Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական մշակութային ժառանգության հանդեպ մեր հարեւանների ոտնձգությունները շարունակվում են (տեսանյութ)

Նոյեմբեր 30,2021 20:00

«Առավոտը» օրեր առաջ անդրադարձել է Արցախի մշակութային գանձերից մեկի՝ Մեծառանից Հակոբավանքի վերականգնման ծրագրին:

Ինչպես ներկայացրել էինք՝ վերականգնումն իրականացվելու է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) կողմից: Արցախում գտնվելու ընթացքում հիմնադրամի փոխտնօրեն Աշոտ Հակոբյանի հետ զրուցեցինք հայկական մշակութային ժառանգության հանդեպ տարբեր ոտնձգությունների մասին:

«Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով հայկական մշակութային ժառանգությանը՝ Հայաստանից դուրս, ՀՃՈՒՀ փոխտնօրենը նկատեց, որ մեր չորս հարեւաններից միայն Իրանն է, որ իր տարածքում գտնվող հայկական մշակութային օբյեկտների հանդեպ ոչ միայն թշնամաբար չի տրամադրված, այլեւ հակառակը՝ պահպանում է եւ երբեք հավակնություններ չի հայտնել դրանք յուրացնելու:

Իսկ ահա մյուս երեք հարեւանները դարեր շարունակ փորձել են կամ ոչնչացնել, կամ յուրացնել հայերի կառուցած եկեղեցիները, այլ մշակութային օջախները:

Պարոն Հակոբյանը նկատում է. «Թուրքիան 1915 թվականից այս կողմ համատարած ոչնչացնում էր իր տարածքում եղած հայ մշակութային, մանավանդ՝ քրիստոնեական ժառանգությունը՝ եկեղեցիները, վանքերը, մատուռները, գերեզմանոցները, խաչքարերը… Արեւմտյան Հայաստանում այսօր պահպանվել է հայ մշակութային ժառանգության լավագույն դեպքում մի 10-20 տոկոսը՝ իր լավ ու վատ տեսքով, այսինքն՝ վթարային, ավերակ, ջնջված՝ զուտ հիմքերը մնացած… այս բոլորն իրար հետ հազիվ այդքանը մնացած լինի»:

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այդ երկիրը ոչ թե ֆիզիկապես է ոչնչացնում հայկական մշակութային օջախները, այլ վերացնում է դրանց պատկանելությունը, ինքնությունը ցուցանող դրվագները: «Վրաստանը ոչ թե քանդում է եկեղեցիները, այլ՝ յուրացնում է: Վերացնում է հայկական հետքը՝ խաչքարեր, արձագանագրություններ, վեմ եւ մկրտության ավազան: Հայերեն արձանագրությունները պոկում, քերում են, տաշում, ջնջում են, խաչքարերը հանում են, ոչնչացնում են,  եկեղեցու վեմը քանդում իջեցնում են, մկրտության ավազանները քանդում հանում են: Այս չորս խնդիրները լուծելով՝ մեր եկեղեցիները «դարձնում են» վրացական: Համատարած է էս երեւույթը Վրաստանում: Նաեւ՝  հորինում են լեգենդներ, կեղծ գիտական վարկածներ, իբր դրանք եղել են վրացիների կառուցած շինություններ, եւ կառուցողները եղել են «գրիգորյան վրացիներ»: Թե դա ի՞նչ է՝ պարզ չէ, նոր վարկած է»,-ներկայացնում է Աշոտ Հակոբյանը:

Իսկ ահա Ադրբեջանը հայ մշակութային ժառանգությունը վերացնում է ե՛ւ թուրքական ձեռագրով, ե՛ւ վրացական: Որտեղ որ հնարավոր է, եւ կարող է՝ պարզապես ոչնչացնում է, որտեղ որ չի կարող ֆիզիկապես ոչնչացնել, փորձում է յուրացնել: «Մի կողմից ավերումներ, օրինակ՝ Նախիջեւանի շրջանում այսօր ոչ մի հայկական հուշարձան չի պահպանվել՝ համատարած ոչնչացված են հայկական եկեղեցիները, վանքերը, գերեզմանոցները: Բացի Նախիջեւանից՝ նույն վիճակն է նաեւ Հյուսիսային Արցախում, բուն Աղվանքում, Բաքվում , Գանձակում… Գանձակի գերեզմանոցը համատարած քանդել ավիրել են, Բաքվի գերեզմանոցը համատարած ավիրել են, էսօր տեղում կամ զբոսայգի է, կամ սեփական տներ են կառուցել: Հյուսիսային Արցախում շատ եկեղեցիներ ունենք, որ մինչեւ էսօր շարունակում են քանդել: Մյուս կողմից էլ այլ բան են անում՝ «ալբանացնում», «աղվանացնում են» մեր ժառանգությունը: Սա իրենց հակահայկական մշակութային քաղաքականության դրսեւորումներից մեկն է»,- նկատում է ՀՃՈւՀ-ի փոխտնօրենը:

Պարոն Հակոբյանն անդրադարձավ հատկապես Դադիվանքի շուրջ այսօր Ադրբեջանի կողմից հյուսվող լեգենդին: «Դադիվանքը 2020թ. պատերազմի արդյունքում, շնորհիվ այն բանի, որ Վեհափառը միջնորդեց Ռուսաստանի կողմի աջակցությամբ, անցավ ռուս խաղաղապահների հսկողության տակ: Թե չէ, գտնվում էր Քարվաճառի շրջանում, եւ քաղաքական այս իրավիճակից ելնելով, երբ 2020թ. նոյեմբերի 25-ին իմացանք, որ հանձնում ենք Քարվաճառը, Դադիվանքը կանցներ Ադրբեջանին, բայց Վեհափառը միջնորդեց եւ Դադիվանքն անցավ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ: Եվ երբ Ադրբեջանը տեսավ, որ Դադիվանքը չի անցնում իր ձեռքի տակ, միանգամից հնարեց քրիստոնյա ուդիների կողմից կառուցված լինելու վարկածը: Քրիստոնյա ուդիները՝ ուդիները բուն Աղվանքի բնիկ ժողովուրդներից են, ինչպես վրացիները՝ Վրաստանում, հայերը՝ Հայքում, իրենք էլ՝ բուն Աղվանքի բնիկ ժողովուրդներից են: Իրենք քրիստոնյա եղել են հենց հայ առաքելական եկեղեցու հովանու ներքո, էս թեմայով երջանկահիշատակ Սամվել Կարապետյանը պատրաստվում էր աշխատություն ստեղծել՝ խորը վերլուծություններով եւ ուսումնասիրություններով, ցավոք, ինքը չհասցրեց, կարծում եմ մի օր մենք, մեր գիտնականները կկատարեն այդ կարեւոր գործը եւ կներկայացնեն ճշմարտությունը՝ ի հակադրություն  ադրբեջանական կեղծ վարկածի: Քրիստոնյա ուդիները մինչեւ 10-րդ դարի վերջ եղել են հայ առաքելական եկեղեցուն ենթակա թեմ, եւ դրա բոլոր գրավոր ապացույցները կան: Կան նամակներ-գրագրություններ հայերեն ձեռագրով՝ ուղղված կաթողիկոսին, իրենց պաշտոնական գրավոր լեզուն եղել է հայերենը…Մայր աթոռի դիվանում պահպանված են այդ բոլոր արխիվային փաստաթղթերը: Քրիստոնյա ուդիները բնակվել են Ադրբեջանում, բուն Աղվանքի տարածքում մինչեւ արցախյան շարժումը:  1988-90 թվականներին, Ադրբեջանի տարածքում հայերի հանդեպ իրականացված ջարդերի ժամանակ տուժեցին նաեւ քրիստոնյա ուդիները: Քանի որ քրիստոնյա էին, համարվեցին հայ, ենթարկվեցին քաղաքական հալածանքների, զրկվեցին իրենց բնակավայրերից, ենթարկվեցին բռնագաղթի… Բավականին թվով քրիստոնյա ուդիներ եկան Հայաստան, բայց հետո տեղափոխվեցին Ռուսաստան: Իրական քրիստոնյա ուդիների հիմնական մասը Ադրբեջանից տեղափոխվել են 88-ին եւ դրանից հետո: Սակայն այսօր Ադրբեջանը հիշել է ուդիների թեման, քանի որ իրեն դա պետք է: Տեսնելով, որ չի կարողանում ոչնչացնել կամ իրենով անել հայ եկեղեցիներից որոշները, օրինակ՝ Դադիվանքը, հորինեց Դադիվանքի՝ ուդիական լինելու լեգենդը: Սա ակնհայտ կեղծիք է, որովհետեւ ճշմարտությունը գիտական հիմքով է ի հայտ գալիս, շատ հեշտ է բացահայտել: Մեծ Հայքը, որի կազմում եղել է Արցախը, պատմության ողջ ընթացքում եղել է հայերի բնօրրանը, եւ սա ոչ միայն մեր պատմիչներից է հայտնի, այլեւ պարսկական, շումերական, ասորական, բաբելոնյան, հռոմեական, բյուզանդական, արաբական արձանագրություններ կան այդ մասին: Աշխարհի բոլոր միջնադարյան պատմիչները փաստել են, որ հայկական լեռնաշարհը հայերի բնօրրանն է, իսկ բուն Աղվանքը, որն ուդիների բնօրրանն է, գտնվում է Քուռից այն կողմ, եղել է Մեծ Հայքին հարեւան պետություն»,-ասում է ՀՃՈւՀ-ի փոխտնօրեն Աշոտ Հակոբյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930