմնվում է ինստիտուտի՝ բանակի վրա: Իսկ բանակը, վերջին հաշվով, շահագրգռված է ոչ այնքան բուն իշխանության, որքան իր բարձր հեղինակության եւ արտոնությունների մեջ: Այդ է պատճառը, որ խունտան, նույնիսկ դրա «ամենաարյունարբու» տեսակը (ինչպես Չիլիում էր) վաղ թե ուշ իշխանությունը փոխանցում է քաղաքացիական անձանց: Կուսակցական ավտարկիան նույնպես կարող է բարեփոխվել ժողովրդավարության կողմը, ինչպես որ դա տեղի ունեցավ, ասենք, Մեքսիկայում:
Իսկ ահա ավտորիտարիզմի անձնական տարատեսակը նախ՝ ամենաանարդյունավետն է քաղաքական եւ տնտեսական առումով, երկրորդ՝ ամենից դժվար է ենթարկվում «տրանզիտի»: Անձը, որն ունի անսահմանափակ իշխանություն, լինի նա միապետ թե ավտորիտար ռեժիմի գլխին կանգնած գործիչ, չի պատկերացնում, թե ինչու պետք է հրաժարվի իշխանությունից:
Անձնական ավտոկրատիայի դեպքում ձեւականորեն կա այն, ինչ կոչվում է «իշխող կուսակցություն», բայց դրա գոյությունը զուտ խորհրդանշական է, որովհետեւ կուսակցական վերնախավը որեւէ բան չի որոշում, առաջին դեմքը ոչ մեկի հետ չի խորհրդակցում, որոշումներն ընդունում է միանձնյա: Հետեւաբար, բովանդակային առումով այդ կուսակցությունն ամենեւին էլ իշխող չէ, ինստիտուտ չէ՝ դա ուղղակի ֆոն է առաջնորդի համար, որը նա կարող է հինգ րոպեում փոխել: Առավել եւս՝ այդ իբր «իշխող» կուսակցության մեջ չկա որեւէ գաղափարական իմաստ: Կապ չունի՝ այն կոչվում է «Ենի Ադրբեջան», թե «Քյոյնա Ադրբեջան», «Քաղաքացիական պայմանագիր», թե, ասենք, «Միապետական պայմանագիր», «Միասնական Ռուսաստան», թե «Մասնատված Ռուսաստան»՝ դա առաջին դեմքի գործողությունների վրա որեւէ ազդեցություն չի թողնում:
Կարդացեք նաև
Դրա հետեւանքներից մեկն այն է, որ չկան նորմալ «կադրային վերելակներ» այն մարդկանց համար, որոնք ցանկանում են ինչ-որ պաշտոններ զբաղեցնել: Այդպես էր, օրինակ, Խորհրդային Միության ժամանակ, երբ կուսակցական ավտարկիան 1950-ական թվականներին փոխարինեց ստալինյան տոտալիտարիզմին: Ամբիցիաներ ունեցող երիտասարդը, որպես կանոն, պետք է սկսեր կոմերիտմիության շրջկոմի հրահանգչից, եւ հետո, կամաց-կամաց, ձեռք բերելով բյուրոկրատական փորձ, բարձրանար հիերարխիայի աստիճաններով: (Ի դեպ, նման վերելակներ գոյություն ունեն նաեւ ժողովրդավարական երկրների կուսակցություններում, այսինքն՝ ամեն տեղ, որտեղ կան քաղաքական ինստիտուտներ): Անձնական ավտարկիայի ժամանակ կադրային նման սելեկցիայի կարիքը չկա՝ առաջ են գալիս նրանք, որոնք կարողանում են քծնել լիդերին, կրծքով պաշտպանել նրան ընդդիմախոսներից, խորհրդարանում ոտքերով կռիվ անել եւ ցինիկաբար կոպտել ընդդիմադիր լրագրողներին:
Ավտորիտար ռեժիմներն ընդհանրապես, եւ դրա հայկական տարատեսակը, մասնավորապես, երկնքից չեն ընկնում: Չեմ հավատում, ի դեպ, որ այդ ռեժիմները հաստատվում են բացառապես «դրսի ուժերի» կողմից: Կարծում եմ, գլխավոր խթանը գալիս է «ներսի» տրամադրություններից, իսկ ավելի կոնկրետ՝ հասարակության մեջ ընդունված կարծրատիպերից եւ միֆերից: Թվարկեմ դրանցից մի քանիսը՝ առասպելներ «դավադրության», «ոսկե դարի», «միասնության», «հերոս-փրկչի» մասին: Թվարկածներից վերջինը անձնական ավտարկիայի հիմնական աղբյուրն է:
Ինչո՞վ է ավտորիտարիզմի այդ տարատեսակը վտանգավոր՝ ակնհայտ է: Երբ այդ ռեժիմի պայմաններում փխրուն, գոյաբանական խնդիրներ ունեցող պետությունում իշխանության է գալիս չափից դուրս ամբիցիոզ, բայց ոչ հմուտ ու ոչ խելամիտ ղեկավար, այդ պետությունը կարող է պարզապես փլուզվել:
Եվ վերջապես, «ժողովրդի» սիրած հարցը՝ ի՞նչ ելք կա դրանից: Անկեղծ ասած, չգիտեմ՝ սուրճի բաժակ նայելու տաղանդ չունեմ: Պարզապես հիշեցնեմ, որ երբ տեղի ունեցավ 2018 թվականի հեղափոխությունը, շատերս հույս ունեինք, որ տեղի կունենա ավտորիտար ռեժիմի տրանսֆորմացիա դեպի ժողովրդավարություն: Բայց այդ հույսերը չարդարացան՝ ռեժիմը մնաց նույնը, իսկ հեղափոխականությունը է՛լ ավելի խարխլեց պետականության հիմքերը: Դա հիշեցնում եմ նրանց համար, որոնք նոր հեղափոխություն են ուզում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.11.2021