Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի կարգավիճակի կրկնակի խաղը

Դեկտեմբեր 01,2021 14:30

2020թ.-ի պատերազմից հետո հաճախ է խոսվում սահմանազատման մասին: Հիմնականում քննարկումներն այս կամ այն կերպ ծավալվում են նախկին Խորհրդային Միության կազմում միութենական հանրապետությունների վարչատարածքային սահմանագծերի (և ոչ` սահմանների) շրջանակում: Խոսվում է 1920-ականներից մինչ 1970-ականների ընթացքում կազմված քարտեզների մասին: Անգամ որպես հիմնավորում բերվում է (անգամ Հայաստանի կողմից), որ 1991-1992թթ.-ին Հայաստանի Հանրապետությունը ԱՊՀ անդամակցելիս ընդունել է Ալմա-Աթայի դեկլարացիան, որի համաձայն նա (և մյուս հանրապետությունները) «ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և գործող սահմանների անձեռնմխելիությունը»:

Նախ, ինչպես արդեն նշվեց, նախկին Միության կազմում գոյություն են ունեցել սահմանագծեր և ոչ` սահմաններ: Քաղաքական աշխարհագրության և իրավունքի տեսանկյունից սա կարևորագույն առանձնահատկություն է: Սահմանն ունի վերջնական իրավական կարգավիճակ միայն սահմանագծման և սահմանազատման արդյունքում: 1990-ականների սկզբին տեղի ունեցած իրադարձությունների արագ ընթացքի պայմաններում եղել են դեպքեր, երբ ստեղծված փաստաթղթերը չեն համապատասխանել գործող օրենսդրությանը, ինչպես, օրինակ, Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի միջև 1991թ.-ի դեկտեմբերի 08-ին կնքված ԽՍՀՄ լուծարման մասին համաձայնագրի անհամապատասխանությունն էր ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու մասին 1990թ.-ի ապրիլի 03-ի ԽՍՀՄ օրենքին: (Այստեղ հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը ԽՍՀՄ կազմից դուրս է եկել գործող օրենսդրության տառին համապատասխան): Նման իրավիճակով է նաև, ըստ երևույթին, պայմանավորված ԱՊՀ ստեղծման փաստաթղթի թերի տեքստը, որտեղ սահմանների տակ ենթադրվել են սահմանագծերը:

Ադրբեջանը սահմանների ճանաչման շուրջ երկակի խաղ է վարում: Եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, այդ փաստով վերջինս հիմք կունենա պնդել, որ իր գործող սահմաններն այլևս քննարկման առարկա չեն կարող լինել:

Մյուս կողմից, Ադրբեջանը հնարավոր հետագա օգտագործման համար (օրինակ, եթե մի օր Ռուսաստանի ազդեցությունն իր հանդեպ զգալիորեն թուլանա) իրեն վերապահում է թաքնված կարևոր մի միջոց: Բանն այն է, որ 1991թ.-ի հոկտեմբերի 18-ին Ադրբեջանն ընդունել է «Պետական անկախության մասին» սահմանադրական օրենքը, որով Ադրբեջանը հայտարարել է իր ինքնիշխանությունը և որով սահմանվել է, որ (ներկայիս) Ադրբեջանի Հանրապետությունը Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության (1918-1920թթ.) իրավահաջորդն է: Նշված օրենքով խորհրդային իշխանությունը բնութագրվում է որպես «զավթում»: Այստեսակ իրավական սահմանումը հանգեցնում է զավթումն իրականացրած տերության կողմից նախաձեռնած բոլոր իրավական գործողությունների չեղարկմանը:

Այսինքն, ստացվում է, որ Ռուսաստանը, հանդիսանալով նախկին Խորհրդային Միության իրավահաջորդ, Ադրբեջանի գործող օրենսդրությամբ համարվում է զավթիչի իրավահաջորդ: Իրավական առումով ստացվում է, որ Ադրբեջանի կողմից նախկին Խորհրդային Միության ժամանակ գործող և այսօր քննարկման առարկա դարձած սահմանագծերի հարցը առաջին հերթին հակասում է հենց Ադրբեջանի գործող օրենսդրությանը: Սակայն, այժմ այդ հարցը նա չի շոշափում: Իսկ երբ Ադրբեջանը Ռուսաստանին քաղաքական (և տնտեսական) հարված տալու մտադրություն ունենա, ապա նա ի հայտ կբերի «զավթման» իր կողմից ճանաչումը:

Այսպիսով, երկու դեպքում էլ Ադրբեջանը շահեկան է դուրս գալիս: Իսկ եթե Ադրբեջանը զգոնությունը բթացնելու նպատակով շարունակի պնդել, թե չունի այլ հետին միտք և ընդունում է նախկին ԽՍՀՄ օրենսդրության գերակայությունը, ապա նա ուժը կորցրած կճանաչեր առ այսօր գործող վերը նշված օրենքը: Հայաստանի համար արդյունավետ դիվանագիտական քայլ կարող է լինել հետևողականորեն բարձրացնել հարցն առ այն, որ Ադրբեջանը չի հանդիսանում նախկին Ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդ և, որպես հետևանք, չի կարող հավակնել վերջինիս հետ առնչվող որևէ իրավական ակտի կամ կարգավիճակի:

Եվ վերջում` Ադրբեջանի և Արցախի մասին: Արցախի Հանրապետության (1991թ.-ից մինչ 2016թ.` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) անկախացումը տեղի է ունեցել ոչ թե Ադրբեջանից, այլ Խորհրդային Միությունից` համաձայն վերը նշված` 1990թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենքի («ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի կարգավորման ընթացակարգի մասին» թիվ 1409-I օրենք, կամ ռուսերեն օրիգինալ տարբերակով՝ Закон СССР N 1409-I «О ПОРЯДКЕ РЕШЕНИЯ ВОПРОСОВ, СВЯЗАННЫХ С ВЫХОДОМ СОЮЗНОЙ РЕСПУБЛИКИ ИЗ СССР»):

Սույն օրենքով կարգավորվում էին Միության կազմից միութենական հանրապետությունների և ինքնավար միավորների (այդ թվում` ինքնավար մարզերի) դուրս գալու պայմանները: Կարգավորումն ընդգրկում էր անգամ էթնիկ խմբերի կողմից խիտ բնակեցված ինքնավարություն չունեցող տարածքները (կոնկրետ դեպքում` նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում գտնվող Շահումյանի շրջանը, որը ԼՂԻՄ հետ միասին դուրս եկավ ԽՍՀՄ կազմից):

Արցախի իրավական-քաղաքական կարգավիճակի մանրամասն նկարագիրը տրված է 26.05.2021թ.-ին «Առավոտ» թերթում հրապարակված և 27.05.2021թ.-ին վերջինիս ինտերնետային կայքում ներկայացված հոդվածումս (որին կարող եք ծանոթանալ այստեղ): Ներկայացվող փաստերը հանգեցնում են եզրակացության, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի ներառում նախկին Խորհրդային Ադրբեջանի կազմում գտնվող և նախկին Խորհրդային Միության կազմից դուրս եկած Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը:

Արցախի հարցը իր դեռևս 1991թ.-ին իրագործված ինքնորոշման միջազգային ճանաչման և իր իսկ` Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանման հարց է: Արցախի Հանրապետությունն առնչություն չունի Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության հետ:

Վահագն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Միջազգայնագետ
(ք. Հոնկոնգ)

«Առավոտ» օրաթերթ
30.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031