«Մենք ունենք իշխանություն, որը բավականին զատված է պետություն հասկացությունից: Այս առումով մենք բոլորս մեզ պետք է զգանք պետության, պետականության պահպանման ու պաշտպանման պատասխանատու սուբյեկտ: Ինչ էլ անենք՝ միավորվում ենք, թե գաղափարը գտնում ենք, կա հող, որի վրա մենք պետք է ամուր կանգնած լինենք»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասել է առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Նա նաեւ կոչով դիմել է գերեվարվածների այն ծնողներին, որոնց պատկերացմամբ այդ հարցին անդրադառնալը խնդրի քաղաքականացում է:
«Նախ եւ առաջ ցանկանում եմ, որ օր առաջ բոլոր գերի տղաները վերադառնան: Դա այն է, ինչով զբաղվել եմ 30 տարի եւ բավականին հաջողություններ ունեցել ենք: Բայց պետք է ասեմ. սիրելի ծնողներ, ձեր տղաների հարցը քաղաքականացված է ի սկզբանե, այն պահից, երբ որ այս իշխանությունների թեթեւ ձեռքով տարածքներ են հանձնվել թուրքին տղաների՝ ձեր որդիների հետ միասին, որոնք դեռ մարտնչում էին: Եվ այսօր եւս անմաքուր քաղաքական կամ իշխանական առեւտրի առարկա են: Հազար ներողություն, որ ես այդ բանաձեւերն եմ օգտագործում: Ես տարիներ շարունակ ծայրահեղ դիվանագիտական լեզուն եմ օգտագործել: Բայց արի ու տես, որ դա չի հասել ծնողներին: Այս առումով է, որ կրկնում եմ. տղաների հարցը, որոնց հանձնել են տարածքների հետ միասին, որոնց հրամայել են չկրակել, իշխանավորներն են, որ քաղաքականացրել են: Որեւէ մի գերու վերադարձից հետո, ինչը ես հասկանում եմ՝ շատ ուրախալի բան է, միշտ այս իշխանությունների կողմից հանցագործություն է կանգնած: Կամ դա քարտեզների հանձնումն է, կամ ինչ-ինչ խոստումներ, որոնց մասին մենք իմանում ենք բավականին ուշ: Սրանք միջազգային իրավական տեսանկյունից հանցագործություններ են, որոնք շարունակաբար գործում է Ադրբեջանը: Ինչու է նա գործում, որովհետեւ անպատիժ է մնում: Ինչու է անպատիժ մնում, որովհետեւ Հայաստանը մինչեւ հիմա հստակ չի ձեւակերպել իր դիրքորոշումը այդ մի փունջ միջազգային հանցագործությունների նկատմամբ»,- հայտարարել է իրավապաշտպանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ