Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը վերականգնվել է

Նոյեմբեր 30,2021 19:15

Միայն անցած տարի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը չանցկացվեց COVID-ի եւ 44-օրյա պատերազմի պատճառով:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը ասաց, որ ամեն ինչ արվում է այդ ավանդույթը վերականգնելու համար: «Լավագույն 10-յակ հասկացությունն արժե ավելին: Դրա համար կառավարությունը հատկացրել է գումար, եւ լավագույն 10-յակում ընդգրկված մարզիկները, հավաքականների գլխավոր  եւ անձնական մարզիչները, ինչպես նաեւ բժիշկները կամ մերսորդները դրամական պարգեւ կստանան: Սա աննախադեպ է: Միայն մեկ անգամ՝ 2019 թվականին, մարզիկներին գումար է տրվել, իսկ մինչեւ դա եւ անցած տարի նման բան չի եղել:

Մի փոքր փոփոխության է ենթարկվել կարգը: Նոր կարգի համաձայն, Հայաստանի լավագույն մարզիկ չի որոշվելու եւ լավագույն 10-յակում մարզիկները կշարվեն ըստ այբբենական կարգի:

Լավագույն 10-յակին որոշելու են այն մարզական լրագրողները, որոնք տարվա ընթացքում լուսաբանում են մարզական միջոցառումները: Ի դեպ, հավատարմագիրը տրվելու է ոչ թե լրագրողին, այլ լրատվամիջոցին: Ամեն մի լրատվամիջոց կունենա մեկ հավաստագիր: Դրա համար պետք է մեր նախարարության տեղեկատվական վարչությունում գրանցվել եւ ստանալ համապատասխան արտոնագիր:

Քվեարկությանը կմասնակցեն նաեւ հավաքականների գլխավոր մարզիչները: Եվ այս երկու կառույցների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում էլ  կորոշվի լավագույն 10-յակը»,-ասաց Կարեն Գիլոյանը եւ հավելեց, որ  նախորդ տարիներին մարզիկներին ընտրելու համար մտցված SMS քվեարկություն չի լինելու: «Սակայն SMS քվեարկությունը մնացել է, բայց այդ քվեարկությամբ որոշվելու է ոչ թե լավագույն 10-յակը, այլ նոր անվանակարգի՝ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի դափնեկիրը: Այս մրցանակին կարող է հավակնել երկիր մոլորակի ցանկացած երկրում ապրող, մարզվող ու այդ երկրի դրոշի ներքո հանդես եկող հայազգի մարզիկ: Մրցանակը նույնն է, սակայն պարգեւատրվելու է միայն մարզիկը»,-ասաց նա:

Aravot.am-ի հարցին, թե քվեարկությունը երբ եւ որտեղ է լինելու ու թեկնածուների ցուցակը երբ է հրապարակվելու, նախարարի տեղակալը պատասխանեց, որ քվեարկության ամենայն հավանական օրը, թերեւս, դեկտեմբերի 21-ն է եւ այն կկայանա Երեւանում: Իսկ վերջնական ցուցակը հրապարակելու համար, թերեւս պետք է սպասել աշխարհի առաջնությունում մեր ծանրորդների արդյունքներին: «Բայց մինչեւ դեկտեմբերի 21-ը մենք, այնուամենայնիվ, որոշակի վերապահումով ցանկը կհրապարակենք՝ պայմանով, որ ծանրորդների մրցելույթները էական փոփոխություն կմտցնեն այնտեղ»,-պատասխանեց նախարարի տեղակալը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930