Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել Թագուհի Թովմասյանի այն նախագծին, որով առաջարկվում էր առաջնահերթություն տալ զինծառայողներին բուժսպասարկման ժամանակ:
Լրագրողների հետ ճեպազրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հարցին, թե արդա՞ր է, երբ վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահը պետք է ունենան անձնական բժիշկ, իսկ զինծառայողները արտահերթ չեն սպասարկվում՝ պատասխանեց. «Երկու իրար հետ կապ չունեցող հասկացությունները մի հարթության վրա եք դնում: Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել, որովհետեւ արդեն իսկ իրացված է առաջարկությունը մեր օրենքներով: Մեր զինծառայողները եւ նրանց ընտանիքի անդամները, փրկարարները, նրանց հավասարեցված քաղաքացիներն օգտվում են ամբողջական արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից: Ինչ վերաբերում է երկրի առաջին դեմքերի բժշկական օգնությանը, կարծում եմ դա շատ անհրաժեշտ եւ ճիշտ մոտեցում է, որովհետեւ երեւի չկա մի երկիր, որ տվյալ երկրի թե՛ առաջին դեմքերը, թե՛ այլ երկրներից ժամանող բարձրաստիճան հյուրերը չօգտվեն անվճար բժշկական օգնությունից: Դա շատ ընդունված, ճիշտ պրակտիկա է, դա նաեւ անվտանգության հարց է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ