ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց ՔՊ պատգամավորների հեղինակած «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով չնույնականացված աղբյուրների, ֆեյքերի լուրերը արտատպելու դեպքում՝ ԶԼՄ-ն ինքն է լինելու պատասխանատու: Բացի այդ, պետական մարմիններում չեն կարող գրանցվել ԶԼՄ-ներ, որոնք չեն հրապարակում տարեկան ֆինանսական հաշվետվություն եւ կամ չունեն նույնականացում, այդ ԶԼՄ-ն տնօրինողի, սեփականատիրոջ մասին որեւէ տեղեկություն չկա:
Նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ քննարկումներից, փորձագետների, արդարադատության նախարարության դիտարկումներից հետո նախագծի նախնական տարբերակը փոխվել է, բայց առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում միայն տեխնիկական փոփոխություն է կատարվել:
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ասաց, որ այս նախագիծը կեղծ տեղեկությունների տարածումը կանխելու միայն մի քայլ է, կառավարությունը նոր փոփոխություններ է նախատեսում, որը կլինի մեդիաոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո. «Լրատվամիջոցների թափանցիկությունից չի կարելի խուսափել, այստեղ որեւէ մեկը չի վիճում, ուղղակի հարց է՝ այդ թափանցիկությունը չունենալը ի՞նչ հետեւանքներ է առաջացնելու»:
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նախարարին ասաց, որ այս փոփոխությունները իբրեւ խոսքի ազատության ձեռքբերում է ներկայացնում. «Լրատվամիջոցների հետ այսօր պետք է շատ նուրբ աշխատել, նյարդավիրաբույժի պես: Օրենքի նախագծի ողջ ընթացակարգում արձանագրեցինք, որ ժողովրդավարությունը, երկխոսությունը շրջանցելով, փնթի է եղել»:
Կարեն Անդրեասյանը հակադարձեց՝ ասելով, որ այս նախագիծը բավական դրական է գնահատվել նախարարության փորձագետների եւ անձամբ իր կողմից. «Անանուն աղբյուրից տարածվող կեղծ տեղեկատվության դեմ պայքարը չափազանց կարեւոր է մեր երկրի ժողովրդավարության, նաեւ ԶԼՄ-ների հեղինակության բարձրացման համար, ինչը կարեւոր է նաեւ մեզ համար: Այս գործընթացը շատ թափանցիկ է, ոչ մի բանով փնթի կամ վատը չէ նախկին տարիների գործընթացից, ավելի թափանցիկ է, մասնակցային: Ստացել ենք լավ արդյունք»:
Լիլիթ Գալստյանի դիտարկմամբ, իրավական որոշակիության իմաստով խոցելի է այն ձեւակերպումը, որ «լրագրողի հավատարմագրման մերժման եւ դադարեցման այլ հիմքերը կարող են սահմանվել համապատասխան պետական մարմնում». «Սա կամայականության դաշտ է տանում: Սիրելի եւ ոչ սիրելի, քիմքին հաճո եւ ոչ հաճո լրատվամիջոցների ընտրության ենք տանում»:
Որքան էլ որ անանուն աղբյուրների տեղեկատվությունից տուժում են, այնուամենայնիվ Լիլիթ Գալստյանը հորդորեց «օճառաջրի հետ նաեւ երեխային չնետել» ու լրագրողներին տալ հնարավորություն իրենց խոհեմության շրջանակներում որոշելու, թե այս կամ այն աղբյուրը որքանով է արժանահավատ: «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ազատել ԶԼՄ-ին պատասխանատվությունից, եթե բավարար ջանք է գործադրվել անանուն աղբյուրի բացահայտման ուղղությամբ: Այս առաջարկը մերժվեց:
Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ այդ դեպքում ոչ մի հարց չի լուծվի, լրագրողը, երբ գա պատասխանատվության պահը, կասի՝ ջանք եմ գործադրել, չեմ պարզել. «Դուք էլի մեզ կմեղադրեք, որ մեր ֆեյքերի բանակները ձեզ են գրոհում, մենք ձեզ կմեղադրենք»:
Կարեն Անդրեասյանն էլ հավելեց. «Մենք ունեցել ենք փորձ, երբ լրագրողի անվան տակ արել են տեղեկատվական ահաբեկչություն: Որպեսզի այդ ահաբեկչությունը տեղի չունենա՝ պաշտպանվելով իբր անանուն աղբյուրին հղմամբ, այս օրենսդրական նախաձեռնությունը դուրս է բերում այդ հնարավորությունը: Սա բարեխիղճ լրագրողի հետ որեւէ առնչություն չունեցող կարգավորում է»:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ նաեւ երկրորդ ընթերցմամբ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ