Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես 4 անգամ պատվաստվել եմ եւ ջերմության տատանումներ չեմ ունեցել, դա նշանակում է՝ վակցինաները չե՞ն աշխատել». Անդրանիկ Քոչարյան

Նոյեմբեր 30,2021 23:30

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին»  օրենքում լրացում կատարելու նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հարցրեց, թե զինծառայողների պատվաստումն ինչ կարգով է իրականացվում: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հավելեց, որ մինչեւ հիմա չունեն հայկական բանակում պատվաստումների վերաբերյալ որեւէ տեղեկություն:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կիսվեց մի տեղեկատվությամբ. «Զորակոչիկների 30 տոկոսը հակամարմիններ ունեն, նշանակում է՝ իրենք հիվանդացել եւ առողջացել են: Սա՝ մեկուկես տարի առաջվա պատկերն է, այն ժամանակ չկար դեռ պատվաստում»:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որը ներկա էր նիստին, ասաց, որ պատվաստումներից հետո որոշ քաղաքացիների մոտ լինում է ջերմություն, ձեռքի ցավ, ինչը նշանակում է, որ տվյալ պատվաստանյութերն աշխատում են: Իսկ թվաքանակ չի կարող ասել:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը անհանգստացավ. «Ես 4 անգամ պատվաստվել եմ եւ ջերմության տատանումներ չեմ ունեցել, դա ի՞նչ է, նշանակում է, որ վակցինաները չե՞ն աշխատել»: Նախարարը փարատեց. «Ամենեւին, դա օրգանիզմի ինդիվիդուալ՝ անհատական ռեակցիա է: Հիմնականում արտահայտումները լինում են բնակչության 15-20%-ի մոտ»: Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ պատվաստվելուց առաջ էլ չի վարակվել. «Երեւի իմ օրգանիզմը պատրաստ է»: Նախարարը արձագանքեց՝ ուրախ եմ ձեզ համար:

Ավելի ուշ լրագրողները Քոչարյանին հարցրեցին՝ այդ ինչպե՞ս է 4 անգամ պատվաստվել: Նա էլ բացատրեց, որ դա արել է՝ քաղաքացիներին ցույց տալու, որ պատվաստանյութերն անվնաս են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930