Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ուզում են շոկոլադի գործարան բացել․ մանրամասնում է նորընտիր քաղաքապետը

Նոյեմբեր 30,2021 23:40

Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն Aravot.am-ին տված հարցազրույցում տեղեկացրեց, որ հանդիպել է մի քանի երկրների դեսպանների ու Ռուսաստանի Դաշնության խոշորագույն քաղաքներից մեկից՝ Օմսկից ժամանած գործարարների խմբի հետ՝ առաջարկելով նրանց մտածել Գյումրիում ներդրումներ կատարելու, համատեղ աշխատատեղեր ստեղծելու մասին։

Այս պահին, ըստ քաղաքապետի, քննարկվում է ՌԴ-ի գործարարների կողմից հանրապետության երկրորդ քաղաքում Օմսկի սարքավորումների գործարանի մասնաճյուղ հիմնելու հարցը, նրանք 1500 աշխատատեղ են խոստանում։

Գյումրիով հետաքրքրված է նաև Երևանի շոկոլադի գործարաններից մեկի հիմնադիրը, վերջինս ցանկություն ունի մասնաճյուղ բացել, դիմել է քաղաքապետարանի քաղաքաշինության բաժին, շուտով կհանդիպի նորընտիր քաղաքապետի հետ ու կքննարկեն հարցը։

Վարդգես Սամսոնյանը խոստանում է հասցեական խոսել՝ բանակցությունների ավարտից հետո։

«Գյումրին նախքան երկրաշարժը մեծ թվով գործարաններ է ունեցել, արտադրական հսկայական պոտենցիալ է ունեցել, ընդ որում աշխատուժը չի բավականացրել, դրսից են բերել։

Ես հանդիպումների ժամանակ ընդգծում եմ մեր լավ մասնագետներ ունենալը։ Որպես քաղաքապետ՝ իմ առաջին խնդիրը պիտի լինի ներդրումների համար նպաստավոր պայմաններ ստեղծելն ու արտագնա աշխատանքի գնացողների քանակը կրճատելը, շատ եմ ուզում մնան մեր քաղաքում, կարողանան ստեղծել, արարել ու մարդավայել ապրել։

Արդյունաբերական պալատի հետ էլ ենք պայմանավորվածություն ձեռք բերել, կա աշխատատեղ ստեղծելու ծրագիր, սակայն հակված էին Երևանում դա իրագործել, ես առաջարկել եմ ուղղվել դեպի Գյումրի, ինչքանով մեր հնարավորությունները թույլ կտան, պատրաստ ենք նպաստել՝ հողի, գույքի տեսքով, միայն թե աշխատատեղ ստեղծեն։

Խոսքը Օմսկի սարքավորումներ արտադրող գործարանի մասին է, ու քանի որ քիմիական գործարանի մասնաճյուղ պիտի լինի, առաջին հարցը եղել է՝ արդյոք դա չի վնասի՞ մեր էկոլոգիային, պարզաբանեցին, որ ոչ, ֆիլտրային համակարգեր ունեն, որոնք գերժամանակակից են։ Այդ գործարանն աշխարհում երրորդն է՝ իր մեծությամբ։

Այս պահին բանակցային փուլում ենք, եթե իրագործվի, 1500 աշխատատեղ ենք ստեղծելու, բանակցություններից հետո կմանրամասնեմ։

Տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող գյումրեցի արտադրողներից մեկն էլ փորձում է ընդլայնել իր բիզնեսը, այս պահին 500 աշխատատեղ ունի՝ «Չուլոշնու» շենքում է գործունեություն ծավալում, եկել է քաղաքապետարան, դիմել հողամաս տրամադրելու համար։ Մենք պատրաստակամ ենք հողամաս տրամադրելու, որովհետև ռեալ տեսնում ենք իր գործը, մինչև 2000 աշխատատեղ է ուզում ստեղծել։

Մենք հակված ենք Անի և Մուշ թաղամասերի միջակայքն օգտագործել, այն խիտ բնակեցված է, մարդկանց հարմար կլինի այդտեղից աշխատանքի գալ։

Փորձում ենք նաև Գյումրիի հետ քույր քաղաքներին ընդգրկել աշխատատեղերի ստեղծման գործում, բավական շատ քույր քաղաքներ ունենք, մոտ 20, սկսել եմ իրենց հետ ևս բանակցել։ Գյումրու առաջնային խնդիրը ես համարում եմ աշխատատեղերի ստեղծումը, գյումրեցին չպիտի լքի քաղաքը, չպիտի թողնի գնա արտագնա աշխատանքի, հետո էլ ընտանիքին տեղափոխի ու փաստացի արտագաղթ տեղի ունենա։

Մնացած հարցերը լուծելի են՝ մի քիչ ավել, մի քիչ պակաս, կստացվեն, հիմա միայն աշխատատեղերի ստեղծումն է կարևոր, հենց գալիս են, դեսպան կլինի, թե գործարար, առաջին հարցը դա է, որի շուրջ խոսում եմ։

Մենք էլ մեր մասնակցություն կունենանք, եթե շահագրգիռ ներդրողներ գան, նայողի դերում չենք լինի, ինչու չէ կդիմենք կառավարությանը, կասենք, որ այս ընկերությունն այսպիսի ծրագիր ունի, եկեք արտոնություն տանք, օգնենք, թող մարդը նպատակարհամար գտնի Գյումրիում ներդրումներ կատարել, ոչ թե այլ համայնքներում», -ասաց Վարդգես Սամսոնյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Տիգրան Գասաբյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930