Լրահոս
Օրվա լրահոսը

Գործատուն իրավունք է ստանում աշխատակցին չթույլատրել ներկայանալու աշխատանքի վայր, եթե վերջինս չի ներկայացնում կամ պատվաստման, կամ ՊՇՌ թեստավորման տեղեկանքները

Նոյեմբեր 30,2021 23:13

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 30-ին Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ գումարել է հերթական նիստը: Հանձնաժողովը քննարկել է ««ՀՀ աշխատանքային օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշել է, որ փոփոխությունները միտված են աշխատողների առողջ եւ անվտանգ աշխատանքային միջավայր ապահովելուն: Ըստ նրա՝ գործատուն իրավունք է ստանում աշխատակցին  չթույլատրել ներկայանալու աշխատանքի վայր, եթե վերջինս չի ներկայացնում կամ պատվաստման, կամ ՊՇՌ թեստավորման մասին տեղեկանքները:

Աշխատանքի ներկայանալ չթույլատրելու հետեւանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատանքային պայմանագիրը:

Կարգավորումները տարածվելու են հանրային ծառայությունն ընդգրկող պետական ծառայության, համայնքային ծառայության եւ հանրային պաշտոնների վրա: Կան նաեւ բացառություններ:

Օրինագծի վերաբերյալ հնչել են տարբեր տեսակետներ: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների կարծիքով՝ փոփոխությունները կրում են պատժիչ բնույթ, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները գտնում են, որ դրանք կարգավորող բնույթի են:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, կարեւորելով նախագծի ընդունման անհրաժեշտությունը, նշել է, որ պետությունը քաղաքացիներին տալիս է երկու հնարավորություն՝ կամ անվճար պատվաստվել, կամ վճարովի թեստ հանձնել: Օրինագիծը կարգավորումներ է սահմանում այն դեպքերի համար, երբ աշխատողը ո՛չ պատվաստվել է եւ ո՛չ էլ թեստ է հանձնել:

Օրենսդրական փաթեթը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930