«Կան պաշտոնաթող գեներալներ, կան փոխնախարարներ, որոնց ասելով՝ մենք 30 տարի օգտագործել ենք ադրբեջանական տարածք»,- «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Սև հովազներ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայր Սերոբ Գասպարյանը:
Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ Հայաստանը «օկուպանտ» է եղել. «Մի օր կգա, որ ուղիղ կասեն՝ Վազգենն (Հայաստանի նախկին վարչապետ, նախկին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, խմբ.) էր օկուպանտ: Ասելու են: Նաև նրա եղբոր («Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյան, խմբ.) ասածն է, նաև նրա եղբոր քաղաքականությունն է տանում նրան, որ իր եղբայրը օկուպանտ էր: Անգամ, եթե քո եղբայրը սխալ է եղել, եղբորդ ամբողջ աշխարհն էր ճանաչում՝ որպես զորավար, որպես սպարապետ: Հիմա այդ անունը այդքան իջեցնելը … չգիտեմ, ուղղակի անուն չկա այդպիսի մարդուն, որ այսօր դու արդարացնում ես մեկին, որը թույլ տվեց, որ քո եղբոր արձանի վրա շատ վատ բաներ անեն, պղծեն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ