Լրահոս
Օրվա լրահոսը

Ելքը հստակ է՝ պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի. ՀՀ ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի ևս 3 գյուղերում

Նոյեմբեր 30,2021 18:32

Այսօր փաստահավաք աշխատանքներ ենք իրականացրել Սյունիքի մարզի Սրաշեն, Ներքին Հանդ և Ծավ գյուղերում, տեղի են ունեցել քննարկումներ բնակիչների հետ։

Վեր են հանվել Կապան-Ճակատեն ճանապարհին առանց իրավական հիմքերի, այսպես կոչված, ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողության սահմանելու և ադրբեջանական զինված ծառայողների կողմից ճանապարհը փակելու հետևանքով մարդկանց համար առաջ եկած խնդիրները, իրավունքների խախտումները։

Մասնավորապես, Ծավ գյուղում գործող հացի արտադրամասը, որն արտադրանքն իրացնում էր ինչպես հարակից գյուղերում, այնպես էլ Կապան քաղաքում, ստիպված է եղել 50%-ով կրճատել արտադրանքի ծավալները, դրա հետևանքով խնդիրներ են առաջացել նաև աշխատողների աշխատավարձերի հետ կապված։ Մեկ այլ դեպքում խնդիրներ են առաջացել ձկնաբուծության հետ կապված:

Այսինքն՝ խախտված են թե՛ տնտեսական գործարարությամբ զբաղվելու, թե՛ աշխատանքային իրավունքները, մարդիկ կրում են լուրջ տնտեսական վնասներ ադրբեջանական անօրինական արարքներով:

Առկա են նաև հրատապ բուժօգնության իրավունքի խաթարման դեպքեր․ խնդիրն էլ ավելի է սրվում այն պատճառով, որ բնակավայրերում ապրում են նաև տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ում առողջության պահպանումը, հատկապես պահանջում է հրատապ արձագանք, դեղորայքի արագ մատակարարում և անհրաժեշտության դեպքում՝ արագ հոսպիտալացում։ Թեև Շիկահողում գործում է բժշկական ամբուլատորիա, ուր կա բուժքույր և յուրաքանչյուր գյուղ էլ ունի բուժակ կամ բուժքույր, բայց բուժօգնության լուրջ հարցերը չեն կարող լուծվել. հոսպիտալացման համար մարդիկ պետք է 3-3,5 ժամ ճանապարհ անցնեն, որպեսզի Մեղրիով հասնեն Կապան:


Օրինակ՝ գյուղերից մեկում բնակիչը պետք է պարբերաբար սրտի հետազոտություն անցնի Երևանում և Կապանում՝ արյան մակարդելիության ցուցանիշների հետազոտություն, մեկ այլ դեպքում՝ աչքի հետազոտություն, բայց ճանապարհի պատճառով չեն կարողանում գնալ այլևս հետազոտությունների: Ներքին Հանդում միայնակ կենսաթոշակառու բնակիչը չի կարողանում ներկայանալ Միասնական սոցիալական ծառայություն՝ հաշմանդամություն սահմանելու գործընթաց սկսելու համար:

Կրթական իրավունքի խնդիրներ են առաջ եկել Սրաշենից Ներքին Հանդի դպրոց հաճախող երեխաների համար, իսկ Ներքին Հանդի երեխաների իրավունքներն առանց այն էլ կոպիտ ոտնահարված են, քանի որ ադրբեջանական զինված ուժերը տեղակայված են դպրոցից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Խաթարված են երեխաների լավագույն շահերը:

Ոչ ամենագնաց (թեթև մարդատար) մեքենաների համար այլընտրանքային ճանապարհի բացարձակ անանցանելիությունը դարձել է ընտանիքների բաժանման պատճառ․ օրինակ՝ Շիկահողում, Ճակատենում երիտասարդ ընտանիքներ Կապան աշխատանքի հասնելու դժվարությունների պատճառով ստիպված բնակարան են վարձակալել Կապանում՝ գյուղում թողնելով իրենց ծնողներին կամ ընտանիքի այլ տարեց անդամներին։ Սրաշենում և Ներքին Հանդում մարդիկ զրկվել են իրենց երեխաներին ու թոռնիկներին տեսնելու, ընտանիքի հետ միասին լինելու հնարավորությունից։

Բնակիչները նաև տեղեկացրել են, որ Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական զինված ծառայողների հայտնվելու պահից սկսած առաջ են եկել ինտերնետ կապի որակի և հեռախոսակապի խնդիրներ. այս հարցում այցի ընթացքում հնարավորություն է ունեցել հավաստիանալ նաև Պաշտպանի աշխատակազմը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի համար ակնհայտ է, որ իրականում, ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականություն. Սյունիքում Գորիս-Կապան ճանապարհին 2021թ. նոյեմբերի 11-ից և Կապան-Ճակատեն ճանապարհին նոյեմբերի 15-ից հայտարարված ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողությունը որևէ կապ չունի դրա նպատակների հետ:

Տեղական մարմինները, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ և ԱԱԾ Սահմանապահ զորքերի ծառայողները տեղերում միջոցներ են գործադրում մարդկանց օգնելու համար: Այս մասին նշել են նաև բնակիչները: Սահմանվել է նաև այլընտրանքային դժվարանցանելի ճանապարհով Ճակատենից Կապան տանող 1 «ՈՒԱԶ» մեքենայով երթուղի օրական 3 անգամ, ինչպես նաև օրական 1 անգամ Մեղրի տանող երթուղի:

Բայց հարցն բոլորովին այլ է: Որքան էլ, օրինակ, տեղական մարմիններն աջակցեն, դա օբյեկտիվորեն չի լուծում իրավունքների այն զանգվածային խախտումների հարցը, որ առաջ է եկել ադրբեջանական իշխանությունների, նրանց զինված ծառայողների անօրինական արարքներով (օրինակ՝ անվտանգություն, մարդկանց բնականոն կյանքի վերականգնում և այլն)։

Ուստի, ելքը հստակ է՝ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողներ մեր համայնքների հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին չպետք է լինեն, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի: Դա է ՀՀ բնակիչների իրավունքները վերականգնելու ճանապարհը:

Ոչ ոք իրավունք չունի անտեսել մարդու իրավունքների և հումանիտար խնդիրները սահմանների որոշման հետ կապված գործընթացում:

Այս մասին հատուկ զեկույցները Մարդու իրավունքների պաշտպանը կներկայացնի միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև ՀՀ մարմիններին և ՀԿ-ներին:

Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930