Հունվարի 1-ից չպատվաստված քաղաքացիները չեն կարող խանութներ մտնել, օբյեկտներում հարսանիքների, ծնունդների մասնակցել, հանրային վայրեր, «Հայփոստ» այցելել:
Այսօր լրագրողները առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին այս որոշման հետ կապված հարցրեցին՝ ասենք, մի քանի հարյուր հոգանոց հարսանիք է, ինչպե՞ս է իրականացվելու վերահսկողությունը, տնտեսվարո՞ղն է դա անելու՝ պատասխանեց, որ դա արտառոց միջոցառում չէ, բազմաթիվ երկրներ այդ կանոնակարգումները մտցրել են. «Տեխնիկական առումով լուծումները վաղուց արդեն տրված են եւ մեր հավելվածն էլ բավական լավ գործարկելի է: Այն ընդունելի է նույն կերպ, եւ մեր քաղաքացիները, օրինակ, Փարիզում սրճարանից օգտվելիս նույն կերպ հավաստում են իրենց պատվաստված լինելու հանգամանքը: Իհարկե, COVID-ը անցանկալիորեն ստեղծել է ճնշումներ թե՛ առողջապահական, թե՛ տնտեսական համակարգերի վրա, ցավոք, դա անխուսափելի է»:
Նախարարն ասաց, որ այս ջանքերը գործադրում են, որ մեր երկիրը չունենա մարդկային եւ տնտեսական կորուստներ. «Նախեւառաջ փրկենք մեր քաղաքացիների կյանքն ու առողջությունը, բայց նաեւ տնտեսությունը»:
Կարդացեք նաև
Նախարարն ասաց, որ դիմակների կրման պահանջը մնալու է, այն դեռ արդիական է, որովհետեւ նոր վտանգավոր շտամեր կան:
Օբյեկտներում վերահսկողություն իրականացնելու են տեսչական մարմինները: Լրագրողները փոխանցեցին՝ Ռեստորանների միության նախագահը հայտարարություն էր տարածել ու հորդորում էր, որ առողջապահության նախարարությունը չխառնվի իրենց գործունեությանը՝ Ավանեսյանը պատասխանեց. «Նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում անելու է հնարավորինս՝ պաշտպանելու քաղաքացիների առողջությունն ու կյանքը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ