Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիվարոյի» աշխատակիցն ու Գինեսի ռեկորդակիրը ՔՊ ցուցակում, «Զարթոնքի» ցուցակում՝ էլցանցի աշխատակիցն ու բանկի գանձապահը

Նոյեմբեր 30,2021 18:28

Թալինում դեկտեմբերի 5-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների՝ ՏԻՄ, ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանը, որը ՔՊ անդամ է:
Երկրորդ հորիզոնականում Թալինի կոմունալ ծառայության ՀՈԱԿ-ի տնօրենն է՝ Գեւորգ Գրիգորյանը: Թալին համայնքի ղեկավարի տեղակալը նույնպես ՔՊ ցուցակում է:

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Թալին համայնքում ՏԻՄ ընտրություններին առաջադրված են 4 քաղաքական ուժեր՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայք» լիբերալ կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը եւ «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը:

Այս համայնքի համար պայքարող քաղաքական ուժերից ամենամեծ ցուցակը ՔՊ-ինն է. կուսակցությունը ներկայացրել է 62 թեկնածուից բաղկացած ցանկ, որոնցից մեկի թեկնածությունը, սակայն, ԿԸՀ-ն մերժել է:

ՔՊ-ի ցուցակում են Թալինի մանկական գեղարվեստի դպրոցի տնօրենը, Թալինի մշակույթի տան մեթոդիստը, Գինեսի ռեկորդակիր, Կարմրաշենի դպրոցի ուսուցիչ Ռոմա Սահրադյանը, «Գազպրոմ Արմենիա»-ի հսկիչն ու օպերատորը, Թալինի գեղարվեստի դպրոցի ուսուցչուհի Իննա Կալյանը, եզդիաբնակ Դիան գյուղի համայնքապետը, Կադաստրի կոմիտեի աշխատակից Արտակ Մելիքյանը, Թալինի Գարեգին Ավդալյանի անվան մարզադպրոցի մարզիչը, Օթեւանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը, Թալինի քաղաքապետարանի անասնաբույժն, անգամ «Շենգավիթ» ԲԿ-ի ընդհանուր եւ լապարոսկոպիկ վիրաբույժն ու «Վիվարո» բուքմեյքերական ընկերության ներկայացուցիչը, որը նույնպես ՔՊ անդամ է:

«Զարթոնքի» ցուցակի առաջին տեղում Թալինի ԱՏՃ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մնացական Մնացականյանն է, երկրորդ հորիզոնականում Վորոշ Խաչատրյանը, որն անկուսակցական է եւ որեւէ պաշտոն չի զբաղեցնում:

Այս քաղաքական ուժի 35 հոգանոց ցուցակից մեկ թեկնածու՝ Գագիկ Վարդանյանը, որը ցուցակի 14-րդ տեղում էր, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: «Զարթոնքի» ցուցակում 2 անհատ ձեռնարկատերեր կան, 4-5 շինարար, տասը թեկնածու էլ գործազուրկ են: «Զարթոնքի» ցուցակում է նաեւ Հացաշեն համայնքի ղեկավարի տեղակալ Արամ Կիրակոսյանը, «Նարեկ» արտադրական կոոպերատիվի տնօրեն Թամարա Գեւորգյանը, Թալինի թիվ 1 միջնակարգ դպրոցի մանկավարժը, «Հանքաղբյուր» ՍՊԸ-ի բանվորը, Թալինի էլցանցի «էլ. մոնտյորը», «Հայբիզնեսբանկի» Թալինի մասնաճյուղի գանձապահը:

«Հայք» լիբերալ կուսակցության ցուցակի 3 թեկնածու ընտրություններին չեն մասնակցի: Մեկը հետ է վերցրել փաստաթղթերը, երկուսն էլ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել: Ցուցակի 41 թեկնածուների թվում են կոմբայնավար Վահան Պետրոսյանը, ձեռնարկատեր Հակոբ Տերտերյանը, ուսանող Արման Համբարձումյանը, Վերին Սասնաշեն համայնքի ղեկավարը, Դաշտադեմ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, Աշնակ գյուղի դպրոցի գրադարանավարը, Թալինի բուժկենտրոնի բուժքույր Նորվարդ Ներսիսյանը, Մեծաձորի համայնքապետարանի առաջատար մասնագետը եւ այլք: «Հայքի» ցուցակը գլխավորում է Թալինի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Կարեն Գրիգորյանը, որը կուսակցության անդամ է: Քաղաքական այս ուժի ցուցակի 20 թեկնածուները գործազուրկ են:

«Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորում է «Ղազար Սարգսյան» Ա/Ձ-ի մենեջեր, անկուսակցական Տիգրան Հարությունյանը: Դաշինքի 32 հոգանոց ցուցակի 4 թեկնածուները փոշմանել են. երկուսը հետ են վերցրել փաստաթղթերը, երկուսն էլ՝ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել: Քաղաքական այս ուժի ցուցակում 3 ուսուցչուհի կա, 1 թոշակառու, այստեղ է նաեւ Վերին Բազմաբերդի համայնքապետը, Կաթնաղբյուր համայնքի ղեկավարի տեղակալը, «Շինսերտեֆիկատ» ՍՊ-ի տեխվերահսկիչը, ԵՊՏՀ-ի գործավարը, Շղարշիկ դպրոցի գրադանավարուհին եւ այլք:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930