Խորհրդարանում հյուրընկալվել է ՖՄԿ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը
Նոյեմբերի 30-ին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արման Եղոյանը եւ պատվիրակության անդամները հանդիպել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Էրիկ Պոպի հետ:
Ողջունելով հյուրին` Արման Եղոյանը շնորհավորել է Էրիկ Պոպին տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կառույցում հայկական պատվիրակության ղեկավարի խոսքով` Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ակտիվ անդամներից է:
Հայ խորհրդարանականները խոսել են Արցախյան երկրորդ պատերազմի եւ դրա հետեւանքների մասին, ներկայացրել տարածաշրջանում առկա իրավիճակը: Նշվել է, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում հակառակորդը խախտել է միջազգային մարդասիրական իրավունքի գրեթե բոլոր նորմերը` դիտավորյալ ռմբակոծելով քաղաքացիական եւ կրոնական կառույցներ: Արման Եղոյանի խոսքով` ՖՄԿ-ն առաջամարտիկ է մարդու իրավունքների պաշտպանության գործում: «Կարծում եմ, որ քաղաքական նպատակահարմարությունները չպետք է ստորադասվեն այս մեծ առաքելությանը»,- ընդգծել է պատգամավորը` հույս հայտնելով, որ Էրիկ Պոպի նշանակմամբ էականորեն կփոխվեն վերոնշյալ հարցերի վերաբերյալ մոտեցումները` հօգուտ արդարության եւ միջազգային իրավունքի:
Կարդացեք նաև
Օրենսդիրներն անդրադարձել են նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցին եւ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը:
Արման Եղոյանն ընդգծել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության եւ մասնավորապես Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ցուցաբերած շահագրգիռ կեցվածքը 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո:
Էրիկ Պոպը բարձր է գնահատել Ֆրանկոֆոնիայում Հայաստանի յուրահատուկ դերակատարությունը: Նա նշել է, որ Հայաստանը` որպես տարածաշրջանում ֆրանսախոս երկիր, իրենց համար առանցքային նշանակություն ունի:
Հյուրը նշել է, որ ՖՄԿ-ի գործունեության առաջնահերթություններից է զանգվածային լրատվությունը ազատության գաղափարախոսությունը եւ խոսել այդ ոլորտում իրենց նախաձեռնությունների մասին: Դրանք միտված են երիտասարդ լրագրողներին ոլորտում գործունեություն ծավալելու հարցում նոր հնարավորություններ ընձեռելուն:
Զրուցակիցները ֆրանսերենի տարածման հարցում ընդգծել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի կարեւոր դերակատարությունը:
ՀՀ ազգային ժողով